Տարածաշրջան
ԿարինԲնույթ
ՊաշտամունքայինԲարդություն
Միջին1960-ականների սկզբին պարի մի տարբերակ գրառել է հայ անվանի պարագետ Ժենյա Խաչատրյանը Ախլցխայի շրջանի Ծուղրութ գյուղում բանասացներ Գալուստ Ինջոյանից և Ախլցխայում՝ Հայկ Վարդանյանից: Այժմ լայն տարածում գտած տարբերակը 1990-ականների վերջին գրառել է Գագիկ Գինոսյանը բանասացներ Ծուղրութ գյուղի պարուսույց Հռիփսիմե Կարապետյանից և նույն գյուղի բնակիչ՝ Արուսյակ Ինճոյանից։ Պարի բնօրրանը համարվում է Կարին քաղաքը՝ իր մոտակա շրջաններով, որտեղից տեղափոխված գաղթականների հետ այն հասել է Ախլցխա և տարածվել հարակից գյուղերում։
Պարագետ Ժ․Խաչատրյանը «էջմիածին» պարը դասում է «ետ ու առաջ» պարընտանիքին։ Պարի երեք հատվածներում էլ կատարվող բոլոր շարժումները վերջնարդյունքում վերադառնում են ելման դիրքին, ինչի պատճառով էլ պարային մեկ նախադասության ավարտին ընդհանուր տեղաշարժ տեղի չի ունենում։
«Էջմիածին» պարը իր անունը փոխառել է հայ առաքելական եկեղեցու մայր տաճարի անունից: «Էջմիածին» պարը սկիզբ է առել արևապաշտական դարաշրջանում և, անցնելով դարերի միջով, կրելով և´ կրոնական, և´ դարաշրջանային փոփոխություններ, ի վերջո ստացել է հայ առաքելական եկեղեցու գլխավոր հոգևոր խորանի, այսինքն, մայր տաճարի՝ Սբ․ Էջմիածնի անունը։ Ժամանակի ընթացքում փոփոխվել է նաև պարի խորհրդաբանությունը․ ձևափոխվել և հարմարեցվել է նոր կրոնի` քրսիտոնեության սովորույթներին։
Պարի արևապաշտական նշանակությունը հաստատվում է նրա հատվածների վերլուծությամբ։ Առաջին հատվածում պարաքայլերի շնորհիվ պարի շրջանը փակվում, շառավղով փոքրանում է, ապա նույն շարժումների հակադարձ հաջորդականությամբ կատարվելուց հետո վերադառնում է պարաշրջանի նախկին շառավղին ու տեսքին, ինչը նմանակում է արևի սկավառակին և կրում արևապաշտության խորհուրդը։ Այդ ընթացքում, երբ աջ ու առաջ քայլերով շրջանը փակվում է, պարողների մարմինները նաև խոնարհվում են, ինչի շնորհիվ ոչ միայն մեծարումի, խոնարհման ժեստ է կատարվում դեպի արևը, դեպի տիեզերքի գլխավոր լուսատուն մարդկանց համար, այլև խոնարհման ընթացքում ձեռքերը բացվում են շրջանից դուրս,և քանի որ մենք մեր մարմիններով (պարաշրջանով) գծել էինք արևի սկավառակը, խոնարհման ժամանակ ձեռքերի դեպի դուրս ուղված բացվածքը տալիս է արևի ճառագայթների տեսքը։
Երկրորդ հատվածում պարաշրջանը 6 զույգ քայլերով պտտվում է դեպի աջ, իսկ հաջորդ 6-ը վերադառնում են դեպի ձախ։ Սա կրում էր օրվա տևողության ընթացքում արևի դիրքի՝ երկնակամարում աճելու խորհուրդը հունվար ամսից մինչև հունիս։ Օրվա տևողության աճը կանգ է առնում, երբ հասնում է 6-րդ ամսվան, և համապատասխանաբար պարը կանգ է առնում, այսինքն, տեղաշարժը դեպի աջ դադարեցվում է 6֊րդ քայլի վրա, և մարմինը, որն անընդհատ խոնարհումներ էր կատարում, նույնպես կանգ է առնում ուղղահայաց դիրքով։ Ձախ գնացող 6-րդ քայլին պտույտը նորից կանգ է առնում։ Այստեղ 6 պարաքայլերը խորհրդանշում են ոչ միայն 6 ամիսները, այլ 6 կենդանակերպերի համաստեղությունները, որոնց միջով երկրագունդը պտտվում է արևի շուրջ, այդ պտույտի աջ տեղաշարժող 6 ամիս, 6 պարաքայլերի ընթացքում օրվա տևողությունը երկարում է, և հաջորդող ձախ գնացող 6 ամիս, 6 քայլերով պարաշրջանը և երկրագունդը պտտվում են, և, անցնելով մյուս 6 կենդանակերպերի համաստեղությունների միջով օրվա տևողությունը կրճատվում է մինչև դեկտեմբեր ամիս։
Երրորդ հատվածն ներկայացնում է 4 զույգ աջ ու ձախ գնացող շարժումներ, որոնք կատարվում են գրեթե տեղում։ Այս շարժումները 4 օր ու գիշերներն են, որտեղ աջ քայլը ցերեկվա խորհուրդն է, իսկ ձախ գնացողը՝ գիշերվա։ Նրանք խորհրդանշում են դեկտեմբերի 21 ից սկսած ձմեռային գիշերահավասարի 4 օրերն ու գիշերները, որոնց ընթացքում օրվա տևողությունն ամենակարճն է տարվա մեջ։ Այս պարագայում ժողովուրդն ասում է՝ «արևը գնացել է մոր մոտ», «արևը մահացել է» կամ «արևը մայր է մտել և ուր որ է արևը պիտի վերածնվի»։
Նոր հավատքի՝ քրիստոնեության շրջանում վերաիմաստավորվելով՝ պարի շարժումները ստացել են հետևյալ բովանդակությունը․ առաջին հատվածը մեկնաբանվում է որպես ընթացք դեպի խորան, իսկ պարի մեջ խոնարհումների խորհուրդը` խոնարհումներն են առ խորանին, Քրիստոսի պատկերի առջև։
Երկրորդ հատվածի 6 աջ և 6 ձախ գնացող քայլերը քրիստոնեության շրջանում մեկնաբանվում են որպես Քրիստոսի 12 առաքյալների նկատմամբ ակնածանք, իսկ խոնարհումները՝ նրանց պատկերները։
Պարի վերջին՝ երրորդ հատվածը, ըստ քրիստոնեական մեկնաբանության, խորհրդանշում է պահոց շրջանը, որը մարմնեղ և հոգևոր ժուժկալություն պահք է պահանջում, քրիստոնեական ամենակարևոր տաղավար տոնի՝ Զատկի ծեսին նախորդող շաբաթներին, երբ մարդիկ սպասում են Քրիստոսի հարությանը։ Պահքի ժամանակահատվածում հայոց եկեղեցիներում խորանները փակ են, և ծեսեր չեն կատարվում։ Այս հատվածում կատարվող համեմատաբար պասիվ շարժումները խորհրդանշում են հենց այս ժամանակաշրջանը, որից հետո պարը վերսկսվում է` խորհրդանշելով Քրիստոսի հարությունը։
Պարի առաջին և երրորդ հատվածներում կատարվող յուրաքանչյուր հաշվին բաժին է ընկնում մեկ խորը զսպանակ, իսկ երկրորդ հատվածում տեղաշարժ ապահովող ոտքի վրա կատարվում են երկու մանր, իսկ կցորդ քայլին մեկ մեծ վեր բարձրացող զսպանակներ։ Առաջին և երկրորդ հատվածներում առկա են նաև մարմնի համապատասխանաբար մեծ և փոքր խոնարհումներ։
Բանասաց Արուսյակ Ինճոյանը «էջմիածին» պարից զատ իր հիշողության ծալքերում պահպանել էր նաև պարերգային տարբերակի առաջին տողերն ու երրորդ հատվածը, ինչը փաստում է այն մասին, որ «էջմիածին»-ը պարերգ է։ Հետագայում պարերգի տեքստային մասը հարմարեցրել և ամբողջացրել է երաժշտագետ Լուսինե Նազարյանը։