Տարածաշրջան

ՄուշՍասուն

Բնույթ

Չարխափան

Բարդություն

Միջին

Հայկական պարարվեստում տարածված են չարխափան պարեր և պարերգեր, որոնցում առկա չարխափան շարժումներով կամ երգով ժողովուրդը պայքար էր մղում «չար ուժերի» դեմ: Չարխափան պարերի շարքին է դասվում նաև «Փափուռին», որը պարել են ուխտագնացությունների, ծիսական արարողությունների և հատկապես հարսանեկան ծեսերի ժամանակ։ Հայկական լեռնաշխարհում և տարբեր բնակավայրերից եկած, վերաբնակված մարդկանց ժառանգների կենցաղում կարելի է հանդիպել «Փափուռի» պարի տարբեր նմուշների, որոնք, չնայած բնույթի միանմանությանը, ունեն թե՜ նշանակալի, և թե՜ աննշան տարբերություններ:

«Փափուռի»-ին առավել բնորոշ է պատմական Հայքի կենտրոնական շրջաններին․ Տարոն աշխարհում՝ մասնավորապես Սասունում և հարակից շրջաններում տարածված պարանմուշ է, սակայն հանդիպում են նաև Վանի և Հայոց Ձորի տարբերակների։ «Փափուռի» պարի առաջին գրառողը Սրբուհի Լիսիցյանինն է, ով հավաքագրել է հինգ տարբերակ, որոնց բանասացներն են Գաբրիել Պետրոսյանը, Արշակ Բաբայանը, Հերիքնազ Հարթենյանը, Խորեն Դավթյանը և Մովսես Տեր-Հովհաննիսյանը: Լիսիցյանից հետո այս պարատեսակը հայտնաբերել են մի շարք այլ պարագետներ։

«Փափուռի»-ն շուրջպար է․ պարում են փակ շրջանով։ Սասունի տարբերակը կազմված է երկու մասերից․ 1-ին մաս՝ «չափավոր», 2-րդ մաս՝ «թռնոցի»։ Պարը գնալով արագանում է, և չափավոր պարի տրամաբանությամբ իր արագության գագաթնակետին հասնելու պահին պարագլխի ազդանշանով պարեղանակը փոխվում է, և սկսվում «թռնոցի» մասը, կամ ինչպես որոշ բանասացներ են բնորոշում՝ «Փափուռու վերվերին»:

Չափավոր կամ հանդարտ մասում պարաքայլերն ուղեկցվում են ոտնաթաթերի վրա կատարվող զսպանակներով՝ բացի հարվածներ պարունակող 5-րդ, 7-րդ և 8-րդ պարաքայլերից, որոնց ժամանակ հենարան ոտքը կատարում է ծնկածալ: Ոտնաթաթերի զսպանակային համակարգը կարելի է բանաձևել հետևյալ կերպ․ տեղաշարժ պարունակող քայլը ուղեկցվում է հենարան ոտքի վրա կատարվող  երկուական, իսկ տեղաշարժ չպարունակող պարաքայլերը՝ (կցորդ քայլ և խաղացող ոտք) մեկ մեծ զսպանակով:

«Փափուռի» անվան ստուգաբանությունը բավականին պարզ է, քանի որ նրա բովանդակությունը լիովին համընկնում է «փափառա» բառարմատի նշանակությանը և «ոտ զարնել» պարաքայլի բովանդակությանը: «Փափառա» նշանակում է՝ 1. ծեծ, 2. մանրում, փշրում, 3. խիստ պատժում, 4. հարված ֆիզիկական և բարոյական առումով, 5. աղետ, պատուհաս: