Տարածաշրջան

Հայկական լեռնաշխարհ

Բնույթ

ՀամայնքայինՊաշտամունքային

Բարդություն

Սկսնակ

«Վերվերի»-ն շուրջպար է՝ փակ շրջանով։ Ձեռքերի բռնվածքը հիմնականում եղել է ճկույթներից՝ ձեռքերը թևկախ և ճոճվող վիճակում կամ ուսերից բռնված: Այն պատկանում է «երկու գնալ, մեկ դառնալ» պարաընտանիքին։

«Վեր վերի» կամ «վեր-վեր», «վերվերուկ», նաև «թռնոցի», «թռնոկի», «թըռման», «թըռվերք», «թըռվերի», «թըռվըռուն» բառերը արտահայտում են «թռիչք» իմաստը: «Թըռ» արմատը նաև «թռչուն» բառի հիմքն է: Այստեղից է «թռչել» բայը, որը նշանակում է և՛ «թռչել», և՛ «ոստնել», և այս պատճառով «թըռնոցի» տեսակի բոլոր պարերը թռիչքային են, իսկ ոստնելով քայլելը արմատի կրկնությամբ՝ «թըռթըռել», որը կաքավի քայլվածքը նկարագրող բայ է, ինչպես նաև՝ «ոստոստել»ը: Ըստ ժողովրդական դարձվածքի՝ «վեր-վեր ընկնիլ» նշանակում է «թռչկոտել»,  «վեր թռնել», ինչպես նաև «ուրախանալ», «ուրախությունից պարել/ծափահարել», «ցնծալ» և այլն: Այսպիսի ուրախ, ցնծալի պարերի առաջնորդները այդ պատճառով է, որ կոչվել են «վերվերիչներ», որոնք իրենց բարձր թռնելու արվեստով պետք է օրինակ ծառայեին մատաղ սերնդի աճի հմայման մեջ: «Վերի-վեր խաղալ» նշանակում է ուրախությունից թռչկոտել:

«Վերվերի» պարատեսակին պատկանող պարեր գրառել են գրեթե բոլոր հայ անվանի պարագետները, սակայն առաջին գիտական նկարագրությունը պատկանում է Սրբուհի Լիսիցյանին: Այս պարերը տարածված են եղել ողջ Հայկական լեռնաշխարհում:

«Վերվերի» պարն ունի պաշտամունքային բնույթ և սկիզբ է առել տոտեմիզմից՝ թռչունի պաշտամունքի շրջանում։ Թերևս այս պաշտամունքը  առաջին հայկական հավատալիքներից է։ Թռչունների նկատմամբ պաշտամունքի հիմքում ընկած է ազգային հավատալիքն այն մասին, որ երկնքում ապրում էին հայոց աստվածները, իսկ գետնի տակ՝ անդրաշխարհում, չար ուժերը, չար ոգիները: Հետևաբար, թռչունները միակ արարածներն են, որոնք մեր մարմինը և մարմնի միջոցով հոգին, տանում են դեպի աստվածները՝ մեզ ավելի մոտեցնելով նրանց: Հայկական պարերում թռիչքներն ու ոստյուններն արտահայտել են պարողների՝ թռիչքների բարձրությամբ մոգական ազդեցություն թողնելու բույսերի, թռչունների, կենդանիների, ինչպես նաև սեփական ժառանգության աճի հանդեպ ձգտումը: Ամենաբարձր ցատկերով, թռիչքներով պարողներն ավելի էին մոտենում աստվածներին և վայելում նրանց բարեհաճությունն ու նախախնամությունը։