Գագիկ Գինոսյան
ով արարել գիտի, նրա հոգին տիեզերքից էլ անդին է
Հապա լսիր
եղի՛ր ինքնաճանաչ,
հավատա՛ թաքուն ուժերիդ,
օգնության կանչի՛ր քո ներքին մարդուն
Ծանոթանանք․․․ Ես՝ կարնեցու տոհմիկ ժառանգ,
Ազգանունս մի տոհմածառ, իսկ անունս՝ նոր գաղտնագիր,
Մնացածը ամենը թող ինքն իր համար հայտնագործի:
Մեկի համար՝ անհաս գագաթ, մյուսի համար՝ սարսափի վիհ…
Հայկական պարը
Կենսագրություն
Գագիկ Մարտիրոսի Գինոսյանը ծնվել է 1966 թ․-ի օգոստոսի 3-ին Վրաստանի ԽՍՀ, հայաշունչ Ախալցխա քաղաքում։ Գագիկ Գինոսյանը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ է, պարագետ, բանահավաք, հասարակական գործիչ, կիբեռնետիկ, արցախյան պատերազմի մասնակից:
Վաղ տարիները (1966-1985)
Հայրը՝ Մարտիրոս Գինոսյանը, մասնագիտությամբ հյուսն և կահույքագործ էր, ում նախնիները (Գինոսենց տոհմը) 1828-30-ական թթ․-ին Կարապետ Բագրատունի սրբազանի առաջնորդությամբ Արևմտյան Հայաստանի Կարին քաղաքից մի քանի կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվող Եղեգիս (Իլիջա) փոքր գյուղաքաղաքից և շրջակա հարյուրավոր գյուղերից մոտ 50 հզ. հայ գաղթել և բնակություն է հաստատել Ջավախքում։ Նախկին իլիջեցիները, այդ թվում՝ Գինոսենց տոհմը, հաստատվում են Ախալցխայի Ծուղրութ գյուղում։ Մայրը՝ Ծովինար Թորոյանը, տնային տնտեսուհի էր, ազատ ժամանակ զբաղվում էր կարուձևով։ Գագիկը նրանց 2րդ որդին էր։
1972 թ․-ին նա ընդունվում է քաղաքի միջնակարգ դպրոց, որն ավարտում է 1982 թվականին։ 1982-1983 թթ․-ին աշխատում է «Ախալցխայի Շարժական մեխանիզացված շարասյուն»-ում որպես բանվոր։ Հոր նախաձեռնությամբ նույն թվականին գալիս է Երևան և ընդունվում Հայաստանի Պոլիտեխնիկական համալսարանի «Տեխնիկական կիբեռնետիկա» ֆակուլտետի «Ավտոմատիկա և հեռուստամեխանիկա» բաժինը, որն ավարտում է 1990 թ․-ին։
Ծառայությունը (1985-1987)
Գագիկ Գինոսյանի կյանքում շրջադարձային էր 1985 թ․-ը։ Իր ծառայողական տարիների մասին այսպես է նշել հենց ինքը.
«Պիտի ասեմ, որ ամենամեծ դպրոցը բանակը եղավ, և, իրականում, շատ բան փոխեց իմ կյանքում։ Համամիտ եմ այն կարծիքին, որ յուրաքանչյուր տղամարդ պիտի այդ դպրոցն անցնի, և եթե չի անցնում, ինչ-որ բան հաստատ թերի է»։
Ռազմական կրթությունը և Արցախյան պատերազմը (1990-1996)
1990-1994 թթ․ին աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, եղել է ավագ գիտաշխատող: 1992-1994 թթ․-ին մասնակցել է Արցախյան պատերազմին «Արծիվ Մահապարտներ» գումարտակի «ԻՔՍ» գաղտնի կամավորական դասակի կազմում՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թոռան՝ Ալեքսանդր Թամանյան կրտսերի հրամանատարության ներքո։ Խոցել է հակառակորդի երկու տանկ: Հետագայում իր երկու հրամանատարները՝ Ալեքսանդր Թամանյան կրտսերը և Լեոնիդ Ազգալդյանը, պիտի դառնային Գինոսյանի գաղափարական հենասյուները։
1995-1996 թթ․-ին ավարտել է Խորհրդային Միության Մարշալ Շապոշնիկովի անվան «Վիստրել» բարձրագույն սպայական դասընթացը՝ ստանալով «Գնդի և Բրիգադի հրամանատարի» որակավորում։
Աշխատանքը
- 1990-1994 թթ․-ին աշխատել է Երևանի ֆիզիկայի ինսիտուտում։
- 1996-1999 թթ․-ին աշխատել է որպես Գյումրու «Շանթ» հեռուստառադիոընկերության երևանյան գրասենյակի տնօրեն։
- 2001-2008 թթ․-ին աշխատել է Պեյո Յավորովի անվան № 131 միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ։
- 2001-2008 թթ․-ին որպես հայ ավանդական պարի փորձագետ աշխատել է «Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի կազմում։
- 2011-2024 թթ․-ին աշխատել է «Այբ» դպրոցում՝ որպես պարուսույց։
- 2012-2024 թթ․-ին դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։
- 2013-2024 թթ․-ին Հայկական Լրատվական Ռադիոյում վարել է իր հեղինակային՝ «Հայու տեսակ» հաղորդաշարը:
- 2015-2024 թթ․-ին եղել է «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամի հոգաբարձումների խորհրդի նախագահ և ԱԵՊԱ-ի «Կարին» գիտական կենտրոնի ղեկավար:
«Ով մեր հույսը մեզնից վանում է, ազգի թիվ մեկ թշնամին ու դավաճանն է»
Մշակութային գործունեություն
Ճակատագրի բերումով հայտնվելով անվանի բանասաց, ազգային երգի մեծ նվիրյալ, ՊԳԹ Հայրիկ Մուրադյանի ղեկավարծ խմբում՝ Գագիկ Գինոսյանը սկսում է ծանոթությունը հայ ավանդական մշակույթի հետ և կատարում այն ուսումնասիրելու իր առաջին քայլերը։ Ավելի ուշ, համերգային գործունեությունը փոխարինելով բանահավաքչությամբ, նա, ուսումնասիրելով Կոմիտասի, ազգագրագետ Սրբուհի Լիսիցյանի, պարագետ Վահրամ Արիստակեսյանի ժառանգությունները, սկսում է շրջել գյուղերում՝ գրի առնելով բազմաթիվ ավանդական պարանմուշներ, երգեր, ծեսեր և ժողովրդական կենցաղի այլ դրսևորումններ։ Գագիկ Գինոսյանի կողմից գրառված պարային նմուշների քանակը հասնում է մոտավորապես 600-ի։
«Ես վախենում եմ, շատ եմ վախենում, որ հանկարծ պարը գրաբար դառնա»
Վան և Ակունք
Գագիկ Գինոսյանը 1987 թ․-ից սկսել է պարել Հայրիկ Մուրադյանի ստեղծած «Վան» ազգագրական խմբում։ 1987-2001 թվականներին «Վան» և «Ակունք» խմբերի համերգային ծրագրերի շրջանակներում մասնակցել է արտերկրյա մի շարք շրջագայությունների և դարձել 4 տարբեր միջազգային փառատոնների դափնեկիր 1996 թվականից Իտալիայի Լիկատա քաղաքում երրորդ միջազգային և Պիետրապերցիա քաղաքի փառատոններում, ինչպես նաև 1999 թ․-ին Ռումինիայի Յաշ քաղաքում հինգերորդ միջազգային «Կատալինա» և Խորվաթիայի Կառլովաց քաղաքում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանաբանի տակ անցկացվող երկրորդ միջազգային փառատոններում։
Ծովակ և Կարին
Գագիկ Գինոսյանը 2001 թվականին հիմնադրել է «Ծովակ» և «Կարին» ավանդական երգի-պարի խմբերը։
«Կարին» ավանդական երգի-պարի համույթն արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և դափնեգրերի՝ մասնակցելով մի շարք մրցույթների, փառատոնների և հեռուստանախագծերի։ Այս ամենին զուգահեռ համերգներ է ունեցել ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ արտերկրում։ 2011 թվականին «Կարին»-ը, Հայաստանը ներկայացնելով Իսպանիայում 1985 թվականից ի վեր անցկացվող ազգային պարերի 14-րդ համաշխարհային մրցույթ-փառատոնին, պարերի անվանակարգում զբաղեցրել է առաջին տեղը, իսկ երաժշտական նվագակցության անվանակարգում նվաճել է երրորդ մրցանակը, ինչի համար Հայաստանի Մշակույթի նախարարությունը Գ. Գինոսյանին «ազգային պարարվեստի զարգացման և տարածման գործում ունեցած զգալի ավանդի համար» պարգևատրվել է Հայաստանի Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով։
2012 թ․-ին «Ծովակ» մանկապատանեկան ավանդական երգի-պարի խումբը Թուրքմենստանի նախագահի կազմակերպած ավանդական պարերի մանկապատանեկան միջազգային մրցույթում արժանացել է 3-րդ մրցանակի։
2005 թ․-ից ի վեր ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը «Կարին» համույթի նախաձեռնությամբ երևանում անցկացվում են ավանդական պարերի բաց դասեր «Մեր պարերը և մենք» խորագրով, որին մասնակցում են հազարավոր մարդիկ։
Օ՜, օ՜ ՎԱՐԴԱՆՈՒՇ, քո պզտիկ բերնի պաքն անուշ
Ժառանգություն
Ազգագրության թատրոն
2006 թվականին հիմնել է «Ազգագրության թատրոն»-ը և իր ղեկավարած «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հետ բեմադրել է իր հեղինակած ներկայացումները՝ «Հայոց երգի հայրիկը» (2006թ․, 2015թ․ նվիրված Հայրիկ Մուրադյանի հոբելյաններին), «Խնկահոտ Էրգիր» (2007թ․, 2025թ․), «Վարք հայոց» (2009թ․), «Խաչ պատերազմի» (2014թ․), «Ղողանջ Հարսանեկան» (2019թ․ ներկայացում՝ նվիրված Կոմիտասի 150 ամյակին (ըստ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի))։
«Կաքավագիր» պարերի գրառման համակարգի ծրագիր
Գագիկ Գինոսյանը “Instigate” ընկերության հետ համատեղ 2013-2014 թվականներին ստեղծել է Սրբուհի Լիսիցյանի կողմից դեռևս 1940-ական թվականներին ստեղծված Կինետոգրաֆիայի (շարժումների գրառման համակարգ) «Ոստան» համակարգչային ծրագիրը։ Կաքավագրերի համակարգչային մշակումն ու գրառումն այժմ հաջողությամբ իրականացնում են ԱՅԲ դպրոցի «Կաքավագիր» նախագծային ակումբի աշակերտները։ Համակարգը նախատեսված է ցանկացած տեսակի ֆիզիկական շարժման ճշգրիտ գրանցման համար, ինչը թույլ է տալիս առավելագույն ճշտությամբ գրանցել ավանդական պարանմուշներն ու առավել մանրամասն զբաղվել դրանց ուսումնասիրությամբ։
Ստեղծագործություններ
2006 թվականին լույս է տեսել Գ. Գինոսյանի «Ողջու՜յն, տղե՛րք» գիրքը, որում ընդգրկված են հեղինակի արձակ բանաստեղծությունները, աֆորիզմները, ինչպես նաև հրապարակախոսական հոդվածներն ու նյութերը Արցախյան պատերազմի մասին, որը մինչև այօր հրտարակվել է արդեն 3 անգամ։
«Ազգային երգ ու պարի ակադեմիա»
Կարևորելով ավանդական երգերի և պարերի պահպանման, մշակման ու հանրայնացման միջոցով դրանք կենցաղ վերադարձնելը, կենդանի մշակույթի մաս դարձնելը և ազգային ինքնագիտակցության զարգացման խթանումը՝ 2015 թ․-ին «Այբ» կրթական հիմնադրամը և Գագիկ Գինոսյանը հիմնադրեցին «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամը, որն այսօր կրում է նրա անունը։
«Ազգային երգ ու պարի ակադեմիա»-ն զբաղվում է ավանդական երգերի և պարերի պահպանման, գիտական հետազոտության, հանրայնացման, կրթական ծրագրերի մշակման և պարուսուցման աշխատանքներով։
Այն ներառում է չորս հիմնական ուղղություն՝
- կրթական
- ռազմապարի
- մշակութային
- գիտական
Իր գործունեության ողջ ընթացքում ԱԵՊԱ-ն հսկայածավալ աշխատանքներ է իրականացրել և շոշափելի արդյունքներ է գրանցել մի քանի ուղղություններով․ կարևորագույններից է «Ազգային երգ ու պար» առարկայի ներդրումը հանրակրթական դպրոցներում։ 2016թ․ ԱԵՊԱ-ի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, ըստ որի՝ հիմնադրամը ճանաչվել է ոլորտի գերակա կառույց։
«Ազգային երգ ու պար» առարկան դասավանդում են տարբեր մասնագիտացումներ ունեցող ուսուցիչներ, ովքեր մասնակցում են առարկայական պարտադիր վերապատրաստումներին։ Այսօր առարկան դասավանդվում է ՀՀ հանրակրթական հարյուրավոր դպրոցներում։
«Կարին» գիտական կենտրոն
Նախկինում գրառված ազգագրական նյութերը վերականգնելու և նոր ուսումնասիրություններով հանդես գալու անհրաժեշտությունից ելնելով՝ Գագիկ Գինոսյանի նախաձեռնությամբ և գլխավորությամբ 2018 թվականին հիմնվում է հայ ավանդական մշակույթի ուսումնասիրության և հետազոտման «Կարին» գիտական կենտրոնը։ Կենտրոնի հիմքում Գ․ Գինոսյանի՝ տարիներ շարունակ կատարած բանահավաքչական աշխատանքների արդյունքում ամբարված հսկայածավալ նյութերի, ինչպես մինչ այդ հայտնի, այնպես էլ նորահայտ հայ ավանդական երգերի, պարերի, պարերգերի, ծեսերի և այլ նյութերի արխիվն է՝ մեծ քանակությամբ տեսագրված ու ձայնագրված։
Գիտական կենտրոնը նպատակ ունի ստեղծելու հայկական ավանդական պարերի հավաքածու՝ «Պարադարան», կազմակերպելու գիտաժողովներ, շարունակելու բանահավաքչական և գիտահետազոտական աշխատանքներն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։
Պարգևներ
Գագիկ Գինոսյանը տարբեր տարիների արժանացել է Հայաստանի պետական, գերատեսչական և այլ կարգի մեդալներով։
- 1997 – «Արծիվ Մահապարտներ» հուշամեդալ, Հայաստանի Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանագրով
- 1998 – ՀՀ «Արիության» մեդալ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով
- 2000 – Երիտասարդ ստեղծագործողների Ա. Իսահակյանի անվան Հանրապետական գրական մրցույթի 1-ին մրցանակ
- 2005 – «Հայաստանի երկրապահ» հուշամեդալ
- 2007 – «Արծիվ մահապարտների» միության «Վազգեն Սարգսյան» շքանշան
- 2007 – ԱՊՀ ՊՄՏԿՄ (նախկին ԴՕՍԱԱՖ) «Վաստակի համար» շքանշան
- 2008 – ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ
- 2011 – Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ
- 2011 – Հայաստանի մշակույթի նախարարության բարձրագույն ոսկե մեդալ
- 2012 – Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալ
- 2012 – «Գարեգին Նժդեհ»
- 2012 – ՀՀ ՊՆ «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ
- 2013 – «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» մեդալ
- 2015 – «Երախտագիտություն» մեդալ։