Տարածաշրջան
ՄուշՍասունԲնույթ
ՌազմականԲարդություն
Փորձառու«Յարխուշտա»-ն ի սկզբանե եղել է ռազմամարզական խաղ, բայց հետագայում վերածվել ռազմապարի։ Ժամանակի ընթացքում «Յարխուշտա»-ի խաղային տարրը փոքր-ինչ նվազել է՝ տեղի տալով շարժումների պարային բնույթին: «Յարխուշտա»-ն ներկայացնում է խաղի և պարի միջանկյալ ձևը, կամ մեկից մյուսին անցնելու ընթացքը: Ռազմական այս խաղին բնորոշ են անհատների և խմբերի միջև թատերականացված մնջախաղային երկխոսությունները, մենամարտ-մրցույթը, կռվախաղը, խաղի մրցակցային ոգին, հաղթող ու պարտվող կողմերի առկայությունը: Այն այսօր էլ ժողովրդի կողմից ամենասիրված պարերից է, որը մինչ այսօր կենցաղավարում է հատկապես սասունցիների ժառանգներով բնակեցված գյուղերում, իսկ նրա արմատները խորանում են՝ հասնելով Տարոն աշխարհ։
«Յարխուշտա» բառը կարելի է մեկնաբանել տարբեր եղանակներով, սակայն թերևս ամենահավանականն այն է, որ «յարխուշտա»-ն առաջացել է «յար» և «խըշտ»/«խշտիկ» բառերի միացումից, որտեղ «յար»-ը պարսկերեն «սիրեցյալ» /կամ «ընկեր» բառի համարժեքն է, իսկ «խըշտ» նշանակում է «խըշտիկ», «կարճ նիզակ», «զենք»․ բառերի միացումից ստանում ենք «յարխուշտա», որ է ՝ «զենքի ընկեր», «զինակից»։ Սա պարի պատմությանը, բնույթին և բովանդակությանը համահունչ տիպական նկարագրություն տվող մեկնաբանություն/ստուգաբանությունն է:

Ընդհանուր պարային տեղաշարժի հիմնական դասավորությունը շրջանն է, որը պարբերաբար քանդվում է և վերադասավորվում՝ հանդիպակաց երկու ուղիղ գծի: Այդ գիծ-մարտաշարքերը մոտենում են միմյանց, կարծես հարձակվում են իրար վրա: Այնուհետ պարողները բախվում են ծափերով և հեռանում, նահանջում: Շրջան – երկու շարք – շրջան դասավորությունների այս հերթագայումը բնութագրում է պարի հիմնական կառուցվածքը և խորհրդանշում ընդմիջվող բեկումներով ընթացող տիեզերական անվերջության գաղափարը: «Յարխուշտա»-ի հիմնական պարաքայլն ընդմիջվում է հակառակորդ զույգի ծափերով և մեկ ոտքի ծունկը գետնին զարկելով: Պարաձևերը հերթագայում են մեկը մյուսին ավանդական պարին բնորոշ կարգերով, սակայն առկա է նաև ազատ իմպրովիզացիան, հատկապես շուրջպարի ժամանակ: Պարողները կարող են մինչև հաջորդ մարտաշարք ձևավորելն առանձին պտույտներ կատարել տեղում, ծափ տալ, ձեռքերն իջեցնել կամ այլ դիրքեր ընդունել: Դա պարի այն հատվածն է, երբ մարտիկները կարծես տրամադրվում են, նախապատրաստվում հարձակման, իսկ մարտը սկսվում է այն պահից, երբ մարտաշարքերը քանդվում են:
«Յարխուշտա» պարի երաժշտական չափը առավել հաճախ հանդիպում է 4/4-ի սահմնաններում: Այն սկսվում է միջին տեմպով, աստիճանաբար արագանում: Կան վկայություններ, որ հնում «Յարխուշտա»-ն կատարվել է երգի/երաժշտության ուղեկցությամբ։