ԳՈՐԱՆԻ

«Գորանի»-ները վշտի պարեր են` կապված հասարակական կամ տարերային աղետները ողբալու հետ: Այս պարերին մասնակցում են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ՝ հիմնականում առավել տարեցները:

Ժողովրդական մտածողությամբ՝ մարդու աջ կողմը լավության, հաջողության, իսկ ձախը՝ անհաջողության կողմն է: «Աջ» բաղադրիչը կա նաև «առաջ» բառում, որը նույնպես ունի առաջխաղացման, հաջողության իմաստ: Շարժման մեջ աջ ու առաջ գնալն ընկալվում է որպես հաջողություն ու լավություն: Նույն սկզբունքով ետ ու ձախ գնալը համարվել է անհաջողություն:

Պարաշրջանը համարվում է կյանքի շրջան: Պարողների՝ աջ ու ձախ կատարվող քայլերի համադրությունը ժողովուրդն ընդունում է որպես տատանման ռեալիստական արտահայտություն՝ չար ու բարու իրար հաջորդող համադրություն: Կյանքի տատանման հետևանքով կատարվող ալիքավոր շարժումը, որը, ի վերջո, գնում է աջ կամ ձախ, դառնում է պարողների շարժման գերակշռող տեղափոխության ուղղություն:

«Գորանին» ունի ընդհանուր ձախ և հետ գնացող տեղաշարժ: Պարի հատակագծում քայլերի գծերի անկյուններն ուղղված են ինչպես դեպի կյանքի շրջան, այնպես էլ նրա սահմանից դուրս՝ անդրշիրիմյան աշխարհ: Միաժամանակ հատակագծի ողջ զարդանկարն ասես պատկերում է մայր մտնող արև: Պարաշարքի կառուցվածքը մեկ շարք է, որը վերածվում է աղեղի: Կանգնում են ուս ուսի՝ ասես ընդհանուր վշտի մեջ համախմբված: Ձեռքերը միահյուսվում են ճկույթներով և ծալվում արմունկներում՝ ուղիղ անկյան տակ: Դաստակները ուղղված են առաջ: «Գորանի» պարի մի տարբերակում ձեռքերը ճոճվում են ուղղահայաց՝ վերև, ներքև, և հորիզոնական՝ ձախ, աջ, ձախ, տարբեր պարբերականությամբ, բայց նույն հաշվին միևնույն ուղղությամբ: Մեկ այլ տարբերակում՝ յուրաքանչյուր քայլի ընթացքում ձեռքերը կատարում են երկուական շեշտված պտույտներ: Ոչ մեծ պտույտները կատարում են առանց դաստակները ծալելու, բայց արմունկների ծալումներով, որը զուգորդվում է արմունկներից մինչև մատները շառավղային պտույտներով: Պտույտների ժամանակ ձեռքերը փոքր-ինչ իջնում են գոտկատեղից, իսկ բարձրանալուց կրծքից չեն անցնում: Պարաձևը կազմված է 12 քայլից, և ընդամենը մեկ փոքր և մեկ խոշոր քայլ տեղաշարժում է դեպի ձախ:

Գրեթե բոլոր այս պարերը կապված են տարերային և հասարակական աղետների՝ երաշտի, ճակատամարտի, պարտության, սննկացման, առաջնորդի մահվան և այլնի հետ: Այժմ պարը ստացել է ավելի կենցաղային բնույթ և կատարվում է ցանկացած առիթով:

«Գորանի» անվանումը կապված է հայերեն «գոռ» արմատի հետ, որը նշանակում է աղմուկ, ժխոր, շփոթ, խուճապ, ծեծկռտուք, մարտ, կռիվ: «Գոռալ» նշանակում է ճչալ, ոռնալ, բղավել, «գորան»՝ անմշակ:

«Գորանիի» Ալաշկերտի տարբերակում առաջնորդը կամ պարողներից որևէ մեկը, երբեմն պարող կանանցից մեկը գլխին է դնում ջրով լի պղնձե թասը, որը ձեռքերով պահել չի կարելի: Ոտքերի շարժումները պետք է չափազանց դանդաղ լինեն և պատկերեն օձի շարժումները ջրում: Պարողների ծնկների խորը կքանիստերն ու ուղղումները պետք է փոխանցեն օձի ընկղմումը ջրի մեջ և ջրի մակերես դուրս լողալը: Պարաձևի այս տարբերակի հարթ հատակագիծ ունենալը և աջ ընդհանուր տեղաշարժերը փաստում են մոգական գործողության դրական նպատակների մասին: Սա արդեն ոչ թե երաշտի ողբ է, այլ լավատեսությամբ անձրև կանչելու ծես: