մեր մշակույթի մի մասնիկը
«Անդոկ» ավանդական պարի խումբ
Ի՞նչ է Անդոկը
Երբ սիրտդ բաբախում է ազգիդ նվագի տակ, երբ ոտքդ զարկվում է հայրենի հողի վրա ու հոգիդ երգում է անցյալի ու ապագայի մասին, հասկանում ես, որ Անդոկ ավանդական երգի և պարի խումբը պարզապես խումբ չէ. այն շարժում է, կամք ու պայքար, որ տանում է դեպի ազգային ինքնության նոր վերածնունդ։
ինքնության բացահայտում է
Հիմնում
2015 թվականի սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության տարեդարձի օրը, ծնվեց մի փոքրիկ, բայց լույսով լի երազանք։ Սկզբում ընդամենը հինգ հոգի էին, բայց հավատն ու սերը դեպի մեր մշակույթը նրանց հետ տարավ, նրանց մեծացրեց, վերածեց մի մեծ ու հզոր ընտանիքի։
2017 թվականը դարձավ բեկումնային. Հայու պայքար խորագրով առաջին մենահամերգը թնդաց Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում՝ արթնացնելով արյան կանչը, ազգային շունչը։ Նույն տարում խումբը հանդես եկավ նաև Լեոնիդ Ազգալդյանի 75-ամյակին նվիրված մենահամերգով՝ հիշեցնելով, որ հայրենիքի համար ապրելն ու մեռնելը նույնքան սուրբ են, որքան նրա երգն ու պարը։
Չարենցավանը՝ խմբի հայրենիքը, երեք անգամ դարձել է Անդոկի հպարտության ու պարի կենտրոնը՝ մեծ մենահամերգներով։ 2024 թվականի ապրիլին խումբը կրկին նոր շունչ տվեց 2017 թվականի համերգին՝ ապացուցելով, որ պայքարը չի ավարտվել, այն շարունակվում է, քանի դեռ հայրենի հողում հայ ոգին կենդանի է։
2020-ից երգն էլ միացավ պայքարին և երգի դասերը դարձան նույնքան կարևոր, որքան պարը։ Իսկ 2022-ին, երբ բացվեց Անդոկ մշակույթի կենտրոնը, ազգագրական մշակույթը վերածվեց ոչ միայն արվեստի, այլև կրթության՝ դառնալով տաճար՝ նվիրված ավանդական երաժշտությանն ու պարին։ Թող այն ժամանակավոր փակվեց, բայց այդ մի տարին արդեն հաղթանակ էր։
Սակայն Անդոկ-ը միայն բեմում չէ. այն նաև ճանապարհ է, Անդոկ տուրիստական գործակալության տեսքով, որն իր հետ տանում է հայ մարդուն՝ ճանաչելու իր հայրենիքը, իր լեռները, իր խաչքարերը, իր կորած ու մոռացված վանքերը։ Միայն ճանաչելով է հնարավոր սիրել և պահպանել, միայն ճանաչելով է հնարավոր մտածել և գործել ապագայի համար։
Ընդունելություն
Անդոկը բաց է բոլորի համար. տարիքային սահմանափակում չկա, քանի որ պարը սահմաններ չի ճանաչում։ Մանուկից մինչև ծեր, յուրաքանչյուրն այստեղ կարող է գտնել իր տեղը, իր շարժումն ու քայլը ազգային պարի հավերժական շղթայում։
Մենք գործում ենք Չարենցավանում, կապվել կարող եք վերևում կամ ներքևում դրված սոցիալական ցանցերի հղումներով։
Միացեք սպասման
ցուցակին
Գրանցումից հետո Ձեզ հետ կապ կհաստատեն հաջորդ կամ ընթացիկ խմբին միանալու համար։
Նախագրանցում