ԾԱՂԿԱՁՈՐԻ

Հայկական պարավեստում կան պարանմուշներ, որոնք չեն պատկանում որևէ ծեսի, որևէ ազգային տոնի, կատարվում են բոլոր տոների և տոնակատարությունների ժամանակ: Այդ պարերի շարքին թերևս կարելի է դասել Վասպուրկանի ամենադիտարժան պարերից մեկը` «Ծաղկաձորին»: Այն հիմնականում պարել են ուխտատեղիներում ուխտագնացությունների ժամանակ: Անվան ծագումը կապվում է Վասպուրականում գտնվող համանուն տեղանքի հետ, որտեղ կային մի քանի մատուռներ, սրբատեղիներ, և դեպի ուր տարբեր ազգային տոներին  ուխտագնացության էին գնում Վասպուրականի տարբեր բնակավայրերից:

«Ծաղկաձորին» կապված է պտղաբերության աստվածությունների և բնության պտղաբերության, բուսական և կենդանական աշխարհի աճի վրա մոգական ազդեցություն ունեցող գործողությունների հետ: Պարի կապը  պտղաբերության հետ մատնանշում են նրանում տեղ գտած բարձր թռիչքները, որոնցով պարողները ուզում էին ստանալ մոգերի բարեհաճ վերաբերմունքն իրենց բերքի աճի նկատմամբ: Պարի ձախ և աջ կտրուկ դարձումները խորհրդանշում են կյանքի տատանողականության, բնության ոչ բարենպաստ փոփոխությունների` երաշտների, կարկուտների և այլնի ազդեցությունը պտղաբերության վրա: Պարաքայլերը վերջանում են դեպի աջ գնացող թռիչքներով: