ՎԵՐՎԵՐԻ

«Վեր-վեր» տեսակի պարերն ու պարերգերը շատ են տարածված Հայաստանի բոլոր շրջաններում: «Վեր-վեր», «Վերվերի» կամ «Վերվերուկ» պարատեսակը, որի հիմքում ընկած է «երկու գնալ, մեկ դառնալ» պարաձևը, հայկական պարերի շատ ինքնատիպ տեսակ է: Նրանում տեղ գտած քայլերն ու թռիչքները հարթ հետագիծը վերածում են ոլորանի: Այս տեսակ պարերը առնվազն երկու մասից են կազմված, իսկ երբեմն՝ երեք,  չորս և ավելի: Ժողովուրդն այսպիսի պարերի առաջին մասը, ըստ տեմպի, բնութագրվում է որպես դանդաղ` «ծանդըր»: Մեծամասնությամբ «Վերվերի» պարերը մաժորային են` կենսուրախ: Տրամադրությունը նրանցում ուրախ է, երբեմն՝ կատակային:

«Թռնոցի», «Թռնոկի», «Թըռման», «Թըվերք», «Թըռվերի», «Թըռվըռուն»․ սրանք արագ պարերի անվանումներ են, որոնցում բոլոր մասերը արագ են ու թեթև, կամ առաջին մասը չափավոր տեմպ ունի, իսկ հետագա մասերը՝ արագ: Բոլոր վերոնշյալ բառերը նշանակում են թռիչք՝ կազմված են «թըռ» արմատով: Ահա թե ինչու «Թըռնոցի» բոլոր պարերը թռիչքային են: «Վեր» արմատը կամ «վերանալ» բայը նշանակում է ձգտել դեպի վեր, բարձրանալ, աճել: Այսպիսի ուրախ, ցնծալի պարերի առաջնորդները կոչվել են «վերվերիչներ», որոնք պետք է իրենց բարձր թռչելու արվեստով օրինակ ծառայեին մատաղ սերնդի աճի հմայման հարցում:

Գրաբարում այս պարաձևը կոչվում էր «Վերնապար», այսինքն՝ «պար դեպի վեր» կամ «վեհամբարձ պար»: Հայկական պարերում թռիչքների և ոստյունների բովանդակությունը եղել է պարողների ձգտումը թռիչքների բարձրությամբ մոգական ազդեցություն թողնել բույսերի, թռչունների, կենդանիների, ինչպես նաև սեփական ժառանգության աճի վրա:

«Վեր-վեր» տեսակի պարաձևի նմուշներից մի քանիսում ձեռքերը բռնում են ուսերից` ուս-ուսի, որի ժամանակ պարողներն իրենց թաշկինակները՝ «յայլուխները», ամրացնում են գոտկատեղից: Պարաշրջանը ձեռքերով փակելը կարող էր կրել նաև նմանակող բնույթ, քանզի այսպիսի շուրջպարը վերաբերվում էր նաև աստղերի պաշտամունքին: Աստղերի հետ էր կապված պտղաբերությունը երկրի վրա, ինչպես նաև պսակի ձևը: