«Շավալին» Կարնո հին շորորաձև երգ-պար է: Կարնո նահանգի տարբեր շրջաններում շատ կան պարեր, որոնք կատարվում են այս մեղեդու նվագակցությամբ: Թեև Կարնո նահանգում ամենատարածված «Շավալին» 6/8 տեմպով է, պարի որոշ տարատեսակներ կատարել են 10/16 տեմպ ունեցող մեղեդու նվագակցությամբ: Ոմանք պարին տալիս են «Շավալի» անունը:

«Շավալին» հարսանեկան պարի մաս է կազմել և մինչ օրս հիշվում է որպես պարտադիր կատարվող հարսանեկան պար։ Ոմանք նույնիսկ այն համարում են միայն հարսանեկան պար, հիշատակվում է նաև որպես խնամու պար։ Ժողովրդի հուշերում պահպանված պարերգի երկու տողն այսպես է հնչում.

Խնամի ջան պարըմ եմ սօրվէ,

Էրգուս գնա մեկ շօրօրա… (Կարնո բարբառ)

Հարսանիքներում խնամին կարևոր դեր է ունեցել և հնարավոր է, որ նրա կատարմամբ հատուկ ծիսական պար գոյություն ունենար: Խնամին այս պարում պետք է պարբաշու (պարի ղեկավարի) կամ մեկ ուրիշ շատ կարևոր դեր խաղացած լինի: Ցավոք, այժմ որևէ տեղեկություն այդ մասին չկա: Հայտնի չէ նաև, թե խնամին հարսի՞ ծնողներից մեկն է, թե՞ փեսայի:

Ջավախքում և Ախալցխայում վերաբնակեցված Կարնո հայերի շրջանում պահպանված է հետևյալ ավանդույթը, որ հարսանիքի ընթացքում թամադան հրամայում է հարսանքավորներին ազատել պարահրապարակը, որպեսզի խնամիները պարեն: Սրանից կարելի է ենթադրել, որ այն հարսի բարեկամների պարն է եղել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարսի բարեկամներն ավելի զուսպ էին և աշխատում էին հիմնականում չպարել:

Շորորաձև պարերը նախկին տոտեմների, տնային աստվածությունների և տվյալ օջախի նախնիների պաշտամունքի մնացորդներ են. դա են հաստատում պարում առկա ձախ գնացող քայլերը և շորորալը: Պարի ընթացքում պարողների շարժումները պահպանողական են՝ մեղմ, վեհանձն և ծանր: Երբ պարում են միայն կանայք, պարի գեղեցկությունը և կանանց հեզաճկուն շարժումները հիշեցնում են «ՈՒզունդարան»: Պատմողներն այս պարը նմանեցնում էին Կարնո պարարվեստի մեկ այլ մոռացված նմուշի՝ «Հուշիկ-մուշիկ» պարին, որի տարբերությունը «Շավալուց» կողք գնացող քայլերի ժամանակ մարմնի դիրքի, կեցվածքի մեջ էր:

Պարը կլոր է, կատարում են խառը՝ հիմնականում միջին տարիքի տղամարդիկ ու կանայք: Պարում են շրջանով՝ երբեմն բացելով շրջանը: Ձեռքերը բռնում են ճկույթներով, ափերը պահում են ուսերի բարձրությամբ: Տեմպը միջին արագության է, ռիթմը՝ հավասարաչափ:

Պարային քայլերն են․

1. ձախ ոտքով քայլ դեպի ձախ՝ մարմինը շորորաձև պտտելով դեպի ձախ, 2. աջ ոտքը միացնել ձախին՝ ընդունելով մարմնի ծանրությունը և մարմինը շորորաձև պտտելով դեպի աջ, 3-4 և 5-6 քայլերին՝ համապատասխանաբար կրկնել առաջին երկու պարաքայլերը. 7. կրկնել առաջին քայլը, 8. աջ դարձում կատարելով՝ աջ ոտքը խաղացնել՝ 45 աստիճանով դեպի աջ թեքելով, 9. ձախ դարձում կատարելով՝ ձախ ոտքը խաղացնել՝ 45 աստիճանով դեպի ձախ թեքելով, 10. կրկնել 8-րդ շարժումը, 11. աջ թեքված մարմնով աջ ոտքով քայլ կատարել դեպի աջ, 12. աջ թեքված մարմնով ձախ ոտքով քայլ կատարել դեպի աջ, 13. ձախ ոտնաթաթի վրա պտտվելով՝ ուղղել մարմինը՝ միաժամանակ մարմնի ծանրությունը տեղափոխելով աջ ոտքի վրա, 14. ձախ ոտքը խաղացնել՝ 45 աստիճանով դեպի ձախ թեքելով:
ՇԱՎԱԼԻ

«Լուտկին» Վանա պարերից է: «Լուտկի» անվան արմատը «լույտն» է, որից առաջացել են լուտալ, լուտանալ բայերը, լուտանք գոյականը և այլն: «Լուտալ», «լուտանալ» նշանակում է, հարձակվել, ինչ-որ մեկի վրա կշտամբանքով նետվել, խայտառակել, փնովել, հայհոյել, անիծելե:

Հին կախարդ-քրմերի գործառույթների մեջ միշտ չէ, որ մտնում էին բարի կախարդությունը, մոգությունը և հմայությունը: Նրանք հաճախ ամբողջովին ,վստահե իրենց ուժերի վրա, փորձանք էին կոչում իրենց թշնամիների կամ իրենց համար ոչ ցանկալի անձանց նկատմամբ, ինչպես փոքր թռչնակների հանդեպ վարվում էր նրանց տոտեմական նախակերպար Կատակ թռչունը: Աստիճանաբար նմանատիպ գործառույթները, փոքր-ինչ մեղմացված և առանց կախարդական նշանակության, անցել են կախարդ-քրմերի ժառանգորդներին` խեղկատակներին և ծաղրածուներին, որոնք էլ ստացել են այլոց դատապարտելի արարքները բացահայտելու, ծաղրելու, հայհոյելու իրավունքը: Նրանք իրենց ծաղրով ու սրամտություններով ուրախացնում էին մարդկանց մի մասին՝ մերկացնելով և դիպուկ պարսավանքով նեղելով մյուսներին, ինչը հետագայում վերածվեց սոցիալական պայքարի գործիքի, հարստահարողների դեմ հարստահարվողների զենքի: «Լուտկի» անվան արմատը վկայում է, որ այն առնչվում է նմանատիպ ծաղրածու-խեղկատակների պարերին:

Հայերեն «զարնել», «հարկանել» բայերի, հետևաբար նաև «ոտ զարնել» պարատեսակների անվանման մեջ պարփակված են բազում հասկացություններ, որոնք բնորոշում է նաև «լուտալ» բայը:

«Լուտկի» պարում «ոտ զարնելը» կատարվում է ոտքի ողջ ներբանով, և ոտնաթաթով: Շարվում են կողք-կողքի, որը չի փոփոխվում նույնիսկ դարձումների ժամանակ, ճկույթ ճկույթի, արմունկները ծալում ուղիղ անկյան տակ: Դաստակները գոտկատեղի բարձրությամբ առաջ պարզած, և գրեթե անշարժ են:

«Լուտկի» պարի բոլոր շարժումները փոխանցում են ցոլցլացող, կայծկլտացող ուրախություն: Սա խեղկատակների, մերկացնողների կատակ-պար է: Նման բովանդակությունն ընդգծվում է նաև նրանով, որ «Լուտկին» շատ տեղերում միայն տղամարդկանց պար է, և միայն վերջերս են սկսել պարել համատեղ, խառը:

ԼՈՒՏԿԻ

«Թարս» բառացիորեն նշանակում է «շրջած», «հակառակ»: «Թարս» բառարմատը հնդեվրոպական նախալեզվում նշանակում է «չորանալ», «ծարավել», ինչն անմիջական կապ ունի թառամելու, երաշտի հետ: «Երաշտ» բառը կապվում է սկզբնաբառի` «թարսի» հետ, որը մարդկանց նյութական, տնտեսական կյանքին պիտի հաղորդեր բերքի կորուստ, չորացում, անձրևով բեղմնավորվելու բնության փափագ: Այստեղից հասկանալի է դառնում, որ եթե «Վեր-վեր» տեսակի պարերը կապված են բնության բերքատվության հետ, ապա «թարս» պարերը երաշտի, անհաջողության, բնության ծարավի, բերքի կորստյան հետ են կապված: Երաշտից տնտեսության մեջ ամեն ինչ հակառակ է գնում՝ «թարսվում է»:

Մարդկանց կյանքում անհաջողությունն ու չարը ոչ միայն երաշտից ու անբերրիությունից կարող են լինել: Հնագույն ժամանակներում հայերի, հավանաբար նաև նրանց նախնիների կրած, վերապրած յուրաքանչյուր աղետի, ողբերգության ողբն ուղեկցվում էր ընդհանուր ձախ` «անհաջող» կողմ ընթացող պարերով: Բայց նման պարերի և երաշտն ու անբերրիությունը ողբացող պարերի հետագծերն իրարից տարբերվում են: Հին ժամանակներում պարել ընդհանուր ձախ տեղաշարժով պարերը նշանակել է կա՛մ ողբալ համայնքին, ընտանիքին հասած աղետը, ողբերգությունը, կա՛մ վնասակար, չար, կախարդական շարժումներով և երգերով՝ հմայությամբ, աղետ ու փորձանք կանչել թշնամու գլխին:

«Թարս պարի» Սարիղամիշի տարբերակում պարաշարքը շրջանաձև է: Պարողները ձեռքերը բռնում են ճկույթներով, կանգնում են իրարից բավականաչափ հեռու, այնպես, որ պարողների՝ 45 աստիճանով առաջ պարզած դաստակները գտնվում են պարողների մեջտեղում:

Արմունկները ծալված են սուր անկյունով:

Պարաձևը կազմված է 10 պարաքայլից․ 1. կատարել բավականին մեծ քայլ ձախ ոտքով դեպի ձախ, 2. աջ ոտքով կատարել քայլ դեպի ձախ՝ խաչաձև անցկացնելով ձախ ոտքի դիմացով, 3. ձախ ոտքով քայլ դեպի ձախ, 4. կրկնել 2-րդ քայլը, 5. կրկնել 3-րդ քայլը, 6. դադար, 7. աջ ոտքով քայլ դեպի աջ, 8. ձախ ոտքով խաչվող քայլ դեպի աջ՝ խաչված դնելով աջ ոտքի կրունկի հետևում, 9. աջ ոտքով մեծ թեք քայլ դեպի աջ և առաջ, 10. ձախ ոտքը բարձրացնել ետ՝ ծալելով ծունկը:

Քայլերը բավականաչափ մեծ են: Պարն ընդհանուր երեք ձախ և երկու աջ տեղաշարժ ունեցող պար է:

Սարիղամիշի «Թարս պարի» ողջ պարաձևը կազմված է միահյուսված պարաքայլերից, ,խորամանկ խառնահյուսքերիցե, թշնամական խարդավանքներից, որոնք էլ արտահայտվում են ոլորապտույտ, ծուռումուռ հետագծով: Հավանաբար այն կարող է նպատակամղված լիներ նաև չար ուժի ներթափանցումը կանխելուն, ոլորապտույտ, գալարուն շարժումների մեջ չար ոգուն խճճելու միջոցով նրա ներթափանցումը համայնք արգելափակելուն: Նմանատիպ զարդանախշեր կան նաև եկեղեցիների, տաճարների դռների, շքամուտքերի, բարավորների վրա, որոնցով փորձ է արվել կանխելու չար ոգու ներթափանցումը եկեղեցի կամ այլ սրբավայր:

ԹԱՐՍ ՊԱՐ

«Թամզարան» հարսանեկան երգ-պար է: Այն հանդիպում է շատ հայկական բնակավայրերում։ Գրառվել է 17-ից ավելի տարբերակ, բայց գրառման ժամանակ պարը ցուցադրողներից ոչ ոք անվանումը չի կարողացել բացատրել:

«Թամզարան» Հ. Ս. Էփրիկյանի «Պատկերազարդ բնաշխարհիկ բառարանում» հանդիպում է որպես հայկական բնակավայրի անվանում: Այս բնակավայրը, բացի «Թամզարա» անվանումից, կոչվում էր նաև «Թամարզա», «Թումարզա»: Որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ «Թամզարա» անվանումը ծագել է Թովմա Արծրունու անունից, ով էլ, իբր, հիմնել է տվյալ բնակավայրը: Հնարավոր է, որ երգ-պարի անվանումն ինչ-որ չափով կապված լինի տվյալ բնակավայրի անվան հետ, ինչպես դա հավաստում է Հ. Աճառյանն իր «Գավառային բառարանում»:

Ըստ Կոմիտասի՝ «Թամզարան» հարսանեկան երգ-պար է, որտեղ գլխավոր դերը վերապահվել է գյովընդբաշուն (պարագլուխ) ու նրա օգնականին: Իսկ հարսն անպայման կանգնում էր քավորի` կնքահոր կողքը: Այժմ «Թամզարան» կորցրել է իր երբեմնի ծիսական նշանակությունը և կատարվում է գրեթե բոլոր համայնքային միջոցառումների ու խնջույքների ժամանակ:

«Թամզարա» պարատեսակը պատկանում է ,երկու գնալ, երկու դառնալե պարաընտանիքին («դառնալ», «վերադառնալ» բառերը նշանակում են ,գնալ դեպի ձախե: «Ձախ» բառը հնում արգելված էր, ուստի փոխարինվել է «դառնալ» բայով): «Թամզարայի» տարբերությունը վերը նշված պարաընտանիքից այն է, որ այս պարատեսակը երկարում է ևս երկու հաշվով՝ դեպի ձախ տեղաշարժող, վերադարձնող երկու շարժումով: Իսկ պարը վեցի փոխարեն ունի ութ միավոր հաշիվ և շարժում:

Գրառված «երկու գնալ, երկու դառնալ» պարատեսակներն իրենց շարժումներով այնքան էլ նման չեն: Սրանց մի քանի տարբերակներում, որոնք էլ հենց կոչվում են «Թամզարա», դեպի ձախ տեղաշարժերի փոխարեն տեղի է ունենում մարմնի ծանրության մի քանի տեղափոխում ձախ, աջ, ձախ:

Ձեռքերը բռնելու մի քանի տարբերակ կա՝ ճկույթներով, ափերով («բարև բռնած»), իսկ երբեմն նաև ուսերից: Երաժշտական չափը 9/8=4/8+5/8, որն էլ ստեղծում է ձեռքերի ճոճումների և ոտքերի շարժումների ոչ համաչափ ռիթմ:

Պարի ընդհանուր տեղաշարժը դեպի աջ է: Պատկանում է «դուրան» պարերի թվին, որոնց հետագիծը հարթ գծով է անցնում: «Թամզարայի» պարաքայլին բնորոշ են ոտքի կրկնակի հարվածները:

Պարաքայլերը հետևյալ հերթականությամբ են. 1. աջ ոտքով կատարվում է քայլ դեպի աջ, 2. ձախ ոտքով կատարվում է կցորդ քայլ` ձախ ոտքը միացվում է աջին, 3. կրկին քայլ աջ ոտքով և դեպի աջ, 4. կրկնակի հարված ձախ ոտքով, 5. ձախ ոտքով քայլ դեպի ձախ, 6. մարմնի ծանրության տեղափոխում աջ ոտքի վրա, 7. մարմնի ծանրության տեղափոխում ձախ ոտքի վրա, 8. կրկնակի հարված աջ ոտքով:

Կան պարի այլ տարբերակներ նույնպես, որոնք քիչ թե շատ տարբերվում են վերոնշյալից: Կարինի տարբերակում պարը դուրս է գալիս իր «դուրան» (ուղիղ) հետագծից և, առաջ քայլելով, կրկնակի հարվածում է աջ ոտքով, ապա, վերադառնալով իր հետագծին, նորից կրկնակի հարված կատարում աջ ոտքով:

Կան նաև տարբերակներ, որտեղ հարվածներ չեն կատարվում, հակառակը, ազատ ոտքն օդում խաղացող գործողություն է կատարում, ապա հաջորդ քայլին ընդունում մարմնի ծանրությունը:

ԹԱՄԶԱՐԱ