ԹԱՐՍ ՊԱՐ

«Թարս» բառացիորեն նշանակում է «շրջած», «հակառակ»: «Թարս» բառարմատը հնդեվրոպական նախալեզվում նշանակում է «չորանալ», «ծարավել», ինչն անմիջական կապ ունի թառամելու, երաշտի հետ: «Երաշտ» բառը կապվում է սկզբնաբառի` «թարսի» հետ, որը մարդկանց նյութական, տնտեսական կյանքին պիտի հաղորդեր բերքի կորուստ, չորացում, անձրևով բեղմնավորվելու բնության փափագ: Այստեղից հասկանալի է դառնում, որ եթե «Վեր-վեր» տեսակի պարերը կապված են բնության բերքատվության հետ, ապա «թարս» պարերը երաշտի, անհաջողության, բնության ծարավի, բերքի կորստյան հետ են կապված: Երաշտից տնտեսության մեջ ամեն ինչ հակառակ է գնում՝ «թարսվում է»:

Մարդկանց կյանքում անհաջողությունն ու չարը ոչ միայն երաշտից ու անբերրիությունից կարող են լինել: Հնագույն ժամանակներում հայերի, հավանաբար նաև նրանց նախնիների կրած, վերապրած յուրաքանչյուր աղետի, ողբերգության ողբն ուղեկցվում էր ընդհանուր ձախ` «անհաջող» կողմ ընթացող պարերով: Բայց նման պարերի և երաշտն ու անբերրիությունը ողբացող պարերի հետագծերն իրարից տարբերվում են:
Հին ժամանակներում պարել ընդհանուր ձախ տեղաշարժով պարերը նշանակել է կա՛մ ողբալ համայնքին, ընտանիքին հասած աղետը, ողբերգությունը, կա՛մ վնասակար, չար, կախարդական շարժումներով և երգերով՝ հմայությամբ, աղետ ու փորձանք կանչել թշնամու գլխին:

«Թարս պարի» Սարիղամիշի տարբերակում պարաշարքը շրջանաձև է: Պարողները ձեռքերը բռնում են ճկույթներով, կանգնում են իրարից բավականաչափ հեռու, այնպես, որ պարողների՝ 45 աստիճանով առաջ պարզած դաստակները գտնվում են պարողների մեջտեղում:

Արմունկները ծալված են սուր անկյունով:

Պարաձևը կազմված է 10 պարաքայլից․
1. կատարել բավականին մեծ քայլ ձախ ոտքով դեպի ձախ,
2. աջ ոտքով կատարել քայլ դեպի ձախ՝ խաչաձև անցկացնելով ձախ ոտքի դիմացով,
3. ձախ ոտքով քայլ դեպի ձախ,
4. կրկնել 2-րդ քայլը,
5. կրկնել 3-րդ քայլը,
6. դադար,
7. աջ ոտքով քայլ դեպի աջ,
8. ձախ ոտքով խաչվող քայլ դեպի աջ՝ խաչված դնելով աջ ոտքի կրունկի հետևում,
9. աջ ոտքով մեծ թեք քայլ դեպի աջ և առաջ,
10. ձախ ոտքը բարձրացնել ետ՝ ծալելով ծունկը:

Քայլերը բավականաչափ մեծ են: Պարն ընդհանուր երեք ձախ և երկու աջ տեղաշարժ ունեցող պար է:

Սարիղամիշի «Թարս պարի» ողջ պարաձևը կազմված է միահյուսված պարաքայլերից, ,խորամանկ խառնահյուսքերիցե, թշնամական խարդավանքներից, որոնք էլ արտահայտվում են ոլորապտույտ, ծուռումուռ հետագծով: Հավանաբար այն կարող է նպատակամղված լիներ նաև չար ուժի ներթափանցումը կանխելուն, ոլորապտույտ, գալարուն շարժումների մեջ չար ոգուն խճճելու միջոցով նրա ներթափանցումը համայնք արգելափակելուն: Նմանատիպ զարդանախշեր կան նաև եկեղեցիների, տաճարների դռների, շքամուտքերի, բարավորների վրա, որոնցով փորձ է արվել կանխելու չար ոգու ներթափանցումը եկեղեցի կամ այլ սրբավայր: