ՔԵՐԾԻ

Ռազմական պարերի մեջ իր ուրույն տեղն ունի «Քերծի» պարը: Կան ենթադրություններ, թե այն որսորդական պար է: Սա մեկ անգամ ևս ապացուցում է պարի ռազմական բնույթ ունենալը: «Քերծիի» որսորդական պար լինելու օգտին են խոսում  Վասպուրականի Ոզմ գավառից գաղթած և Արտաշատի շրջանում հաստատված բնակիչների մեկնաբանությունները: Նրանցից գրառված պարատեսակում պարաքայլի առաջ տանող քայլերը կատարվում են կիսակքանիստ, որը համեմատվում էր որսի գնացողի գաղտագողի շարժումների հետ: Պարի անվանումն առաջացել է գյուղի անունից: Երաժշտական չափը հավասար է 3/4: Այն պարվում է դհոլի և զուռնայի նվագակցությամբ:

Գրառվել է նաև «Քերծիի» երկու մասից կազմված պարաձև, որի երկրորդ մասում արագությունը զարգանում է: Պարողները շարվում են մեկ գծով: Երբեմն կարող են պարել երկու գծով, իրար դիմաց կանգնած շարքերով:  Գծով առաջ շարժվող պարաքայլերը մեկնաբանվում են որպես հակառակորդի վրա հարձակման արտացոլում: Դրանց հետևող տեղում շարժումներից հետո շարքը վերադառնում է իր ելման դիրքին: Վերադառնալու ընթացքում մասնակիցները վերադասավորվում են իրար թիկունքի կանգնած դիրքով, այսինքն՝ 90˚ դարձումներով:  Երկու շարքով պարելու ժամանակ առաջ գնացող և վերադարձող պարաքայլերի տարբեր համադրումները թերևս մեկնաբանվում են որպես մի կողմի հարձակման, մյուսի ինքնապաշտպանության և ապա հակահարձակման անցնելու արտացոլում: Ձեռքերը բռնում են ափ ափի, խաչված մատներով, թևկախ վիճակում: Պատահում է նաև, որ պարում են ձեռքերը ճկույթներով բռնած: