Տարածաշրջան

Վասպուրական

Բնույթ

ՉարխափանԾիսական

Բարդություն

Հմուտ

Պարը 2010թ․-ին գրառել է հայ անվանի պարագետ, բանահավաք Գագիկ Գինոսյանը Վեդու շրջանում՝ բանասաց Աբրահամ Նազոյանից։

Պարանմուշի ամբողջական անունն է «Մածուն եմ դրել վըր դարուն», սակայն, այն, մեր օրերում մուտք գործելով ավելի լայն կատարողական շրջանակներ, առավել պարզեցվել է և հաճախ գործածվում է պարզապես «Մածուն» անվամբ։ «Դար»-ը Վանի բարբառում բառացիորեն արտահայտում է «բարձր» իմաստը, այսինքն, պարի ամբողջական անվանումը կարելի է բացատրել որպես «Մածուն եմ դրել բարձր տեղ»։


Պարը կատարվում էր մերվող մածունի ամանի շուրջ։ Ամբողջ գերդաստանի համար մածունը պատրաստվում էր մեծ թակույկի, կավե ամանի, կճուճի կամ պուտուկի մեջ, որը մերանով լցնելուց հետո դնում էին որևէ բարձր տեղ՝ սպասելով մածունի հասունացմանը։ Պարում էին այն հավատամքով, որ իրենց դրական լիցքերն են փոխանցում ապագա ուտեստին՝ հույս ունենալով կանխել մածունի հավանական «կտրվելը»։ Պարը կատարվում էր բացառապես մեկ ընտանիքի կամ գերդաստանի անդամ, տարբեր տարիքային խմբերի պատկանող «գոգնոցավոր», այսինքն, ամուսնացյալ կանանց կողմից, որոնց գլխավորում էր «տան տիկինը»։  Բանն այն  է, որ, համաձայն Վանում, ինչպես նաև բազմաթիվ այլ շրջաններում տարածված ավանդույթի, «տան տիկին»-ը կամ «խաթուն»-ը համարվում էր խոհանոցի պատասխանատուն և հոգում էր ողջ գերդաստանի համար կերակուր պատրաստելու հոգսը, որից ելնելով էլ մեծ հարգանք էր վայելում բոլորի կողմից։

Ըստ երևույթին՝ պարը պատկանում է հմայական-չարխափան բնույթի պարերի շարքին, սակայն կա նաև մեկ այլ վարկած, ըստ որի, պարն իր նախնական տեսքը ստացել է ջրի պաշտամունքի հնագույն ժամանակներից և մեզ հասել արդեն փոքր-ինչ փոփոխված վիճակում։ Նշենք, որ հայտնի են մածուն մերելու գործընթացին առնչվող նաև երգային դրսևորումներ՝ ինչպիսիք են՝ «նոր եմ նոր մածուն մերել», «մածուն եմ մերել, կեսօրին կուտեմ» և այլն։

Հատկանշական է նաև պարաձևի ձեռքերի բռնվածքը, որը եզակի է մեզ հասած պարանմուշների ցանկում․ պարողները կանգնում են իրար կողքի, իրարից փոքր-ինչ հեռավորություն պահպանելով, յուրաքանչյուր անդամի աջ ձեռքը դրվում է աջ կողմում՝ պարողի ձախ ուսին թիկունքի կողմից, իսկ ձախը պահվում է ձախ կողմի հարևանի մեջքին։