ԼՈՐԿԷ

Հայաստանում շատ են հանդիպում «Լորկէ», «Լյուլկէ», «Լորկը» անվանումներով պարերը: Դրանք հիմնականում պատկանում են հայկական կոլեկտիվ պարերի տարատեսակներին:

Գրառված են Թալինի «Լյուլկէ» կամ «Լորկէ» կոչվող, Շատախի «Լորկէ» և Վանա «Լորկը» կոչվող տարբերակները: Գրառվել է նաև Սարիղամիշի «Հոպ, Ջանիման» պարը, որը կառուցվածքով շատ նման է «Լորկէ» տեսակին: Նշված տարբերակները շատ նման են դանդաղ մասերով, բայց արագ հատվածներում տարբերվում են:

«Լյուլկէ» կամ «Լորկէ» Թալինի տարբերակը կատարվում էր հարսանիքներում՝ հարսին հայրական տնից հանելու ժամանակ, և Վարդավառի տոնի ծաղկահավաքի ընթացքում (վերջին դեպքում պարում էին միայն աղջիկները): Այն կատարվում էր ուխտագնացությունների ժամանակ: «Լորկէն» պատկանում է հին հայկական ծիսական պարերին, նաև երգ-պար է, և թեև քրդական տեքստ նույնպես կա, սակայն այն հայկական է:

«Լորկէ» անվանման մեկնությունը կարելի է բացատրել լոր թռչունի անվանումով (փաղաքշական՝ լորիկ): Ենթադրվում է, որ այն լորի պատվին կատարված տոտեմական պարերի վերապրուկ է:

Քրդերեն «լյուլկէ» նշանակում է գիշատիչ թռչուն, իսկ «լորկէ» թարգմանաբար նշանակում է շորորվի՛ր:

Ոտքերի հարվածները «Լորկէ» պարատեսակներում գրեթե միանման են: Կանգնում են կողք-կողքի, ձեռքերը բռնում ճկույթներով: Տեղում 4 բարձրացող զսպանակներ անելուց հետո թեքվում են աջ և կատարում մեկ ծնկածալ, ապա դեպի ձախ և ծնկածալ: Մեկ թռիչք կատարվում է աջ ոտքի վրա՝ ձախը թողնելով հետևում, ապա նույնը կատարվում է ձախ ոտքով:  Ապա կատարվում է քայլ աջ ոտքով դեպի աջ, ձախն անցնում է աջ ոտքի հետևից, կրկնում աջ ոտքի քայլը և ապա ձախը միանում աջ ոտքին: Արագ մասը կատարվում է նույն կերպ, բայց թռիչքներով, իսկ աջ ու ձախ դարձումները վերածվում են հարվածների: Աջ և ձախ ոտքերով առաջ ու ետ կատարվող թռիչքների փոխարեն նույնպես կատարվում են հարվածներ, սկզբից աջ ոտքով, ապա՝ ձախ, և թռիչքներով անցում է կատարվում: