Հայ ժողովրդի՝ ձեռքերը բռնած կոլեկտիվ պարերը, որոնք դանդաղ կատարվող «երկու գնալ, մեկ դառնալ» պարաձևի բազմաթիվ կատարումներից են, կոչվում են «ծանդր գյոնդեր»: Այս պարերում տեղաշարժը կատարվում է չափազանց դանդաղ։ Ճիշտ է, տեմպը աստիճանաբար փոքր-ինչ արագանում է, բայց չի հասնում չափավոր արագության: Հնում այս պարերին մասնակցում էր միանգամից մի քանի հարյուր մարդ:

«Ծանդր», «ծանր» նշանակում է ոչ միայն դանդաղ, այլև բազմամարդ: «Գյոնդ» կամ «Գյովընդ» անվանումները «գունդ» բառի արտասանության հին ձևերն են և նշանակում են մարդկանց հավաքույթ, ժողով, ընդհանրություն, ռազմարվեստում՝ ռազմական մեծ համախմբվածություն: Հետևաբար «գյովընդ» անվանումն ունի «կոլեկտիվ, մասսայական, համայնքային պար» նշանակությունը: Այս պարաձևում տեղաշարժը դեպի կողք է՝ մե՛կ մի ոտքը կողք տեղաշարժելով, մե՛կ մյուսը նրա մոտ տեղադրելով, որն էլ իր վրա ընդունում է մարմնի ծանրությունը: Կողք տեղաշարժվող այլ պարերում հանդիպող խաչվող քայլի փոխարեն կատարվում է կցորդ քայլ: «Երկու գնալ, մեկ դառնալ» պարաձևը կազմված է միևնույն տևողությամբ վեց շարժումից, որոնցից յուրաքանչյուրը տեղի է ունենում միևնույն ժամանակային տևողությամբ:

Այսպիսով, առաջին չորս հաշվին կատարվում է երկու քայլ տեղաշարժ դեպի աջ, ընդ որում՝ 4-րդ հաշվին ձախ ոտքը խաղում է (տարբեր պարերում ոտքը «խաղում» է տարբեր ձևերով): 5-րդ հաշվին ձախ ոտքով կատարվում է ոչ մեծ քայլ դեպի ձախ՝ ոտքը դնելով ոտնաթաթը դեպի առաջ, ինչպես մյուս քայլերի ժամանակ: 6-րդ հաշվին աջ ոտքը խաղում է, ճիշտ նույն կերպ, ինչպես ձախ ոտքը 4-րդ հաշվին: Իրականում դեպի ձախ կատարվում է մեկ քայլ, որն էլ ժողովրդի կողմից բնութագրվում է «մեկ դառնալ» տերմինով:

Այս պարաձևերը տարբերակվում են ըստ տեմպի, ըստ խաղացող ազատ ոտքի, ըստ ձեռքերը բռնելու ձևի և այլն:

ԳՅՈՆԴ (ԳՅՈՎԸՆԴ)

«Վեր-վեր» տեսակի պարերն ու պարերգերը շատ են տարածված Հայաստանի բոլոր շրջաններում: «Վեր-վեր», «Վերվերի» կամ «Վերվերուկ» պարատեսակը, որի հիմքում ընկած է «երկու գնալ, մեկ դառնալ» պարաձևը, հայկական պարերի շատ ինքնատիպ տեսակ է: Նրանում տեղ գտած քայլերն ու թռիչքները հարթ հետագիծը վերածում են ոլորանի: Այս տեսակ պարերը առնվազն երկու մասից են կազմված, իսկ երբեմն՝ երեք,  չորս և ավելի: Ժողովուրդն այսպիսի պարերի առաջին մասը, ըստ տեմպի, բնութագրվում է որպես դանդաղ` «ծանդըր»: Մեծամասնությամբ «Վերվերի» պարերը մաժորային են` կենսուրախ: Տրամադրությունը նրանցում ուրախ է, երբեմն՝ կատակային:

«Թռնոցի», «Թռնոկի», «Թըռման», «Թըվերք», «Թըռվերի», «Թըռվըռուն»․ սրանք արագ պարերի անվանումներ են, որոնցում բոլոր մասերը արագ են ու թեթև, կամ առաջին մասը չափավոր տեմպ ունի, իսկ հետագա մասերը՝ արագ: Բոլոր վերոնշյալ բառերը նշանակում են թռիչք՝ կազմված են «թըռ» արմատով: Ահա թե ինչու «Թըռնոցի» բոլոր պարերը թռիչքային են: «Վեր» արմատը կամ «վերանալ» բայը նշանակում է ձգտել դեպի վեր, բարձրանալ, աճել: Այսպիսի ուրախ, ցնծալի պարերի առաջնորդները կոչվել են «վերվերիչներ», որոնք պետք է իրենց բարձր թռչելու արվեստով օրինակ ծառայեին մատաղ սերնդի աճի հմայման հարցում:

Գրաբարում այս պարաձևը կոչվում էր «Վերնապար», այսինքն՝ «պար դեպի վեր» կամ «վեհամբարձ պար»: Հայկական պարերում թռիչքների և ոստյունների բովանդակությունը եղել է պարողների ձգտումը թռիչքների բարձրությամբ մոգական ազդեցություն թողնել բույսերի, թռչունների, կենդանիների, ինչպես նաև սեփական ժառանգության աճի վրա:

«Վեր-վեր» տեսակի պարաձևի նմուշներից մի քանիսում ձեռքերը բռնում են ուսերից` ուս-ուսի, որի ժամանակ պարողներն իրենց թաշկինակները՝ «յայլուխները», ամրացնում են գոտկատեղից: Պարաշրջանը ձեռքերով փակելը կարող էր կրել նաև նմանակող բնույթ, քանզի այսպիսի շուրջպարը վերաբերվում էր նաև աստղերի պաշտամունքին: Աստղերի հետ էր կապված պտղաբերությունը երկրի վրա, ինչպես նաև պսակի ձևը:

ՎԵՐՎԵՐԻ

Հայկական պարավեստում կան պարանմուշներ, որոնք չեն պատկանում որևէ ծեսի, որևէ ազգային տոնի, կատարվում են բոլոր տոների և տոնակատարությունների ժամանակ: Այդ պարերի շարքին թերևս կարելի է դասել Վասպուրկանի ամենադիտարժան պարերից մեկը` «Ծաղկաձորին»: Այն հիմնականում պարել են ուխտատեղիներում ուխտագնացությունների ժամանակ: Անվան ծագումը կապվում է Վասպուրականում գտնվող համանուն տեղանքի հետ, որտեղ կային մի քանի մատուռներ, սրբատեղիներ, և դեպի ուր տարբեր ազգային տոներին  ուխտագնացության էին գնում Վասպուրականի տարբեր բնակավայրերից:

«Ծաղկաձորին» կապված է պտղաբերության աստվածությունների և բնության պտղաբերության, բուսական և կենդանական աշխարհի աճի վրա մոգական ազդեցություն ունեցող գործողությունների հետ: Պարի կապը  պտղաբերության հետ մատնանշում են նրանում տեղ գտած բարձր թռիչքները, որոնցով պարողները ուզում էին ստանալ մոգերի բարեհաճ վերաբերմունքն իրենց բերքի աճի նկատմամբ: Պարի ձախ և աջ կտրուկ դարձումները խորհրդանշում են կյանքի տատանողականության, բնության ոչ բարենպաստ փոփոխությունների` երաշտների, կարկուտների և այլնի ազդեցությունը պտղաբերության վրա: Պարաքայլերը վերջանում են դեպի աջ գնացող թռիչքներով:

ԾԱՂԿԱՁՈՐԻ

«Քոչարին» Հայկական լեռնաշխարհում ամենատարածված և ներկայումս ամենապահպանված հայկական պարն է: «Քոչ» արմատը, ըստ երևույթին, կապ ունի չամորձատված՝ չկրտած ոչխարի, խոյի «գոչ», «ղոչ» և «խոչ» անվանումների հետ, գալիս է վաղնջական ժամանակներից և կապված է խոյի պաշտամունքի հետ: Այս սիրված պարատեսակը հրապուրիչ է պատկերավոր գունագեղությամբ և առնական դինամիկայով: Թեպետ պարողներն այլևս չեն հիշում պարատեսակի նախկին «խոյ-այծային» բովանդակության մասին, սակայն ժամանակն ու հետագա շերտավորումը չեն կարողացել ամբողջովին համահարթել պարի նախասկզբնական (վաղնջական) ձևը:

«Քոչարի» պարատեսակի ճիշտ ձևի մեջ հստակ պահպանվել են հնագույն շարժումների արմատները, երբեմնի վարքագիծը, ցատկոտումն ու թռչկոտումը, մարտը, խոյերի ու այծերի պոզահարումը, այծամարդու շարժումները:

Խոյի շարժումների նմանակումն առավել վառ արտահայտված է դեպի առաջ, սրընթաց, հարձակողական շարժումների և ծանրության հենարանի տեղաշարժերի մեջ, որոնցով, ասես արտահայտվում է ախոյանին պոզահարելու ցանկությունը:

ՔՈՉԱՐԻ

Հայաստանում գոյություն ունեն պարեր «Մըշու խըռ» անվանումով, որոնց  մեղեդիները նման են «Քոչարու» երաժշտությանը: «Մըշու խըռ» պարաձևի հիմնական շարժումների հաշիվը նույնպես 8 է, իսկ սխեման կարելի է վերագրել «երկուս գնալ երկուս դառնալ» պարատեսակին: «Քոչարի» և «Մըշու խըռ» պարատեսակի ընդհանրությունը նաև նրանց բովանդակության մեջ է. երկու պարատեսակն էլ պատկերում են կենդանիների: Ենթադրվում է, որ «Քոչարին» այծերի և խոյերի, իսկ «Մըշու խըռը»՝ ձիերի թռիչքների պատկերումն է:

Ըստ որոշ մեկնաբանությունների՝ «խըռ» նշանակում է «կարմիր նշաններով մոխրագույն ձի», այսինքն՝ պարն այլ կերպ կարող է կոչվել «Մշո (Մուշ քաղաքի) ձի»: Ըստ Հրաչյա Աճառյանի՝ «խըռ» նշանակում է․ 1) վեճ, պայքար, 2) բաց, ազատ տարածություն, դաշտ, հարթավայր:

Մեկ այլ մեկնաբանությամբ՝ «խըռ» բառն ունի երկակի նշանակություն՝ սմբակների դոփյուն, թռչկոտում, երբեմն մեկնաբանվում է «Մշո թռիչքներ»: Ըստ երևույթին՝ այս պարատեսակում ներկայացվում է ձիու վարգը և արշավումը:

«Մըշու խըռ» պարողները կանգնում են մեկ շարքով, ուս ուսի, ձեռքերը՝  խաչված և ներքև պարզած, մատները՝ միահյուսված:

ՄՇՈՒ ԽԸՌ