ԻՇԽԱՆԱՑ ՊԱՐ

Ենթադրություն կա, որ «Իշխանաց պարը» պատկանել է մեհենական պարերի թվին: Գրառված են երեք՝ Հայոց ձորի, Շատախի և Պարսկահայքի Կապուտան` Ուրմիա լճի շրջակայքում բնակվող հայերի տարբերակները:

Հայոց ձորի «Իշխանաց պարի» տարբերակը անվանում են նաև «Շեյխերի», «Շէխանի», որը համարվում էր նաև ռազմապար: Այն շատ բարդ էր կատարման համար, այդ պատճառով էլ քչերը, հիմնականում երիտասարդ տղաներն էին կատարում այս պարը: «Շէխ» անվանում էին քրդերի հոգևոր առաջնորդին․ սա նույնպես մատնանշում է, որ այն մեհենական պար է եղել: Պարաշարքի սկզբում հիմնականում կանգնում էին իշխանները, կառավարիչները, իշխանություն ունեցողները, և մեծ նվիրատվություններ անում զուռնա և դհոլ նվագողներին: Երբեմն նաև աղքատներն էին պարում:

Հայերը «Շէխանին» պարում էին ուխտագնացությունների տեղերում, Հայոց ձորի տարածքում եղած վանքերի մոտ, Վանում, Թիմարում, Բերկրիում բոլոր տոների, բոլոր խնջույքների ժամանակ և հարսանյաց օրերին:

«Շէխանիի» մեղեդու չափը 2/4 է: Այս չափը շատ բնորոշ է ռազմական պարերին: Պարողները կանգնում են մեկ շարքով, որը երբեք չի կորանում, այսինքն՝ չի վերածվում կորագծի, կամ առավել ևս՝ կիսաշրջանի: 12-15 մարդ կողք կողքի տեղաշարժվում էին մեկ առաջ, մեկ՝ ետ: Շարվում են կողք կողքի, իրարից փոքր-ինչ հեռու, թևկախ՝ չծալելով արմունկները, ճկույթ ճկույթի՝ աջ ձեռքը ձախի վրայից անցկացնելով:

Շատախում տարածում գտած «Շէյխանի-Շիվհալանի» պարի անվանումն ամբողջականորեն ոչ ոք չի կարողացել մեկնաբանել: Սակայն բոլորը նշում էին, որ պարի առաջին երկու մասերը, որոնք կատարվում էին դանդաղ, կոչվում էին «Շէյխանի», իսկ «Շիվհալանի» անվանում էին պարի երրորդ և չորրորդ արագ մասերը՝ 8 տակտ 4/4 ռիթմով՝ «Շէյխանի», 13 տակտ 4/4 ռիթմով՝ «Շիվհալանի»։

Կարելի է ենթադրել, որ «Շիվհալանին» վշտի, հիշատակի պարատեսակներից է, որի մեջ առկա են և՛ ետ քայլը, և՛ ձախ քայլը: Սակայն երևի մոռացության է մատնվել պարի վշտալի բնույթը, քանզի ուրախ բնույթի թռիչքները շատ են:

Բոլոր տարբերակներում կանգնում են շարքով՝ ճկույթ ճկույթի: Արմունկները ծալված են գոտկատեղի բարձրությամբ, իսկ ափերը պարզված են դեպի առաջ:

Երրորդ տարբերակը՝ Պարսկահայքի «Շէյխանեն» ևս ստուգաբանվում է որպես շէյխերի, այսինքն իշխանների պար` «Իշխանաց պար»: Կարելի է ենթադրել, որ այս տարբերակը նույնպես մեհենական պարերի շարքին է պատկանել:

«Իշխանաց պարը» շատ հպարտ, վեհ պար է, տեխնիկապես ամենաբարդ պարատեսակներից մեկը հայկական պարարվեստում: Շէյխանեի մեղեդու չափը 4/4 է: Ձեռքերը բռնում են թևկախ, խաչված ափերով՝ ձախ ձեռքը անցկացնելով աջի վրայով: Պարողները կանգնում են մեկ շարքով, որը երբեք չի վերածվում կորագծի: Պարաշարքը տեղաշարժվում է առաջ, ապա վերադառնում 9 աստիճան դարձումով տեղաշարժվում դեպի աջ, ապա ուղղվում: Տեղում շարժումների ժամանակ արմունկները ծալվում են՝ ափերը բարձրացնելով կրծքի մակարդակին, իսկ աջ գնալու ժամանակ՝ գոտկատեղի բարձրության: Պարեղանակը և պարը հետզհետե արագանում են: