ԹԱՄԶԱՐԱ

«Թամզարան» հարսանեկան երգ-պար է: Այն հանդիպում է շատ հայկական բնակավայրերում։ Գրառվել է 17-ից ավելի տարբերակ, բայց գրառման ժամանակ պարը ցուցադրողներից ոչ ոք անվանումը չի կարողացել բացատրել:

«Թամզարան» Հ. Ս. Էփրիկյանի «Պատկերազարդ բնաշխարհիկ բառարանում» հանդիպում է որպես հայկական բնակավայրի անվանում: Այս բնակավայրը, բացի «Թամզարա» անվանումից, կոչվում էր նաև «Թամարզա», «Թումարզա»: Որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ «Թամզարա» անվանումը ծագել է Թովմա Արծրունու անունից, ով էլ, իբր, հիմնել է տվյալ բնակավայրը: Հնարավոր է, որ երգ-պարի անվանումն ինչ-որ չափով կապված լինի տվյալ բնակավայրի անվան հետ, ինչպես դա հավաստում է Հ. Աճառյանն իր «Գավառային բառարանում»:

Ըստ Կոմիտասի՝ «Թամզարան» հարսանեկան երգ-պար է, որտեղ գլխավոր դերը վերապահվել է գյովընդբաշուն (պարագլուխ) ու նրա օգնականին: Իսկ հարսն անպայման կանգնում էր քավորի` կնքահոր կողքը:
Այժմ «Թամզարան» կորցրել է իր երբեմնի ծիսական նշանակությունը և կատարվում է գրեթե բոլոր համայնքային միջոցառումների ու խնջույքների ժամանակ:

«Թամզարա» պարատեսակը պատկանում է ,երկու գնալ, երկու դառնալե պարաընտանիքին («դառնալ», «վերադառնալ» բառերը նշանակում են ,գնալ դեպի ձախե: «Ձախ» բառը հնում արգելված էր, ուստի փոխարինվել է «դառնալ» բայով): «Թամզարայի» տարբերությունը վերը նշված պարաընտանիքից այն է, որ այս պարատեսակը երկարում է ևս երկու հաշվով՝ դեպի ձախ տեղաշարժող, վերադարձնող երկու շարժումով: Իսկ պարը վեցի փոխարեն ունի ութ միավոր հաշիվ և շարժում:

Գրառված «երկու գնալ, երկու դառնալ» պարատեսակներն իրենց շարժումներով այնքան էլ նման չեն: Սրանց մի քանի տարբերակներում, որոնք էլ հենց կոչվում են «Թամզարա», դեպի ձախ տեղաշարժերի փոխարեն տեղի է ունենում մարմնի ծանրության մի քանի տեղափոխում ձախ, աջ, ձախ:

Ձեռքերը բռնելու մի քանի տարբերակ կա՝ ճկույթներով, ափերով («բարև բռնած»), իսկ երբեմն նաև ուսերից: Երաժշտական չափը 9/8=4/8+5/8, որն էլ ստեղծում է ձեռքերի ճոճումների և ոտքերի շարժումների ոչ համաչափ ռիթմ:

Պարի ընդհանուր տեղաշարժը դեպի աջ է: Պատկանում է «դուրան» պարերի թվին, որոնց հետագիծը հարթ գծով է անցնում:
«Թամզարայի» պարաքայլին բնորոշ են ոտքի կրկնակի հարվածները:

Պարաքայլերը հետևյալ հերթականությամբ են.
1. աջ ոտքով կատարվում է քայլ դեպի աջ,
2. ձախ ոտքով կատարվում է կցորդ քայլ` ձախ ոտքը միացվում է աջին,
3. կրկին քայլ աջ ոտքով և դեպի աջ,
4. կրկնակի հարված ձախ ոտքով,
5. ձախ ոտքով քայլ դեպի ձախ,
6. մարմնի ծանրության տեղափոխում աջ ոտքի վրա,
7. մարմնի ծանրության տեղափոխում ձախ ոտքի վրա,
8. կրկնակի հարված աջ ոտքով:

Կան պարի այլ տարբերակներ նույնպես, որոնք քիչ թե շատ տարբերվում են վերոնշյալից: Կարինի տարբերակում պարը դուրս է գալիս իր «դուրան» (ուղիղ) հետագծից և, առաջ քայլելով, կրկնակի հարվածում է աջ ոտքով, ապա, վերադառնալով իր հետագծին, նորից կրկնակի հարված կատարում աջ ոտքով:

Կան նաև տարբերակներ, որտեղ հարվածներ չեն կատարվում, հակառակը, ազատ ոտքն օդում խաղացող գործողություն է կատարում, ապա հաջորդ քայլին ընդունում մարմնի ծանրությունը: