ԱՍՏՎԱԾԱԾՆԱ ՊԱՐ

Պատմական Հայաստանի Կարին (Էրզրում) քաղաքի ազգաբնակչությունն ուներ ինքնատիպ պարարվեստ, որը փոխանցում էր Բարձր Հայքի բնակլիմայական և աշխարհագրական առանձնահատկությունները, բնակչության հոգևոր և պաշտամունքային արժեքները: XIX դարի սկզբին էրզրումցիները գաղթել են Ջավախք և Ախլցխա (այժմ՝ Ախալցիխե): Նրանք ոչ միայն պահպանել են իրենց ինքնատիպ պարարվեստը, այլև փոխանցել տեղի հայերին:

«Աստվածածնա պարը» Կարնո պարանմուշներից է, Ջավախքում պահպանված ծիսական պար: Այն կապված էր հեթանոսական մայր աստվածության պաշտանմունքի մնացորդների հետ, նվիրված էր մայրության և պտղաբերության աստվածուհուն՝ Անահիտին: Պարը կատարում էին Խաղողօրհնեքի տոնին, որը նույնպես կապված էր պտղաբերության հետ: Հետագայում այս պարի կատարումը վերագրվեց Մարիամ Աստվածածնին, իսկ պարել սկսեցին միայն Աստվածածնա վերափոխման տոնին, որը կրկին համատեղվեց Խաղողօրհնեքի տոնակատարության հետ:

Ջավախքում Վարդավառի հաջորդող կիրակին Աստվածածնի տոնն է: Այդ օրն ընդունված է ուխտի գնալ Աստվածածնի անունը կրող եկեղեցիներ: Քանի որ ամռանը գյուղերի անասնապահները տեղափոխվում են սարեր, Աստվածածնի տոնին երիտասարդ տղաներն ու աղջիկները հավաքվում են յայլաներում՝ պարելու այնտեղ գտնվող սրբատեղիներում, որոնցից շատերն արդեն կորցրել են իրենց անունները և զրկվել նախկին իմաստավորումից: Դրանք աղբյուրների ակունքներն են, ճանապարհից դուրս գտնվող հեռավոր ու մենավոր խաչքարերը, սրբազան ծառերը, գերեզմանները, եկեղեցիների ավերակները, կիսականգուն պատերն ու մատուռները…

«Աստվածածնա պարը» դանդաղ, հանդիսավոր պար է: Պարում են կլոր,  պարտադիր փակ շրջանով: Կանգնում են կողք կողքի, երեսները դեպի շրջանի կենտրոնը: Ձեռքերը բռնում են թևկախ, ափ ափի:
Գրառված «Աստվածածնա պարում» տեմպը դանդաղ է, ռիթմը՝ անհավասար: Պարեղանակը 7/8 է: Ամեն մի քայլը զբաղեցնում է 1/16 ժամանակ և նույնքան էլ դադար է պահվում:

Պարային քայլերն են․
1. աջ թաթով քայլ դեպի աջ՝ երկրորդ դիրքից կես թաթ առաջ,
2. ձախով քայլ միացում՝ վեցերորդ դիրքից կես թաթ առաջ,
3. կրկնել 1-ի քայլը,
4. ձախ ոտքի ծունկը  90˚ անկյամբ վեր բարձրացնել, ապա անկյունը բաց անելով՝ թաթն առաջ մղել մինչև աջ ոտքի ծնկի մակարդակը,
5. ձախ թաթով քայլ դեպի ձախ՝ երկրորդ դիրքից կես թաթ ետ,
6. աջ թաթը բարձրացնել ճիշտ այնպես, ինչպես ձախը 4-ին,
7. աջ թաթը միացնել ձախին՝ առանց մարմնի ծանրությունն ընդունելու:

Պարի բոլոր հաշիվներին կատարել մեկ ծունկկոտրուկ՝ 1/16 տևողությամբ: Յուրաքանչյուր հաշվին քայլից հետո կատարել իրանի աջ  ու ձախ 15˚ առանցքային թեքումներ, այսինքն` շորորալ:

Մինչև համաշխարհային երկրորդ պատերազմը պարն ավանդաբար կատարել են տարին մեկ անգամ՝ Աստվածածնի Վերափոխման տոնին:  Հետագայում, Աստվածածնի պաշտանմունքի խարխլման հետևանքով, պարն աստիճանաբար մոռացության է տրվել, մի բան, որը ծիսական պարերի համար դարձել է ընդհանուր երևույթ: