ԵՐԵՔ ՈՏՔ

«Երեք ոտքը» կամ «Իչարաղլին», որը թուրքերեն նշանակում է «երեք ոտք կամ քայլ», Ջավախքում շատ սիրված ու տարածված պարաձև է: Այս ձևին են պատկանում շատ պարեր, որոնցից գրանցվել են «Ջամբար ամի» կամ «Չամբար ամի», «Պուդուդի» և «Երեք ոտք» անունը կրող մի  շարք պարեր:

«Ջամբար ամի» պարանունը տեղացիները բացատրում են հետևյալ կերպ. Ջամբարն անուն է, իսկ «ամի» նշանակում է հորեղբայր: «Ճամբար» նշանակում է գլխի ժապավեն, պարսկերեն՝ շրջան, օղ, նաև՝ մանյակ կամ վարսակալ: «Պուդուդի» նշանակում է պուտեր ունեցող, խատուտիկ: Հավանաբար պարն այդպես անվանել են մանր քայլերի համար:

«Երեք ոտքի» բնորոշ ձևը համարվում է «Ջամբար ամին»: Ջավախքի տարբեր գյուղերում և քաղաքներում պարը պահպանվել է հենց «Երեք ոտք» անունով: «Երեք ոտք» պարաձևում քայլերը հիմնականում շեշտված են, այսինքն՝ քայլում են «ոտ զարկելով»: Զարկերը կարևոր դեր են ունեցել պարի նպատակադրման մեջ: Այդ մասին տեղացիներն ասում են. «ոտը գետնին զարկելը չարքի համար է. կզարկենք որ չարքը փչանա»:

Պարերգի բանավոր տեքստից մնացել են իրար հետ չառնչվող թուրքերեն մի քանի տող: Սովորաբար պարում են զուռնայի նվագակցությամբ, բայց երբեմն օգտվում են պարերգերի տեքստերից: Պարում են խառը: Ձեռքերը բռնում են տարբեր ձևերով, բայց ավելի տարածված է ափ ափի բռնելու ձևը: Արմունկները կիսածալվում են սուր անկյան տակ, դաստակները ուսերի բարձրության են: Տեմպը դանդաղ է, ռիթմը՝ հավասարաչափ: Պարեղանակը 6/8 է: Ամեն քայլ զբաղեցնում է 3/8 տևողություն: Պարի բոլոր հաշիվներին կատարում են մեկ ծունկկոտրուկ:

Պարային քայլերն են․
1, 2, 3 հաշվին երեք անգամ ձախ թաթը ամբողջ տապանով շեշտված զարկել,
4-ին`  ձախով քայլ դեպի ձախ ու ետ,
5-ին` աջով քայլ միացում,
6-ին` կրկնել չորրորդ քայլը,
7-ին` աջ թաթի մատներով թեթև զարկել ձախի մատների մոտ,
8-ին՝ աջով քայլ միացում: