ՍՐԱԲԱՐ

Համշենահայերի շրջանում ամենատարածված պարերից է «Սրաբարը» («սրա» նշանակում է շարք, այսինքն՝ շարքով պար), որի տարատեսակներից է նաև «Հայսին բարը»:

Հայաստանի բոլոր գավառների հարսանիքներում ընդունված վերջաբան է «Հարսի պարը», որից հետո ավարտվել են և՛ պարերը, և՛ հարսանիքը: Այս պարը հատուկ արարողություն է: Համշենահայերը ևս «Հայսին բարը»՝ հարսի պարը, կատարել են այն ժամանակ, երբ հարսանիքը մոտեցել է ավարտին: Պարին մասնակցել են բոլոր զույգերը: Այրիներին ու ամուրիներին արգելվել է մասնակցել: Հարսը պարաշրջան մտել է արդեն երեսը բաց: Պարը բոլորվել է միայն երեք շրջան, գերակշռող ուղղությունը միայն աջ է:

«Հայսին բարն» ունի մի առանձնահատկություն ևս: Այն կատարվում է երկու անգամ. առաջինը` հարսի տնից դուրս գալու ժամանակ, որպես հրաժեշտի պար, երկրորդը` հարսանիքի վերջում: Հարսի պարը միաժամանակ դառնում է սահմանագիծ` կյանքի մեկ շրջանն ավարտելու և մյուսն սկսելու համար: Պարը կատարվում է այսպես. երկսեռ զույգերը փակ շրջան են կազմում տան կենտրոնում գտնվող օջախի շուրջ, կողք-կողքի, թևերը` 90˚ անկյունով դեպի առաջ ծալած, դեմքերը դեպի շրջանի կենտրոնը:

Պարային քայլերն են․
1 հաշվին ձախ ոտքը խաղում է՝ փոքր ինչ բարձրացվում և վերադառնալով՝ ընդունում մարմնի ծանրությունը,
2-ին` նույնը կատարում է աջ ոտքը,
3-ին` ձախը կրկնում է առաջին շարժումը,
4-ին` աջ ոտքը խաղում է՝ փոքր-ինչ բարձրացվելով,
5-ին` աջ ոտքով  կատարվում է քայլ դեպի աջ՝ կես քայլ հեռավորությամբ,
6-ին` ձախ ոտքով քայլ-միացում. ոտքը դնում են սահեցնելով, առանց գետնից շատ բարձրացնելու:

Տղամարդիկ երբեմն տեղափոխվող ոտքը, թեթև բարձրացնելով, խաղացնում են օդում: Պարը խիստ հանդիսավոր է:

Համշենցիները «Սրաբարը» համարում են «Թռթռուգի» և «Ձօնդր բարի» (ծանր պար) միջին տեսակ կամ հանգիստ «Թռթռուգ»:

«Սրաբարն» ունի երգվող սիրային տեքստ, բայց հազվադեպ է պատահում, որ պարեն երգելով: Հիմնականում պարում են քեմոնայի նվագակցությամբ: Ունի հավասարաչափ ռիթմ, աստիճանաբար արագացող տեմպ: