2021թ․ սկսած՝ կենտրոնը նոր թափ առավ «Այբ» դպրոցի հետ համագործակցության արդյունքում, երբ ստեղծվեց դպրոցի նախագծային ուսումնառության շրջանակներում գործող «Կաքավագիր» ակումբը, որը համալրել էին 11-12-րդ դասարանների աշակերտները։ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ ակումբի անդամները զբաղվում էին հայ ավանդական պարերի ուսումնասիրությամբ և գործնականում կիրառում Ս․ Լիսիցյանի «կինետոգրաֆիա» համակարգը։ Այս ակումբի գործունեության արդյունքը հանդիսացավ 2022թ․ Գ․Գինոսյանի ղեկավարությամբ հրատարակված «պարագրաֆ»-ը, որը, «կինետոգրաֆիա»-ի պարզեցված և կատարելագործված տարբերակի՝ «կաքավագիր» եղանակի ուսուցողական ձեռնարկն է, և 2023թ․ հրատարակված «պարահեն ինքնություն» ուսումնասիրությունների ժողովածուն, որում քննարկվում են հին հայկական կենցաղի դրսևորումներից, տարածաշրջանային և բնակլիմայական պայմաններից կախված ավանդական պարերի առաջացման եղանակները՝ Կարնո շրջանի 10 պարերի օրինակով, որոնց, կաքավագիր եղանակով կատարված գրանցումները, նույնպես ներկայացված են ժողովածուի մեջ։
Այս ամենի արդյունքում ստեղծված արդեն գիտահանրամատչելի տեղեկությունները ոչ միյայն շուրջ 50 տարվա թմբիրից դուրս բերեցին և վերստին գործածության մեջ դրեցին Ս․Լիսիցյանի ստեղծած արժքավոր համակարգը, երկարատև դադարից հետո գրի առնելով 10 հայկական ավանդական պարանմուշ, այլև, ծառայելով գիտական կենտրոնի հիմնական գաղափարախոսությանը, դրանք վերադարձրին ժողովրդին՝ Երևանում («Նարեկացի արվեստի միություն»-ում), և Գյումրիում («Հոկտեմբեր» կինոթատրոնում) աշխատանքի արդյունքները ամփոփող երկու դասախոսությունների տեսքով, որոնք կրում էին «Պարի պատարագ» խորագիրը։
Սրանից զատ՝ «Կարին» գիտական կենտրոնը «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամի հետ համագործակցությամբ ձեռնամուխ եղավ Հայաստանի հանրակրթական դպրոցներում հիմնադրամի ջանքերով ներդրված «Ազգային երգ ու պար» առարկայի դպրոցական ծրագիրը կազմելուն և արդեն եղած նյութերը թարմացնելուն, ինչպես նաև առարկայի ուսուցիչների համար ուսուցչամեթոդական ձեռնարկ պատրաստելուն։
Այս աշխատանքները կրթամշակութային հիմնադրամի համահիմնադիր Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ իրականացվում էին գիտական կենտրոնի անդամների կողմից։