«Մեր պարերը և մենք» հոբելյանական բաց դաս

Դեկտեմբերի 25-ին, ժամը 19:00-ին, Նարեկացի Արվեստի Միությունը և «Կարին» ավանդական երգի-պարի խումբը իրենց հավատարիմ հետևորդներին և հայկական պարի բոլոր սիրահարներին սիրով հրավիրում են «Մեր պարերը և մենք» հայկական պարի բաց դասի հոբելյանական հանդիպմանը:

10 տարի առաջ, 2005 թվականի դեկտեմբերին, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավարի, մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի և «Մեր քաղաքը մեր տունն է» հիմնադրամի ակտիվիստների առաջարկով, Նարեկացի Արվեստի Միության հետ համատեղ, կայացավ հայկական պարի բաց դաս: Առաջին միջոցառմանը հաջորդած «Մեր պարերը և մենք» հայկական պարի բաց դասերը՝ դառնալով շարունակական, արդեն մեկ տասնամյակ, աշնան և ձմռան ամիսներին ավանդաբար անց են կացվում Նարեկացի Արվեստի Միության հյուրընկալ հարկի տակ:

Տարեվերջյան, հոբելյանական բաց դասը տեղի կունենա Հայստանի խուլերի միավորման վարչության սպորտդահլիճում (Եզնիկ Կողբացու փող., 75 շենք, 3-րդ հարկ): Տոնական հանդիպմանը ներկա են լինելու այս շատ շատերի կողմից սիրված նախաձեռնության բազմաթիվ բարեկամներ, հայկական ավանդական երգի և պարի ասպարեզի ներկայացուցիչներ: Մասնակիցներին սպասվում է տոնական միջոցառում, անակնկալներ և անսպառ հայկական խրոխտ պարեր:

Սիրով սպասում ենք բոլորին:

Մուտքն ազատ է:
Հեռ. +374 11 201020