Տարածաշրջան

ԿարինՄուշՍասուն

Բնույթ

ՉարխափանՀարսանեկան

Բարդություն

Սկսնակ

Կարելի է ասել, որ «Թամզարա» պարանմուշը հանդիպում է գրեթե ողջ Հայկական լեռնաշխարհում, իսկ առավել հայտնի նմուշները տարածված են եղել  համանուն գյուղաքաղաքում, Տարոն աշխարհում, Ալաշկերտում և Կարնո գավառներում։ Կան նաև հիշատակություններ Բալուի, Խարբերդի, Սեբաստիայի և Համշենի  շրջաններում պարվող նմուշների մասին։ Պարի համանուն տարբերակների կարող ենք հանդիպել նաև տարածաշրջանի այլ ազգերի պարային մշակույթներում, ինչպես օրինակ՝ Պոնտոս-հունական «Tamzάra» կամ «Tamsάra» կոչվող պարն է։

«Թամզարա»-ն՝ որպես հայկական ազգաբնակչությամբ բնակավայրի անվանում հանդիպում է Հայկական բարձրավանդակում: Այս բնակավայրը բացի «Թամզարա» անվանումից կոչվում էր նաև «Թամարզա»/«Թումարզա»: Որոշ ուսումնասիրողների կարծիքով «Թամզարա» անվանումը ծագել է Թովմա Արծրունու անունից, որն էլ իբրև հիմնել է տվյալ բնակավայրը: Ինչպես հավաստում է Հ. Աճառյանը` պարի անվանումը կապված է տվյալ բնակավայրի անվան հետ։

Պարի երաժշտության, ինչպես նաև պարերգի երաժշտական չափը 9/8 է  (հիմնականում 9/8=2/8+2/8+2/8+3/8)։ Պարերգի/երաժշտության և պարային մեկ նախադասության հաշիվների ընդհանուր քանակը նույնն է, ինչի հետևանքով էլ պարն ու երաժշտությունը սկսվում և ավարտվում են իրար հավասար։

Պայմնավորված պարեղանակի/պարերգի առանձնահատուկ երաժշտական չափով՝ յուրաքանչյուր հատվածի վերջին հաշվին բաժին է հասնում 3/8 տևողություն, իսկ մնացած հաշիվները կատարվում են համահավասար 2/8 տևողության ընթացքում։ Պարային մեկ նախադասության ընթացքում յուրաքանչյուր պարաքայլն ուղեկցվում է մեկ ծնկածալով, իսկ հարվածները՝ մեկական զսպանակներով:

Ըստ Կոմիտասի՝ «Թամզարա»-ն հարսանեկան երգ-պար է, որտեղ գլխավոր դերը եղել է գյովընդբաշունը (գյոնդբաշի, պարբաշի, պարագլուխ) ու իր օգնականինը։ Հենց այս պարի պարագայում՝ պարագլուխը հանդիսանում էր կնքահայրը, որի կողքին անպայման կանգնում էր հարսը՝ ստանձնելով պարի օգնականի դերը: Պարն այսօր գրեթե կորցրել է իր ծիսական նշանակությունը և կատարվում է համայնքներում զանազան միջոցառումների ժամանակ:

Պարի բոլոր տարբերակներում առկա հարվածները կրում են չարխափան բնույթ, որն արտահայտվում է հարսանեկան ծեսի շրջանակներում չար ուժերի դեմ պայքարելիս։