Ակադեմիայի նպատակն է
Ուսումնասիրել, ուսուցանել եվ հանրայնացնել ավանդական երգերն ու պարերը
«Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամը (ԱԵՊԱ) հիմնադրվել է 2015թ.
«Այբ» կրթական հիմնադրամի և հայ անվանի պարագետ, բանահավաք, հասարակական գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի կողմից։
Հիմնադրամի առաքելությունն է ազգային երգերի ու պարերի հավաքագրման, ուսումնասիրման, ուսուցման, բեմական ներկայացման և հանրայնացման միջոցով դրանք վերադարձնել կենցաղ, դարձնել հայ ժողովրդի կենդանի մշակույթի մաս, որի կրողը դառնալու է յուրաքանչյուր ոք, նպաստել ազգային ինքնագիտակցության զարգացմանը։
Իր գործունեության ողջ ընթացքում ԱԵՊԱ-ն հսկայածավալ աշխատանքներ է իրականացրել և շոշափելի արդյունքներ է գրանցել մի քանի ուղղություններով։ ԱԵՊԱ-ն նոր թափով շարունակում է իր գործունեությունն՝ իր առջև դնելով մի շարք հավակնոտ նպատակներ․
- «Ազգային երգ ու պար» առարկայի ներդրում դպրոցներում
- Պարք բանակաց
- Հայ ավանդական մշակույթի ուսումնասիրության և հետազոտման «Կարին» գիտական կենտրոն
- Ավանդական մշակույթի դպրոց
- Մագիստրոսական ծրագիր
- Ամենամյա փառատոնի կազմակերպում
Հիմնադրման օրվանից սկսած՝ «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամը համառորեն, անկախ դժվարություններից, լուծել է և շարունակում է լուծել իր առաջ դրված խնդիրները՝ միտք ունենալով իր գործունեության ողջ ծավալով նպաստել հայ ավանդական մշակույթի պահպանման և հանրահռչակման գործին։ Այդ ուղղությամբ շուրջ 10 տարվա ընթացքում իրականացվող աշխատանքները ներառում են ամբողջ ներուժի օգտագործումը․ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի անդամների կողմից ամեն տարի իրականացվել են հարյուրավոր ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումներ և քննություններ, մատուցվող նյութի տեսական և գործնական մասերի գիտահանրամատչելի վերլուծություն, դասավանդման հատուկ մեթոդաբանությունների մշակում, ուսուցում և այլն․․․