ՖՆՋԱՆ

«Ֆնջանը» Ջավախքում տարածում գտած Կարնո պարատեսակներից է, «չորս ոտք» պարաձևերից: Կլոր պարերի մեծ մասի համար ասում են, որ երբ ոտքը մեկ անգամ ենք հարվածում, «մի ոտ պար ենք խաղում», երկու անգամ ենք հարվածում՝ «երկու ոտ ենք խաղում», երեքի դեպքում` երեք ոտք, չորսի դեպքում` չորս ոտք:

Երկու ոտք և չորս ոտք պարերը կոչում են նաև ջուխտ (զույգ) ոտք: Այս դեպքում ընդգծվում է քայլերի զույգ լինելու պայմանը` «երկուս գնալ, երկուս դառնալ»: Չորս ոտք պարաձևում «ջուխտ» ասելով ընդգծվում է  նաև զարկերի զույգ լինելը:

Չորս ոտք պարերն ըստ ձևի բաժանվում են երկու խմբի․ ա) չորս ոտք՝ թաթի զույգ զարկերով, բ) չորս ոտք՝ ոտքը խաղացնելով:

Չորս ոտք պարաձևին է պատկանում Ժենյա Խաչատրյանի կողմից գրանցված «Ֆնջան» պարը: «Ֆընջան», «ֆինջան» թուրքերեն նշանակում է փոքր հախճապակյա գավաթ:

Ձեռքերը բռնում են ափ ափի, դաստակները՝ կրծքի բարձրությամբ, արմունկները՝ սուր անկյան տակ դեպի վեր ծալած: Պարի առաջին մասի տեմպը դանդաղ է, երկրորդ մասն ունի թռիչքներ, պարն արագանում է: Ռիթմը հավասարաչափ է: Պարեղանակի հաշիվը խառն է: Ամեն մի քայլ զբաղեցնում է 1/16 տևողություն:

Պարային քայլերն են․
1, 2 հաշվին` ձախ թաթը խաղացնել աջ թաթի մոտ,
3-ին` ձախ թաթը միացնել աջին՝ ընդունելով ծանրությունը,
4-ին` աջ ոտքը ընդունում է ծանրությունը,
5-ին` ձախը կրկին ընդունում է ծանրությունը,
6-ին` աջ ոտքը խաղացնել ձախ ոտնաթաթի մոտ,
7-ին` աջ ոտքն ընդունում է ծանրությունը,
8-ին` ձախը կրկին ընդունում է ծանրությունը,
9, 10, 11 հաշիվներին երեք անգամ աջ ոտքը հարվածում է կրունկով, ոտքը դեպի աջ ու առաջ պարզած,
12-ին` աջ ոտքով քայլ դեպի աջ,
13-ին` ձախ թաթը միացնել աջին՝ ընդունելով ծանրությունը,
14-ին` աջ ոտքով քայլ դեպի աջ,
15-ին` ձախ թաթը խաղում է օդում,
16-ին` ձախ թաթը ընդունում է ծանրությունը,
17-ին` աջ ոտքն ընդունում է ծանրությունը,
18-ին` աջ ոտքը միացվում է ձախին:
Բոլոր շարժումներին կատարվում է մեկ ծունկկոտրուկ: