Տարածաշրջան

-

Բնույթ

Պաշտամունքային

Բարդություն

Սկսնակ

«Շորոր» պարատեսակի այս յուրահատուկ նմուշը հայ մեծանուն երաժշտագետ և բանահավաք Կոմիտաս Վարդապետի (Սողոմոն Սողոմոնյան) կողմից գրանցված ութ պարերից մեկն է, որն ամենայն հավանականությամբ գրառվել է 1899 թ․-ին, իսկ 2008-ին վերականգնել և ժողովրդին է վերադարձրել պարագետ Գագիկ Գինոսյանը: Ցավոք սրտի Կոմիտասի գրառումներում չեն հայտնաբերվել կոնկրետ տեղեկություններ այս պարանմուշի տարածաշրջանային պատկանելության մասին։ 

Ըստ որոշ ուսումնասիրողների՝ «շորորվել» բառը բացի նրանից, որ աղերս ունի «օրորվել» բառի հետ, և կարելի է ասել հոմանիշներ են («օրորալ-շորորալ»), նաև դիտարկվում է որպես «սորորիկ» թռչունի անվան տառադարձային ձևափոխում, ինչը մատնանշում է այս պարատեսակի կապը թռչունների պաշտամունքի հետ, պարային շարժումների թռչնակերպ սեթևեթանքն ու դարձումների նմանակումը թռչնի քայլերին և «կաքավելը»։

Կոմիտասյան գրառումներից այս պարին համապատասխանող երաժշտական մասին կից հանդիպում ենք միակ ծանոթագրությանը․ «Գիշեր ժամանակ պար են գալիս հարսնիքներում , երբ արդէն հարսին փեսու տուն են բերել»։ Վարդապետի ծանոթագրությունը թույլ է տալիս նաև ենթադրել, որ հարսանիքի ավարտին պարին մասնակից կարող էր դառնալ հարսնառի ծեսի ողջ անձնակազմը՝ հավատարիմ մնալով հարսանեկան պարերի կատարման ավանդույթներին։

Այս պարանմուշը կատարվում է ընդհամենը մեկ մասով՝ ծանր և չափավոր արագությունների միջանկյալ տեմպում կոմիտասյան մեկնաբանությամբ և եռանդով։ Պարը հստակորեն բաժանվում է երկու հատվածի՝ «առաջ ու ետ» և «աջ ու ձախ»։

Պարն իր առաջին հատվածում քայլերն ուղղում է դեպի առաջ, ապա դեպի ետ ու ձախ միաժամանակ, որը հատվածի ավարտին մարմինը տեղափոխում է երկու քայլ դեպի ձախ։ Երկրորդ հատվածի ավարտին մարմինը վերադառնում է ելման դրություն, քանի որ աջ ու ձախ գնացող քայլերը կատարվում են նույն գծի վրա, և երկու աջ, երկու ձախ քայլերով պահպանում է սկզբնական դիրքը։