ՇՈՐՈՐ

Հայկական շատ պարերում տեղաշարժերի փոխարեն հանդիպում են մարմնի ծանրություն-հենարանի տեղափոխումներ (փոխանցումներ) մի ոտքից մյուսը:

Քայլ-տեղաշարժերը նույնպես տեղափոխումներ են, ավելի ճիշտ՝ մարմնի ծանրություն-հենարանի անցումներ մի ոտքից մյուսը, բայց դրա համար համապատասխան ազատ ոտքը նախապես կտրվում է գետնից, ապա, դրվելով իր տեղը կամ իր նախորդ դիրքի համեմատ անհրաժեշտ ուղղության և հեռավորության վրա, ընդունում է մարմնի ծանրություն-հենարանը և դառնում է հիմնական (հենարան) ոտք: Այսուհետ մարմնի ծանրության-հենարանի փոխադրել, ճոճել կկոչենք հենարանի այնպիսի փոխադրումը, որի ժամանակ ազատ ոտքը, դառնալով  հիմնական, նախօրոք չի կտրվում գետնից, չի տեղաշարժվում: Ընդ որում, նախկինում հիմնական (հենարան), բայց ծանրությունից ազատվող ոտքը մարմնի ծանրության փոխադրման, վերագլորման պահին․ ա) նույնպես չի տեղաշարժվում, չի պոկվում գետնից, բայց կարող է փոխադրվելով (անցնելով) ոտնաթաթին, կրունկին, իջնել ողջ ներբանին, բ) գետնից կտրվում է:

Քայլերի ժամանակ մարմնի ծանրության, նրա հենարանի փոխադրումը մի ոտից մյուսին անհրաժեշտ է տարբերել իրանի ճոճելու օգնությամբ հենարանը մի ոտից մյուսին փոխադրելուց: Մի դեպքում նման ճոճումները զուգորդվում են նաև քայլերի, շրջադարձերի, պարադարձերի տարբեր հերթականությամբ, թռիչքների տարբեր տեսակներով և ոտքերի այլ շարժումներով, ինչպես նաև իրանը շորորելով իր առանցքի շուրջ՝ ոչ մեծ շրջադարձերով:

Թռիչքների տարբեր տեսակներով զուգորդվող «Շորոր» պարատեսակները ժողովուրդը կոչում է «Ճոճք» («Ճոշ», «Ճոչ», «Ճոշկ»): Մյուս դեպքերում ողջ պարաձևը կազմված է միայն ճոճումներից, մի ոտքից մյուսին մարմնի ծանրության, նրա հենարանի փոխադրումից և ընդամենը մեկ քայլից (սովորաբար առաջին հաշվին): Շնորհիվ այդ միակ քայլի՝ գյոնդը քիչ-քիչ տեղաշարժվում է այս կամ այն կողմ:

«Շորոր» նշանակում է ճոճումներ նազուտուզ անելով, սեթևեթելով, ծռմռվելով, ինքնագոհ կոտրատվելով:

Պարաձևերից մեկի հին հայկական գրական «Երերապար» անվանումը (երերալ-ճոճվել, տատանվել, ծածանվել, ալիքվել, տարուբերվել, դողալ նաև օրորվել), հավանաբար, նույնն է ինչ «Շորոր» ժողովրդական անվանումը: «Շորոր» տեսակի պարերի շարժումները դասվում են նմանակող, արտահայտչական շարժումներին, որոնց օգնությամբ ցանկանում էին բնութագրել վերոհիշյալ այս կամ այն թռչունի շարժումները: «Շորոր» տեսակի պարաձևի կապը ճոճվող, տատանվող թռչնի քայլքի, մասնավորաբար կաքավի քայլքի հետ, շատ վառ նկատվում է «սորոր տալ» բայի բացատրությունում՝ «քայլել ինչպես կաքավ»: «Սորոր»-ը և «Շորոր»-ը, ըստ երևույթին, նույնն են: Ենթադրվում է, որ սորորիկ կոչվող թռչունը կաքավն է:

«Շորոր» պարաձևերը XIX դարի սկզբից ստացան կենցաղային բնույթ՝ երբեմն պահպանելով միայն որոշ ավանդական ծիսականություն: Այդուամենայնիվ նրանցում շարժումների տրամադրությունը շարունակում է մնալ հանդիսավոր, ինչը մատնում է կատարվող տատանումների շարժական հիմքերի նախկին վեհասքանչ, սրբազան արմատները: