ԹՌԹՌՈՒԳ

Հայկական Համշեն գավառի մի խումբ բնակիչներ դեռևս VIII դարում հաստատվել են Սև ծովի հարավարևելյան ափին: XIX դարի 60-ական և 90-ական թթ. սկսած տեղի են ունեցել զանգվածային տեղաշարժեր, որոնց հետևանքով համշենցիների մի մեծ հատված հիմնավորապես հաստատվել է Սև ծովի աբխազական և ռուսական ափերին: Ներկայումս համշենահայությունը բաժանված է երկու մեծ խմբի` թե՛ դավանանքի, թե՛ բնակության վայրի առումով․
ա) Թուրքիայի պոնտական ափին բնակվող իսլամացած համշենահայեր,
բ) Սև ծովի աբխազական և ռուսական ափին բնակվող քրիստոնյա համշենահայեր:

Այսօր էլ այս երկու խմբերը կապված են միմյանց հետ, խոսում են նույն բարբառով, ապրում են իրենց պապերից ժառանգություն ստացած սովորույթներով ու հավատալիքներով` պահպանելով իրենց անուններն ու ապրած վայրերի տեղանունները: Համշենցիները հայտնի են իրենց հարուստ բանահյուսությամբ` հեքիաթներով, ասացվածքներով, կատակներով, հանելուկներով, երգ ու պարով, սակայն շատ քիչ են նրանց ազգագրությանն ու հոգևոր մշակույթին նվիրված ուսումնասիրությունները: Համշենահայերի պարային ու թատերական մշակույթը կենցաղավարել է մինչև XX դարի 90-ական թթ.: Այժմ դժվար է ասել, թե ինչ չափով է շարունակվում և ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել: Քրիստոնյա համշենահայերի մշակույթի և հատկապես պարարվեստի բանահավաքչությամբ զբաղվել են հայտնի ազգագրագետ, պարագետներ Սրբուհի Լիսիցյանն ու Ժենյա Խաչատրյանը:

«Պար» բառը համշենահայերի բարբառում գործածվում է «բար» արտասանությամբ: Համշենցիները պարել են Նոր Տարուն, Սուրբ Ծննդին, Ջրօրհնեքին, Բարեկենդանին, Զատկին, Մեռելոցին, որը ոչ թե ողբի, այլ նախնիների հիշատակության տոնն էր, ուխտի գնալիս ու մատաղ անելիս: Ամենից շատ պարել են Բարեկենդանի օրերին: «Բարգենդօնքին» հարսանյաց օրեր են եղել: Հարսանիքներին, Բարեկենդանի նշված օրերին, Զատկին հիմնականում կատարվել են տղամարդկանց պարեր: Բոլոր տղամարդկանց անվանել են «գդռիճ»: Իսկ մյուս տոներին պարել են խառը կազմով (թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք): Բարեկենդանին և հարսանիքներին միայն «կլոր բար» են պարել:

Գրանցված պարերը կարելի է դասակարգել միայն ըստ կատարողների սեռի ու տարիքի՝ տղամարդկանց կամ «գդռիջների գլօր բարեր», կանանց պարեր, խառն կազմով պարեր:

Գոյություն են ունեցել պարերի կատարման հերթականություն, տեղի ու ժամանակի հետ կապված պարտադիր օրենքներ: Այդ օրենքները հնագույն անցյալում ձևավորված հատկանիշներ են, որոնք վկայում են պարերի ծիսական էությունը սրբությամբ պահպանելու մասին: Հավատալիքների համաձայն` սրբազան պարերի մեջ անգամ որևէ կատարողական երանգ փոխելը կամ խախտելը (հատկապես ռիթմի մեջ) կարող էր կործանարար լինել ծեսի մասնակիցների համար: Այս հավատալիքի շնորհիվ է, որ մինչև այսօր պահպանվել ու մեզ են հասել ծիսական մի շարք պարեր:

Համշենահայերը պարել են դհոլ-զուռնայի նվագակցությամբ, գործածել են մեծ բուրան, միջին և փոքր զուռնա: Դհոլը զարկել են գետնին դրած: Երաժշտական մյուս գործիքներից գործածել են քեմոնա (քեամանի), պարկապզուկ, փող, հովվական սրինգ՝ կավալ: Որոշ պարեր կատարել են նաև երգեցողության ուղեկցությամբ:

«Թռթռուգ», «թիթրեմե» նշանակում է դող, ցնցում, սարսուռ, սարսափ: Այն «գդրիճների»` կտրիճների պար է: Ոտքերի շարժումներն ունեն հարձակողական և պաշտպանողական ռազմական պարի տարրեր։ Պարողները միաժամանակ ամբողջ մարմնով, թևերով, ուսերով երերում, թրթռում են: Նկարագրողներից ոմանք  ձեռքերի շարժումները` թրթռոցները մեկնաբանում են որպես թռչունների թևերի թափահարումներ, ինչի մասին էլ մեզ հուշում է հենց պարի անվանումը: