Տարածաշրջան

ՄուշՍասուն

Բնույթ

ՌազմականՊաշտամունքային

Բարդություն

Հմուտ

Պարն առաջին անգամ գիտական ուսումնասիրության է ենթարկել պարագետ Սրբուհի Լիսիցյանը։ Բանասացները եղել են վանեցիներ Խորեն Դավթյանը, Մովսես Տեր- Հովհաննիսյանը, Մուկուչ Հովհաննիսյանը և շատախցիներ Շահեն Կուժիկյանը, Բիզմարկ Ազիզյանը և Մուրադ Հովհաննիսյանը: Հետագայում այս պարը չի վրիպել նաև մի շարք այլ պարագետների աչքից։ «Մշո խըռ»-ը պահպանվել է կենցաղում և այսօր էլ շատ սիրված ու տարածված է հատկապես սասունցիների և մշեցիների շրջանում, ինչպես նաև Թալինի և Արմավիրի տարածաշրջանների այլ գյուղերում:

«Մշո խըռ»-ը նմանություններ ունի «քոչարի» պարատեսակի հետ, հաճախ պարն անվանում են նաև «Սասնա քոչարի»: Ընդհանրությունը նախ բովանդակության մեջ է․ երկու պարատեսակներն էլ պատկերում են կենդանիների թռիչքներն ու ցատկերը: Նման են երկու պարաձևերի մեղեդիները, հիմնական շարժումների հաշիվները։ Սրբուհի Լիսիցյանի կողմից գրառված «Մշո խըռ» պարաձևի հիմնական շարժումների հաշիվը նույնպես 8 է, ինչպես և «քոչարի» պարատեսակին պատկանող մի շարք պարանմուշների շարժումներինը: Սակայն պետք է նշել, որ ներկայումս կենցաղում առավել պահպանված «Մշո խըռ» պարաձևն ունի 6 հաշիվ:

Պարի անվան, մասնավորապես «խըռ» բառի վերաբերյալ բանասացները տալիս են մի քանի մեկնաբանություն․ մի կողմից «խըռ» նշանակում է «կարմրավուն նշաններով մոխրագույն ձի», իսկ մեկ այլ մեկնաբանությամբ «խըռ» բառն ունի «սմբակների դոփյուն», «թռչկոտում» նշանակությունը: Ըստ մեկ այլ բանասացի՝ «խըռ» նշանակում է «գոտեմարտ», «հրմշտոց», «պոզահարում/խոյահարում», երբեմն հանդիպում է «ազատ բաց տարածություն», «հարթավայր», «դաշտ» բացատրությունը:

«Մշո խըռ»-ը գծային կառուցվածքով խմբապար է, դասավորությունը՝ իրար կողքի, ուս ուսի, մի շարքով: Եթե պարել ցանկացողների քանակն ավելին է՝ շարքը կիսում են «գովնդը կկտրեն», այսինքն բաժանվում են խմբերի, ինչն էլ ասես ընդգծում է «քոչարի» պարաձևի ոչ վիպերգական, այլ կերպարային, դերակատարողական բնույթը:

Մշո խըռ»-ի տարբեր պարեղանակներում պատահում են 2/4 և 4/4 երաժշտական չափերը թե՛ «ծանր», և թե՛ «թռնոցի» մասերում: Պարը հաճախ ուղեկցվում է պարերգերով, որոնցից ավանդաբար ամենատարածվածը «Համբարձման երկուշաբթի» երգն է։ Երգերի ընտրությունն ազատ է, սակայն արցախյան ազատամարտի տարիներին և դրանցի հետո առավել հաճախ հանդիպում են նաև ազգային-հայրենասիրական, ինչպես նաև քայլերգային բնույթի երգերի ուղեկցությամբ կատարումների։

Պարի ընթացքում զուգադրվում են խորը ծնկածալերը ձախ ոտքի, իսկ մանր զսպանակները՝ աջի վրա: Չնայած ընդհանուր տրամաբանությանը՝ զսպանակային համակարգը բավականին բարդ է կատարողական-տեխնիկական տեսանկյունից։