ՇԱՎԱԼԻ

«Շավալին» Կարնո հին շորորաձև երգ-պար է: Կարնո նահանգի տարբեր շրջաններում շատ կան պարեր, որոնք կատարվում են այս մեղեդու նվագակցությամբ: Թեև Կարնո նահանգում ամենատարածված «Շավալին» 6/8 տեմպով է, պարի որոշ տարատեսակներ կատարել են 10/16 տեմպ ունեցող մեղեդու նվագակցությամբ: Ոմանք պարին տալիս են «Շավալի» անունը:

«Շավալին» հարսանեկան պարի մաս է կազմել և մինչ օրս հիշվում է որպես պարտադիր կատարվող հարսանեկան պար։ Ոմանք նույնիսկ այն համարում են միայն հարսանեկան պար, հիշատակվում է նաև որպես խնամու պար։ Ժողովրդի հուշերում պահպանված պարերգի երկու տողն այսպես է հնչում.

Խնամի ջան պարըմ եմ սօրվէ,

Էրգուս գնա մեկ շօրօրա…

(Կարնո բարբառ)

Հարսանիքներում խնամին կարևոր դեր է ունեցել և հնարավոր է, որ նրա կատարմամբ հատուկ ծիսական պար գոյություն ունենար: Խնամին այս պարում պետք է պարբաշու (պարի ղեկավարի) կամ մեկ ուրիշ շատ կարևոր դեր խաղացած լինի: Ցավոք, այժմ որևէ տեղեկություն այդ մասին չկա: Հայտնի չէ նաև, թե խնամին հարսի՞ ծնողներից մեկն է, թե՞ փեսայի:

Ջավախքում և Ախալցխայում վերաբնակեցված Կարնո հայերի շրջանում պահպանված է հետևյալ ավանդույթը, որ հարսանիքի ընթացքում թամադան հրամայում է հարսանքավորներին ազատել պարահրապարակը, որպեսզի խնամիները պարեն: Սրանից կարելի է ենթադրել, որ այն հարսի բարեկամների պարն է եղել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարսի բարեկամներն ավելի զուսպ էին և աշխատում էին հիմնականում չպարել:

Շորորաձև պարերը նախկին տոտեմների, տնային աստվածությունների և տվյալ օջախի նախնիների պաշտամունքի մնացորդներ են. դա են հաստատում պարում առկա ձախ գնացող քայլերը և շորորալը: Պարի ընթացքում պարողների շարժումները պահպանողական են՝ մեղմ, վեհանձն և ծանր: Երբ պարում են միայն կանայք, պարի գեղեցկությունը և կանանց հեզաճկուն շարժումները հիշեցնում են «ՈՒզունդարան»: Պատմողներն այս պարը նմանեցնում էին Կարնո պարարվեստի մեկ այլ մոռացված նմուշի՝ «Հուշիկ-մուշիկ» պարին, որի տարբերությունը «Շավալուց» կողք գնացող քայլերի ժամանակ մարմնի դիրքի, կեցվածքի մեջ էր:

Պարը կլոր է, կատարում են խառը՝ հիմնականում միջին տարիքի տղամարդիկ ու կանայք: Պարում են շրջանով՝ երբեմն բացելով շրջանը: Ձեռքերը բռնում են ճկույթներով, ափերը պահում են ուսերի բարձրությամբ: Տեմպը միջին արագության է, ռիթմը՝ հավասարաչափ:

Պարային քայլերն են․

1. ձախ ոտքով քայլ դեպի ձախ՝ մարմինը շորորաձև պտտելով դեպի ձախ,
2. աջ ոտքը միացնել ձախին՝ ընդունելով մարմնի ծանրությունը և մարմինը շորորաձև պտտելով դեպի աջ,
3-4 և 5-6 քայլերին՝ համապատասխանաբար կրկնել առաջին երկու պարաքայլերը.
7. կրկնել առաջին քայլը,
8. աջ դարձում կատարելով՝ աջ ոտքը խաղացնել՝ 45 աստիճանով դեպի աջ թեքելով,
9. ձախ դարձում կատարելով՝ ձախ ոտքը խաղացնել՝ 45 աստիճանով դեպի ձախ թեքելով,
10. կրկնել 8-րդ շարժումը,
11. աջ թեքված մարմնով աջ ոտքով քայլ կատարել դեպի աջ,
12. աջ թեքված մարմնով ձախ ոտքով քայլ կատարել դեպի աջ,
13. ձախ ոտնաթաթի վրա պտտվելով՝ ուղղել մարմինը՝ միաժամանակ մարմնի ծանրությունը տեղափոխելով աջ ոտքի վրա,
14. ձախ ոտքը խաղացնել՝ 45 աստիճանով դեպի ձախ թեքելով: