Տարածաշրջան
ՊարսկահայքԲնույթ
ՌազմականԲարդություն
ՓորձառուՆերկայացվող տարբերակը պատկանում է Պարսկահայքի Կապուտան ( հնում Ուրմիո) լճի հարևանությամբ տեղակայված հայկական շրջաններին: Հարկ է նշել, որ նույն պարի այլ տարբերակներ տարածված են եղել նաև Հայոց Ձորում և Շատախում, որոնց էլ գրառել է Ս. Լիսիցյանը։ Պարի համանուն և մինչև անգամ շարժումներում խիստ նմանություն ունեցող տարբերակներ կարող ենք հանդիպել նաև տարածաշրջանի այլ ազգերի պարային մշակույթներում ինչպիսիք են, օրինակ` ասորիները, քրդերը և եզդիները։
Այստեղ՝ պարաշարքի սկզբում, հիմնականում կանգնում էին իշխանները, կառավարիչները, իշխանություն ունեցողները և մեծ նվիրատվություններ անում՝ «շաբաշ տալիս» զուռնա և դհոլ նվագողներին, երբեմն նաև աղքատներին: Հայերը «Շեյխանի»-ն պարում էին Հայոց Ձորի, Վանի, Թիմարի, Բերկրու և այլ տարածաշրջաններում եղած վանքերի և ուխտատեղերի մոտ ուխտագնացությունների ժամանակ։ Ուրմիահայերի շրջանում առավել մեծ սեր ու ակնածանք էին վայելում Սբ․ Ստեփանոսի, և Սբ․ Թադևոսի վանքերը, ուր կատարվող ամենամյա ուխտագնացությունների ընթացքում, բոլոր տոների, խնջույքների ժամանակ և հատկապես հարսանյաց ծեսերին պարտադիր կերպով կատարվում էր «Իշխանաց պար»-ը։

Պարի անվան առավել տարածված և ժողովրդի կողմից գործածվող ձևը կոչվում է «շեյխանի» կամ «շեյխանե» (Շատախի տարբերակում նաև «շեյխանի-շիֆալանի»): «Շեխ» կամ «շեյխ» արաբերեն «sahi» բառից է (ծերունի, ցեղապետ)․ քրդերը այդպես էին անվանում իրենց հոգևոր առաջնորդներին/ցեղապետերին: Այսինքն՝ պարի անվանումը կարելի է ստուգաբանել որպես «շեյխեր»-ի պար, այսինքն, առաջնորդների, իշխանների պար՝ «իշխանաց պար»:
Պարի կատարումը պահանջում է ֆիզիկական ճարպկություն, մեծ փորձ ու հմտություններ, այդ իսկ պատճառով պարողները հիմնականում երիտասարդ և հասուն տարիքի մարդիկ էին: «Իշխանաց պար»-ն առանձնանում է իր կատարողական բարդությամբ, հպարտ և վեհ կեցվածքով և իր առանձնահատուկ դիրքն է զբաղեցնում հայկական պարարվեստում: Պարն իր բնօրինակում կազմված է մեկ մասից, որը սկսում է «ծանր» պարերին բնորոշ կերպով և գնալով արագանում է առանց ռիթմի փոփոխության, սակայն տարածված է կատարման մի ձև, որտեղ պարը հստակ բաժանվում է երկու՝ «չափավոր» և «թռնոցի» մասերի։ 2-րդ՝ ավելի արագ մասում, պարաքայլերի ոչ նշանակալի փոփոխությամբ քայլերը վերածվում են թռիչքների։ Զսպանակների համակարգը բավականին բարդ է՝ սկսած մեկ կամ երկու ծնկածալով ուղղեկցվող պարաքայլերից մինչև սահող քայլեր, ոտնաթաթերի վրա կատարվող զսպանակներ, աջ ու ձախ դարձումներ պարունակող պարաքայլեր և այլ։
Պարել են երկսեռ՝ խառը կազմով: Պարաշարքն ուղիղ առաջ տեղաշարժվելուց և ելման դիրքին վերադառնալուց հետո աջ դարձումով պարը տեղաշարժվում է դեպի աջ ապա ձախ դարձումով ուղղվում՝ վերականգնելով շարքի առաջնային տեսքը: Ընդհանուր առմամբ պարի ամբողջական տեղաշարժը դեպի աջ է։