ՅԱՐԽՈՒՇՏԱ

«Յարխուշտա» ռազմական խաղ-պարը պատկանում է ծափ պարերի տեսակին և առանձնանում է յուրօրինակ կառուցվածքով, խաղային, երաժշտական, բանահյուսական տեքստերով և կատարման գունեղ ոճով: Ծափ պարերը հայկական ռազմական պարերի տեսակներից են: Այդ պարերում շարժումները շեշտվում են հանդիպակած զույգի հետ ծափերով, որոնք կարծես թե փոխարինում են զենքերին և յուրովի նմանակում դրանց հարվածն ու բախման ձայնը: Հայկական ռազմական ծափ պարերից են` «Խարզանի յարխուշտա» կամ «Թաք յարխուշտա», «Սլիվանի յարխուշտա», «Մաչինո», «Մընդո», «Հալա կըշտա», «Դե բժան, բժան» պարերը:

Ծափ պարերում առանձնանում է հանդիպակած զույգի հետ ծափերի կատարման երկու տեսակ` ծափեր զույգի հետ մեկ ձեռքով և ծափեր երկու ձեռքով: Երբ ծափերը կատարվում են մեկ ձեռքով, այդ դեպքում մեկ կողմը հանդես է գալիս որպես հարձակվող, իսկ մյուսը` պաշտպանվող: Երբ ծափերը կատարվում են երկու ձեռքով, հանդիպակած կողմերը հարձակվում, զարկում և պաշտպանվում են միաժամանակ: Այս դեպքում երկու կողմերն էլ հարձակողական դիրքերում են:

«Յարխուշտա» ռազմական խաղ-պարը տարածված է եղել Սասունում: Պարի անվանումն ունեցել է տարբեր մեկնաբանություններ, որոնցից մեկն այն է, որ այն նշանակում է «զենքի ընկեր»: «Յար» պարսկերեն նշանակում է «սիրեցյալ», «ընկեր», իսկ «խըշտ», «խըշտիկ»` «կարճ նիզակ», «զենք»:

Խաղ ու պար տերմինները հոմանիշներ են: «Յարխուշտան» այն խաղերից է, որոնք ներկայացնում են խաղի և պարի միջանկյալ ձևը կամ մեկից մյուսին անցնելու ընթացքը: Ռազմական այս խաղին բնորոշ են անհատների և խմբերի միջև թատերականացված մնջախաղային երկխոսությունները, մենամարտ-մրցույթը, կռվախաղը, խաղի մրցակցային ոգին, հաղթող ու պարտվող կողմերի առկայությունը:

Խաղացողները բաժանվել են երկու խմբի: Խաղի սկիզբն ավետել են մարտիկների երեք ծափերը, որոնցից հետո նրանք ուղիղ գծաշարով հարձակվել են միմյանց վրա, երեք անգամ ձեռքերը միմյանց զարկել ու նորից ետ նահանջել: Այդ ամենը կատարվել է խիստ համաչափ, ռիթմիկ, ուղեկցվել երգ ու պարով: Այդ ռիթմիկ խաղը շարունակվել է այնքան, մինչև որ կողմերից մեկն իրեն պարտված է զգացել: «Յարխուշտա» խաղացողները ռազմական տարազ և դաշույն են կրել:

Ժամանակի ընթացքում «Յարխուշտա» խաղային տարրը փոքր-ինչ պասիվացել է՝ տեղի տալով շարժումների պարային բնույթին: Դրա հիմնական դասավորությունը շրջանն է, որը պարբերաբար քանդվում է և վերադասավորվում հանդիպակաց երկու ուղիղ գծի: Այդ գիծ-մարտաշարքերը մոտենում են միմյանց, կարծես թե հարձակվում իրար վրա: Այնուհետև պարողները բախվում են ծափերով և հեռանում, նահանջում: Մարտաշարքերը պարելով քանդվում են կամ վերադասավորվում շրջանի։

Շրջան – երկու շարք – շրջան դասավորությունների այս հերթագայումը բնութագրում է պարի հիմնական կառուցվածքը և կարծես թե խորհրդանշում ընդմիջվող բեկումներով ընթացող տիեզերական անվերջության գաղափարը:

«Յարխուշտայի» հիմնական պարաքայլն ընդմիջվում է հակառակորդ զույգերի ծափերով և մեկ ոտքի ծունկը գետին զարկելով: Պարաձևերը հերթագայում են մեկը մյուսին՝ ավանդական պարին բնորոշ սահմանված կարգով, սակայն առկա է նաև ազատ իմպրովիզացիան, հատկապես շրջանով պարի ժամանակ: Պարողները կարող են մինչև հաջորդ մարտաշարք ձևավորելն առանձին պտույտներ կատարել տեղում, ծափ տալ, ձեռքերն իջեցնել կամ այլ դիրքեր ընդունել: Դա պարի այն հատվածն է, երբ մարտիկները կարծես թե տրամադրվում են, նախապատրաստվում հարձակման և մարտը սկսվում է այն պահից, երբ մարտաշարքերը քանդվում են:

Կոմպոզիտոր Սպիրիդոն Մելիքյանի գրառմամբ՝ «Յարխուշտայի» երաժշտական չափը 2/4 է: Այն սկսվում է միջին տեմպով, աստիճանաբար արագանում: Հնում «Յարխուշտան» կատարվել է երգի ուղեկցությամբ:

Երգի տեքստը կարճ է և շարունակաբար կրկնվում է․
Տոզիլբանո, տոզիլբան,
Տոզիլբանո, տոզիլբան…

Բառերի իմաստը հայտնի չէ, հավանաբար մարտական կանչ է խորհրդանշում: Պարի կատարումն ուղեկցվել է նաև դհոլ-զուռնայի նվագակցությամբ, որը, զարգացնելով բանահյուսական երգի մեղեդին, ամբողջացրել է պարը:

«Յարխուշտան» այն յուրօրինակ ավանդական պարերից է, որը շատ քիչ փոփոխությունների է ենթարկվել: Այն տարածված է եղել նաև բեմական պարարվեստում: Դեռևս XX դարի 30-ական թթ. այն բեմականացրել են Սրբուհի Լիսիցյանը և Վահրամ Արիստակեսյանը: