Տարածաշրջան

Կարին

Բնույթ

ՌազմականՊաշտամունքային

Բարդություն

Միջին

«Կարնո քոչարի» պարի միակ գրառումը կատարել է հայ էթնոպարագիտության հիմնադիր Սրբուհի Լիսիցյանը՝ Կարնեցի Շողակաթ Օհանյանից և Աքաբի Մանուկյանից, 20-րդ դարի 30-ական թթ-ին: Պարը լիսիսցյանական գրառւմից վերականգնել է Գագիկ Գինոսյանը 2001 թ․-ին, իսկ հանրությանը ներկայացվել «Կարին» ավանդական երգի-պարի խմբի կատարմամբ: Ըստ Լիսիցյանի՝ «քոչ» արմատը կապ ունի արու ոչխարի (ընդ որում՝ չամորձատված, չկրտած), այսինքն՝ խոյի, «գոչ», «ղոչ» և «խոչ» անվանումների հետ։

Քոչարին ռազմական բնույթի պաշտամունքային պար է, որը մեզ է հասել բնապաշտության ժամանակներից: Ոգեղեն ու առնական այս պարը նմանակում, վերարտադրում է խոյերի մենամարտի տեսարանը՝ ընդգծելով մենամարտողների, պարողների տոկունությունն ու անպարտելի ոգին:

Հիմքում ունենալով նույն գաղափարաբանությունն ու պաշտամունքային նույն դրսևորումը՝ այնուամենայնիվ, Հայկական լեռնաշխարհի տարբեր տարածաշրջաններին բնորոշ քոչարիները բավականին տարբերություններ և հետաքրքիր առանձնահատկություններ ունեն: Յուրաքանչյուր շրջանի, քաղաքի կամ գյուղի քոչարու տարբերակ որոշակի չափով տարբերվում է հարևաններից՝ արտահայտելով տեղանքի մտածելակերպի, կենցաղի, սովորույթների, բնաշխարհի և այլ յուրօրինակությունները։

«Կարնո քոչարի»-ն գծային հատակագծով խմբապար է, որը անվանի պարագետ Սրբուհի Լիսիցյանը դասում է «երկու գնալ, երկու դառանլ» պարաընտանիքին։

Այն կազմված է երեք մասից՝ ծանր (կամ դանդաղ տեմպով), չափավոր (կամ միջին արագության) և թռնոցի (կամ արագ մաս), սակայն այս փոփոխությունները կատարվում են աստիճանաբար, ողջ տևողության ընթացքում, և անցումային մասերը հստակ չեն, այինքն՝ մասից մաս անցումը կատարվում է՝ ըստ երաժշտության տեմպի աճի։ Մեղեդին արագանում է այնքան աննշան, որ ո՛չ պարեղանակի ռիթմն է փոխվում, ո՛չ էլ պարաքայլի ընդհանուր տեսքը, այն դանդաղ և խորը զսպանակներից անցնում է չափավոր արագության ապա վերածվում թռնոցու։ Առաջին՝ «երկու գնալ, երկու դառնալ» հատվածի յուրաքանչյուր պարաքայլն ուղեկցվում է երկուական զսպանակով, երկրորդ՝ բուն քոչարու կամ «խոյահարող» հատվածի չորս շարժումներից յուրաքանչյուրի ժամանակ կատարվում է մեկ խորը ծնկածալ և իրենից բխող երկու մարող զսպանակ։

Պարի սկզբնամասում պարաքայլերն ուղեկցվում են ծնկածալերով, միջին հատվածում ոտնաթաթերի վրա կատարվող զսպանակներով, իսկ ավարտին արդեն ոչ շատ բարձր թռիչքներով։