Պարք Բանակաց
Հիմնում
ՀՀ զորամասերում, ՌՈւՀ-երում, և այլ ռազմական կառույցներում հայ ավանդական ռազմապարերի դասավանդման գաղափարի հեղինակը Գ. Գինոսյանն է։ Ելնելով անձնական փորձից, գաղափարական համոզմունքներից և միտք ունենալով վերականգնել ավանդական արժեքներն ու ամրապնդել ռազմիկի ասպետական մտածելակերպը հայ զինվորների մեջ՝ Գ. Գինոսյանը 2009թ. ի վեր ջանում էր ՀՀ ԶՈւ-ում ներդնել ավանդական ռազմապարերի ուսուցումը՝ որպես դասավանդվող առարկա և հայեցի դաստիարակության միջոց։
Պարը ոգի է
Ծրագիրը ստացավ «Պարք բանակաց» անվանումը, որի առերևույթ արդյունքն են 2018 թ. ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայակազմի համար, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կազմակերպված «Կարին» ավանդական երգի-պարի խմբի համերգ-ցուցադրությունը, նույն թվականին Սարդարապատի ՀԱԱՊՊ ազգային թանգարանում տեղի ունեցած համերգ-շնորհանդեսը, որի ժամանակ, հանրությանը ներկայացվեց Գ. Գինոսյանի կազմած «Պարք բանակաց» գիրքը, որն իր մեջ ամփոփում է հայկական ավանդական 15 ռազմապարերի մանրամասն նկարագրություն և մի քանի հոդված՝ կապված առհասարակ հայ ավանդական պարերի կառուցվածքի, զինվորի առօրյայում ռազմապարերի դերի կարևորության և ռազմական հոգեբանության վրա դրանց դրական ազդեցության մասին։
Յուրաքանչյուր պարի նկարագրությանը կից տրված է մեկ հայկական ամրաշինական կառույցի (բերդի, ամրոցի, վանքի, և այլն) նկարագրությունն ու դրա հետ կապված պատմական դրվագ՝ հայ հերոսական անցյալի էջերից (ինչպես ներկայիս ՀՀ տարածքում, այնպես էլ Արցախում, Ջավախքում և Արևմտյան Հայաստանի սահմաններում):
Ներկայացված են նաև «Շիրակ» հեռուստաընկերության օգնությամբ նկարահանված, յուրաքանչյուր ռազմապարին վերաբերող 4 տեսանյութ, որոնք ներկայացնում են պարն իր բնօրինակով, արդեն բեմադրված և ելույթային տեսքով, ուսուցողական մեթոդաբանությամբ բացատրված, իսկ կատարումը՝ կից ամրաշինական կառույցի տարածքում։
Վերոնշյալ հոլովակներից բացի՝ նկարահանվել է նաև մեկ ընդհանուր պատմողական բնույթի տեսանյութ, որտեղ ներկայացվում են ամբողջ ծրագրի ընթացքում կատարված աշխատանքները (ընդհանուր առմամբ 61 հոլովակ)։
ծրագիր զինված ուժերում
2018–2023 թթ․ քաղաքական, համաճարակային և պատերազմական իրադարձությունների պատճառով ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել էր։ 2023թ․ ամռանը այն վերագործարկվեց․ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի նախաձեռնությամբ վերսկսվեցին բանակցությունները ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի և Մարշալ Բաղրամյանի անվան համազորային ուսումնական կենտրոնի հետ, որոնց արդյունքում սեպտեմբերից մեկնարկեցին փորձնական պարապմունքները։
- Մարշալ Բաղրամյանի անվան համազորային ուսումնական կենտրոնում զինծառայողները ոչ միայն սովորել են հայ ավանդական ռազմապարերը, այլև հանդես են եկել զորամասում կայացած միջոցառումներին ու շքերթներին՝ արժանանալով ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի բարձր գնահատականներին։
- Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում կուրսանտները մասնակցել են տարբեր միջոցառումների, ներառյալ ՌՈՒՀ-ի 30-ամյակին նվիրված շքերթը։
- Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում ծրագիրը ներդրվել է 2024–2025 ուսումնական տարում՝ երկրորդ կուրսի կուրսանտների համար։
Բոլոր պարապմունքներն իրականացվում են «Կարին» խմբի անդամների կողմից, ովքեր ռազմապարի դասավանդման համար հատուկ վերապատրաստում են անցել խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանի մոտ։
Դասընթացները վարում են Գարեգին Մասուրյանը և Մխիթար Դարմոնցը։
Երկարաժամկետ պլաններ
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում ներգրավել նաև ՀՀ ՊՆ մի շարք այլ զորամասեր, իսկ վերջնարդյունքում՝ ամբողջական ԶՈւ-ին ենթակա կառույցներն ու զինծառայողներին։ Մի կողմից ուսումնական կենտրոնից տեղափոխված արդեն ջոկի հրամանատար սերժանտական կազմը, մյուս կողմից՝ ՌՈՒՀ-ն ավարտած կուրսանտները, որոնք ստացել են սպայական կոչում, մարտական զորամասերում պետք է ապահովեն հայկական ավանդական ռազմապարերի ուսուցման շարունակական գործընթացը` ջոկի հրամանատարները դասավանդելով, և սպաները դասերը վերահսկելով։