ԼՈՒՏԿԻ

«Լուտկին» Վանա պարերից է: «Լուտկի» անվան արմատը «լույտն» է, որից առաջացել են լուտալ, լուտանալ բայերը, լուտանք գոյականը և այլն: «Լուտալ», «լուտանալ» նշանակում է, հարձակվել, ինչ-որ մեկի վրա կշտամբանքով նետվել, խայտառակել, փնովել, հայհոյել, անիծելե:

Հին կախարդ-քրմերի գործառույթների մեջ միշտ չէ, որ մտնում էին բարի կախարդությունը, մոգությունը և հմայությունը: Նրանք հաճախ ամբողջովին ,վստահե իրենց ուժերի վրա, փորձանք էին կոչում իրենց թշնամիների կամ իրենց համար ոչ ցանկալի անձանց նկատմամբ, ինչպես փոքր թռչնակների հանդեպ վարվում էր նրանց տոտեմական նախակերպար Կատակ թռչունը: Աստիճանաբար նմանատիպ գործառույթները, փոքր-ինչ մեղմացված և առանց կախարդական նշանակության, անցել են կախարդ-քրմերի ժառանգորդներին` խեղկատակներին և ծաղրածուներին, որոնք էլ ստացել են այլոց դատապարտելի արարքները բացահայտելու, ծաղրելու, հայհոյելու իրավունքը: Նրանք իրենց ծաղրով ու սրամտություններով ուրախացնում էին մարդկանց մի մասին՝ մերկացնելով և դիպուկ պարսավանքով նեղելով մյուսներին, ինչը հետագայում վերածվեց սոցիալական պայքարի գործիքի, հարստահարողների դեմ հարստահարվողների զենքի: «Լուտկի» անվան արմատը վկայում է, որ այն առնչվում է նմանատիպ ծաղրածու-խեղկատակների պարերին:

Հայերեն «զարնել», «հարկանել» բայերի, հետևաբար նաև «ոտ զարնել» պարատեսակների անվանման մեջ պարփակված են բազում հասկացություններ, որոնք բնորոշում է նաև «լուտալ» բայը:

«Լուտկի» պարում «ոտ զարնելը» կատարվում է ոտքի ողջ ներբանով, և ոտնաթաթով: Շարվում են կողք-կողքի, որը չի փոփոխվում նույնիսկ դարձումների ժամանակ, ճկույթ ճկույթի, արմունկները ծալում ուղիղ անկյան տակ: Դաստակները գոտկատեղի բարձրությամբ առաջ պարզած, և գրեթե անշարժ են:

«Լուտկի» պարի բոլոր շարժումները փոխանցում են ցոլցլացող, կայծկլտացող ուրախություն: Սա խեղկատակների, մերկացնողների կատակ-պար է: Նման բովանդակությունն ընդգծվում է նաև նրանով, որ «Լուտկին» շատ տեղերում միայն տղամարդկանց պար է, և միայն վերջերս են սկսել պարել համատեղ, խառը: