ՔՈՉԱՐԻ

«Քոչարին» Հայկական լեռնաշխարհում ամենատարածված և ներկայումս ամենապահպանված հայկական պարն է: «Քոչ» արմատը, ըստ երևույթին, կապ ունի չամորձատված՝ չկրտած ոչխարի, խոյի «գոչ», «ղոչ» և «խոչ» անվանումների հետ, գալիս է վաղնջական ժամանակներից և կապված է խոյի պաշտամունքի հետ: Այս սիրված պարատեսակը հրապուրիչ է պատկերավոր գունագեղությամբ և առնական դինամիկայով: Թեպետ պարողներն այլևս չեն հիշում պարատեսակի նախկին «խոյ-այծային» բովանդակության մասին, սակայն ժամանակն ու հետագա շերտավորումը չեն կարողացել ամբողջովին համահարթել պարի նախասկզբնական (վաղնջական) ձևը:

«Քոչարի» պարատեսակի ճիշտ ձևի մեջ հստակ պահպանվել են հնագույն շարժումների արմատները, երբեմնի վարքագիծը, ցատկոտումն ու թռչկոտումը, մարտը, խոյերի ու այծերի պոզահարումը, այծամարդու շարժումները:

Խոյի շարժումների նմանակումն առավել վառ արտահայտված է դեպի առաջ, սրընթաց, հարձակողական շարժումների և ծանրության հենարանի տեղաշարժերի մեջ, որոնցով, ասես արտահայտվում է ախոյանին պոզահարելու ցանկությունը: