«Ֆնջանը» Ջավախքում տարածում գտած Կարնո պարատեսակներից է, «չորս ոտք» պարաձևերից: Կլոր պարերի մեծ մասի համար ասում են, որ երբ ոտքը մեկ անգամ ենք հարվածում, «մի ոտ պար ենք խաղում», երկու անգամ ենք հարվածում՝ «երկու ոտ ենք խաղում», երեքի դեպքում` երեք ոտք, չորսի դեպքում` չորս ոտք:
Երկու ոտք և չորս ոտք պարերը կոչում են նաև ջուխտ (զույգ) ոտք: Այս դեպքում ընդգծվում է քայլերի զույգ լինելու պայմանը` «երկուս գնալ, երկուս դառնալ»: Չորս ոտք պարաձևում «ջուխտ» ասելով ընդգծվում է նաև զարկերի զույգ լինելը:
Չորս ոտք պարերն ըստ ձևի բաժանվում են երկու խմբի․ ա) չորս ոտք՝ թաթի զույգ զարկերով, բ) չորս ոտք՝ ոտքը խաղացնելով:
Չորս ոտք պարաձևին է պատկանում Ժենյա Խաչատրյանի կողմից գրանցված «Ֆնջան» պարը: «Ֆընջան», «ֆինջան» թուրքերեն նշանակում է փոքր հախճապակյա գավաթ:
Ձեռքերը բռնում են ափ ափի, դաստակները՝ կրծքի բարձրությամբ, արմունկները՝ սուր անկյան տակ դեպի վեր ծալած: Պարի առաջին մասի տեմպը դանդաղ է, երկրորդ մասն ունի թռիչքներ, պարն արագանում է: Ռիթմը հավասարաչափ է: Պարեղանակի հաշիվը խառն է: Ամեն մի քայլ զբաղեցնում է 1/16 տևողություն:
Պարային քայլերն են․
1, 2 հաշվին` ձախ թաթը խաղացնել աջ թաթի մոտ,
3-ին` ձախ թաթը միացնել աջին՝ ընդունելով ծանրությունը,
4-ին` աջ ոտքը ընդունում է ծանրությունը,
5-ին` ձախը կրկին ընդունում է ծանրությունը,
6-ին` աջ ոտքը խաղացնել ձախ ոտնաթաթի մոտ,
7-ին` աջ ոտքն ընդունում է ծանրությունը,
8-ին` ձախը կրկին ընդունում է ծանրությունը,
9, 10, 11 հաշիվներին երեք անգամ աջ ոտքը հարվածում է կրունկով, ոտքը դեպի աջ ու առաջ պարզած,
12-ին` աջ ոտքով քայլ դեպի աջ,
13-ին` ձախ թաթը միացնել աջին՝ ընդունելով ծանրությունը,
14-ին` աջ ոտքով քայլ դեպի աջ,
15-ին` ձախ թաթը խաղում է օդում,
16-ին` ձախ թաթը ընդունում է ծանրությունը,
17-ին` աջ ոտքն ընդունում է ծանրությունը,
18-ին` աջ ոտքը միացվում է ձախին:
Բոլոր շարժումներին կատարվում է մեկ ծունկկոտրուկ:
ՖՆՋԱՆ
«Թամուր» տեսակի պարերը կարելի է ընկալել որպես անվանումներով և բովանդակությամբ ընդհանրություն ունեցող պարերի շարք: Հայաստանում շատ են տարածված «Թամուր», «Թամուր աղա», «Հեյ Թամուր աղա», «Թամրաղի» և նմանատիպ անվանումներով պարերը: Սակայն անհրաժեշտ է նշել, որ ունենալով ընդհանուր ուրվագծեր և ձևեր՝ այդ պարերը, այնուամենայնիվ, իրենց շարժումներով տարբերվում են միմյանցից:
Այս պարերի հիմնական բովանդակությունը հերոսի մահվան ողբն ու սուգն է, որն արտահայտվում է գերեզմանի շուրջ թաղման թափոր ներկայացնող պարով (մինչ նրա մասունքները գերեզման իջեցնելը) և հետո նրա հերոսության գովերգումով: Դժար է ճշտգրիտ պարզել հայ ժողովրդի համար մահվանից հետո սիրելի և արժեքավոր դարձած այն պատմական անձի կերպարը, որի անունով կոչվել են սգո, հիշատակի պարերը: Հավանական է, որ պարերն ավելի հին են տվյալ հերոսի ապրած ժամանակաշրջանից: Հայ ժողովրդի համար շատ սիրելի այդ հերոսի անունն ու կերպարը հետագայում դուրս է մղվել օտարերկրացի Թամուրի անունով:
«Թեմուր», «Թամուր» հին իրանական լեզվում նշանակում է երկաթ: Այս պարը ներկայացնողները չեն կարողացել հաղորդել, թե ով է եղել Թամուրը: Շատախցիները համարում էին, թե նա ոմն Շաքըր աղայի թոռն էր (Շաքըր աղան շուրջ 150-200 տարի առաջ եղել է Շատախի տանուտերը և թերևս հարստահարել նրանց), այսինքն ապրել է ոչ վաղ անցյալում։ Իսկ ոմանք մեկնաբանում էին, որ Թամուրը Թամեռլանն է՝ Լենկ Թեմուրը:
Պարզ է, որ դժվար թե Շաքըր աղայի թոռը կամ Ժանտ Թամեռլանը դառնային հայերի համաժողովրդական սիրո օբեկտ: Անհրաժեշտ փաստերի անբավարարությամբ հանդերձ՝ պարերի զուտ հայեցի ձևերը խոսում են այն մասին, որ այստեղ խոսքը հայ ժողովրդի կողմից սիրված զուտ հայկական հերոսի կամ մի քանի ազգային հերոսների մասին է, որոնք հետագայում անվանափոխվել և մոռացության են մատնվել հետագա ժամանակների շերտավորումներով, մասնավորաբար՝ ոմն Թամուրի կերպարով:
Պարի մեղեդին հանդիսավոր է, էպիկական, այն կանչ է, որն ավետում է նահատակված հերոսի համաժողովրդական ողբը և ասես նկարագրում նրա հուղարկավորությունը:
Պարաշարքում կանգնում են կողք կողքի, ուս ուսի, գծային շարքով, որը կարող է նաև կորանալով աղեղնաձև դառնալ: Ձեռքերը բռնում են ճկույթներով, որոշ տարբերակներում՝ ափերով՝ բարև բռնած: Սկզբում պարողները դեմքով ուղղված են դեպի շրջանի կենտրոն, ձախ ոտքը հարվածում է, իսկ աջ ոտքը, կորագիծ գծելով և հարվածելով, ընդունում է մարմնի ծանրությունը՝ հնարավորություն տալով նույնը կատարել ձախ ոտքին: Այս շարժումը կատարվում է երկու անգամ, որից հետո աջ դարձումով աջ ոտքով գնում են աջ, ապա ուղղվում և ձախ ոտքով կատարում քայլ տեղում: Այս շարժումն էլ կրկնվում է երկու անգամ, որից հետո նորից կատարվում է դարձ դեմքով դեպի շրջանի կենտրոն, և կրկնվում են սկզբնական հարվածներով զուգորդվող շարժումները: Հաջորդ անգամ կրկնվում են կողք գնացող շարժումները, միայն աջի փոխարեն տեղաշարժը դեպի ձախ է: Պարի ինչ-որ հատվածում պարողները կողք գնացող շարժումներով ուղղվում են դեպի կենտրոն և վերջում կքանստում՝ ըստ երևույթին հերոսի մասունքները գերեզման իջեցնելու շարժումները նկարագրելով: Նմանատիպ շարժում պարի ընթացքում կատարվում է հիմնականում մեկ անգամ, ընդ որում, այդ պահին պարը նաև մեկ կարճ դադար է առնում, որից հետո պարողները թիկունքով հետ են գնում՝ վերականգնելով պարի ելման դրությունը:
ԹԱՄՈՒՐ ԱՂԱ