Պատմական Հայաստանի Կարին (Էրզրում) քաղաքի ազգաբնակչությունն ուներ ինքնատիպ պարարվեստ, որը փոխանցում էր Բարձր Հայքի բնակլիմայական և աշխարհագրական առանձնահատկությունները, բնակչության հոգևոր և պաշտամունքային արժեքները: XIX դարի սկզբին էրզրումցիները գաղթել են Ջավախք և Ախլցխա (այժմ՝ Ախալցիխե): Նրանք ոչ միայն պահպանել են իրենց ինքնատիպ պարարվեստը, այլև փոխանցել տեղի հայերին:

«Աստվածածնա պարը» Կարնո պարանմուշներից է, Ջավախքում պահպանված ծիսական պար: Այն կապված էր հեթանոսական մայր աստվածության պաշտանմունքի մնացորդների հետ, նվիրված էր մայրության և պտղաբերության աստվածուհուն՝ Անահիտին: Պարը կատարում էին Խաղողօրհնեքի տոնին, որը նույնպես կապված էր պտղաբերության հետ: Հետագայում այս պարի կատարումը վերագրվեց Մարիամ Աստվածածնին, իսկ պարել սկսեցին միայն Աստվածածնա վերափոխման տոնին, որը կրկին համատեղվեց Խաղողօրհնեքի տոնակատարության հետ:

Ջավախքում Վարդավառի հաջորդող կիրակին Աստվածածնի տոնն է: Այդ օրն ընդունված է ուխտի գնալ Աստվածածնի անունը կրող եկեղեցիներ: Քանի որ ամռանը գյուղերի անասնապահները տեղափոխվում են սարեր, Աստվածածնի տոնին երիտասարդ տղաներն ու աղջիկները հավաքվում են յայլաներում՝ պարելու այնտեղ գտնվող սրբատեղիներում, որոնցից շատերն արդեն կորցրել են իրենց անունները և զրկվել նախկին իմաստավորումից: Դրանք աղբյուրների ակունքներն են, ճանապարհից դուրս գտնվող հեռավոր ու մենավոր խաչքարերը, սրբազան ծառերը, գերեզմանները, եկեղեցիների ավերակները, կիսականգուն պատերն ու մատուռները…

«Աստվածածնա պարը» դանդաղ, հանդիսավոր պար է: Պարում են կլոր,  պարտադիր փակ շրջանով: Կանգնում են կողք կողքի, երեսները դեպի շրջանի կենտրոնը: Ձեռքերը բռնում են թևկախ, ափ ափի: Գրառված «Աստվածածնա պարում» տեմպը դանդաղ է, ռիթմը՝ անհավասար: Պարեղանակը 7/8 է: Ամեն մի քայլը զբաղեցնում է 1/16 ժամանակ և նույնքան էլ դադար է պահվում:

Պարային քայլերն են․ 1. աջ թաթով քայլ դեպի աջ՝ երկրորդ դիրքից կես թաթ առաջ, 2. ձախով քայլ միացում՝ վեցերորդ դիրքից կես թաթ առաջ, 3. կրկնել 1-ի քայլը, 4. ձախ ոտքի ծունկը  90˚ անկյամբ վեր բարձրացնել, ապա անկյունը բաց անելով՝ թաթն առաջ մղել մինչև աջ ոտքի ծնկի մակարդակը, 5. ձախ թաթով քայլ դեպի ձախ՝ երկրորդ դիրքից կես թաթ ետ, 6. աջ թաթը բարձրացնել ճիշտ այնպես, ինչպես ձախը 4-ին, 7. աջ թաթը միացնել ձախին՝ առանց մարմնի ծանրությունն ընդունելու:

Պարի բոլոր հաշիվներին կատարել մեկ ծունկկոտրուկ՝ 1/16 տևողությամբ: Յուրաքանչյուր հաշվին քայլից հետո կատարել իրանի աջ  ու ձախ 15˚ առանցքային թեքումներ, այսինքն` շորորալ:

Մինչև համաշխարհային երկրորդ պատերազմը պարն ավանդաբար կատարել են տարին մեկ անգամ՝ Աստվածածնի Վերափոխման տոնին:  Հետագայում, Աստվածածնի պաշտանմունքի խարխլման հետևանքով, պարն աստիճանաբար մոռացության է տրվել, մի բան, որը ծիսական պարերի համար դարձել է ընդհանուր երևույթ:

ԱՍՏՎԱԾԱԾՆԱ ՊԱՐ

«Էջմիածինը» Կարնո պարանմուշներից է, պատկանում է կլոր պարերի «ետ ու առաջ» տեսակին: Ախալցխայում և Ջավախքում վերաբնակված հայերի պահպանած «ետ ու առաջ»-ի մի քանի պարաձևերը կարելի է բաժանել երկու մեծ խմբի՝ պարզ և բարդ: Վերջինի շարքին է պատկանում նաև «Էջմիածին» պարը, որն առանձնանում է ինքնատիպությամբ և խորհրդավորությամբ:

Պարը շատ հին է: Ձեռքերը վեր պարզած բռնելու ձևը համեմատում են եկեղեցու գմբեթի հետ, սակայն այն, ըստ երևույթին, հեթանոսական ծագում ունի, և վեր պարզած ձեռքերը հիշեցնում են Ձոն Արևին: Պարն ունի երեք մաս․ առաջին մասը ետ ու առաջ է, երկրորդը՝ աջ ու հավասար, երրորդը՝ տեղում: Մեղեդին նույնպես կարելի է տարանջատել երեք մասի, որը նաև համընկնում է պարաքայլերի հետ: Պարում են խառը, ձեռքերը ափ-ափի, արմունկները՝ դեպի վեր ծալած, դաստակները՝ գլխի, իսկ արմունկները՝ կրծքի մակարդակին: Պարի տեմպը միջին արագության է, ռիթմը՝ հավասարաչափ:

Պարի առաջին մասում ետ ու առաջ շարժումը կատարվում է անկյունագծով աջ ու առաջ՝ խորը խոնարհումներով, որոնք ժողովուրդը մեկնաբանում է իբրև խոնարհում Մայր Խորանի առջև, սակայն շարժումների բնույթը կարծես թե ավելի արևապաշտական է: Աջ ու առաջ և ապա ձախ ու ետ շարժումներով պարաշրջանը նախ փոքրանում, ապա վերադառնում է իր նախկին դիրքին: Ըստ ազգագրագետ-պարագետ Սրբուհի Լիսիցյանի՝ փակ պարաշրջանը խորհրդանշում է արևի սկավառակը, իսկ շրջանագծի փոքրացումը՝ արևի մայրամուտը, նաև մահը: Առաջին մասի խոնարհումների ժամանակ ձեռքերը շրջանագիծ-պարաշրջանից դեպի դուրս են բացվում, և պարաշրջանի հատակագիծն այդ պահին հիշեցնում է արևի սկավառակ՝ նրանից ծագող ճառագայթներով, այսինքն՝ շրջանից դեպի դուրս բացվող ձեռքերով:

Երկրորդ մասում՝ վեց աջ և վեց ձախ գնացող շարժումները կատարվում են հարթ հետագծով և փոքր խոնարհումներով, որոնք այժմ խորանից աջ և ձախ (6-6) գտնվող 12 առաքյալների պատկերների առջև խոնարհումներն են: Ենթադրվում է, որ նախաքրիստոնեական շրջանում այդ շարժումները խորհրդանշել են 12 համաստեղությունները՝ կենդանակերպերը:

Երրորդ մասում՝ տեղում կատարվող շարժումներով հատվածը կրկին արևապաշտական խորհուրդ է կրում: Վերև պարզած ձեռքերը մի կողմից արևի ձոնի շարժումներ են խորհրդանշում, մյուս կողմից բոցկլտացող կրակ են հիշեցնում: Ամբողջ պարաձևի ընթացքում, թե՛ աջ, թե՛ ձախ գնացող շարժումների ժամանակ աջ ոտքը կես քայլ առաջ է մնում ձախից և մշտապես գտնվում է պարաշրջանի մեջ, իսկ ձախը՝ յուրաքանչյուր պարաքայլին, ասես շրջանից վանվելով, տարվում է դեպի դուրս: Հիշենք, որ պարի կլոր հատակագիծը, բացի արևի սկավառակից, նաև կյանքի շրջանն ու տվյալ հասարակության ամբողջականությունն է խորհրդանշում: Եվ քանի որ աջը հաջողության խորհրդանիշն է, իսկ ձախը՝ ձախորդության և մահվան, ապա կարելի է եզրակացնել, որ պարի ընթացքում աջը, այսինքն՝ հաջողությունը պահվում է համայնքի, հասարակության ներսում՝ փորձելով մոգական ուժերի միջոցով համայնքին հաջողություն ապահովել, իսկ ձախը՝ ձախորդությունը, թարսությունը, ամեն քայլի հետ վանվում է համայնքից, հասարակությունից դուրս:

ԷՋՄԻԱԾԻՆ

Ռազմական պարերի մեջ իր ուրույն տեղն ունի «Քերծի» պարը: Կան ենթադրություններ, թե այն որսորդական պար է: Սա մեկ անգամ ևս ապացուցում է պարի ռազմական բնույթ ունենալը: «Քերծիի» որսորդական պար լինելու օգտին են խոսում  Վասպուրականի Ոզմ գավառից գաղթած և Արտաշատի շրջանում հաստատված բնակիչների մեկնաբանությունները: Նրանցից գրառված պարատեսակում պարաքայլի առաջ տանող քայլերը կատարվում են կիսակքանիստ, որը համեմատվում էր որսի գնացողի գաղտագողի շարժումների հետ: Պարի անվանումն առաջացել է գյուղի անունից: Երաժշտական չափը հավասար է 3/4: Այն պարվում է դհոլի և զուռնայի նվագակցությամբ:

Գրառվել է նաև «Քերծիի» երկու մասից կազմված պարաձև, որի երկրորդ մասում արագությունը զարգանում է: Պարողները շարվում են մեկ գծով: Երբեմն կարող են պարել երկու գծով, իրար դիմաց կանգնած շարքերով:  Գծով առաջ շարժվող պարաքայլերը մեկնաբանվում են որպես հակառակորդի վրա հարձակման արտացոլում: Դրանց հետևող տեղում շարժումներից հետո շարքը վերադառնում է իր ելման դիրքին: Վերադառնալու ընթացքում մասնակիցները վերադասավորվում են իրար թիկունքի կանգնած դիրքով, այսինքն՝ 90˚ դարձումներով:  Երկու շարքով պարելու ժամանակ առաջ գնացող և վերադարձող պարաքայլերի տարբեր համադրումները թերևս մեկնաբանվում են որպես մի կողմի հարձակման, մյուսի ինքնապաշտպանության և ապա հակահարձակման անցնելու արտացոլում: Ձեռքերը բռնում են ափ ափի, խաչված մատներով, թևկախ վիճակում: Պատահում է նաև, որ պարում են ձեռքերը ճկույթներով բռնած:

ՔԵՐԾԻ

Համշենահայերի շրջանում ամենատարածված պարերից է «Սրաբարը» («սրա» նշանակում է շարք, այսինքն՝ շարքով պար), որի տարատեսակներից է նաև «Հայսին բարը»:

Հայաստանի բոլոր գավառների հարսանիքներում ընդունված վերջաբան է «Հարսի պարը», որից հետո ավարտվել են և՛ պարերը, և՛ հարսանիքը: Այս պարը հատուկ արարողություն է: Համշենահայերը ևս «Հայսին բարը»՝ հարսի պարը, կատարել են այն ժամանակ, երբ հարսանիքը մոտեցել է ավարտին: Պարին մասնակցել են բոլոր զույգերը: Այրիներին ու ամուրիներին արգելվել է մասնակցել: Հարսը պարաշրջան մտել է արդեն երեսը բաց: Պարը բոլորվել է միայն երեք շրջան, գերակշռող ուղղությունը միայն աջ է:

«Հայսին բարն» ունի մի առանձնահատկություն ևս: Այն կատարվում է երկու անգամ. առաջինը` հարսի տնից դուրս գալու ժամանակ, որպես հրաժեշտի պար, երկրորդը` հարսանիքի վերջում: Հարսի պարը միաժամանակ դառնում է սահմանագիծ` կյանքի մեկ շրջանն ավարտելու և մյուսն սկսելու համար: Պարը կատարվում է այսպես. երկսեռ զույգերը փակ շրջան են կազմում տան կենտրոնում գտնվող օջախի շուրջ, կողք-կողքի, թևերը` 90˚ անկյունով դեպի առաջ ծալած, դեմքերը դեպի շրջանի կենտրոնը:

Պարային քայլերն են․ 1 հաշվին ձախ ոտքը խաղում է՝ փոքր ինչ բարձրացվում և վերադառնալով՝ ընդունում մարմնի ծանրությունը, 2-ին` նույնը կատարում է աջ ոտքը, 3-ին` ձախը կրկնում է առաջին շարժումը, 4-ին` աջ ոտքը խաղում է՝ փոքր-ինչ բարձրացվելով, 5-ին` աջ ոտքով  կատարվում է քայլ դեպի աջ՝ կես քայլ հեռավորությամբ, 6-ին` ձախ ոտքով քայլ-միացում. ոտքը դնում են սահեցնելով, առանց գետնից շատ բարձրացնելու:

Տղամարդիկ երբեմն տեղափոխվող ոտքը, թեթև բարձրացնելով, խաղացնում են օդում: Պարը խիստ հանդիսավոր է:

Համշենցիները «Սրաբարը» համարում են «Թռթռուգի» և «Ձօնդր բարի» (ծանր պար) միջին տեսակ կամ հանգիստ «Թռթռուգ»:

«Սրաբարն» ունի երգվող սիրային տեքստ, բայց հազվադեպ է պատահում, որ պարեն երգելով: Հիմնականում պարում են քեմոնայի նվագակցությամբ: Ունի հավասարաչափ ռիթմ, աստիճանաբար արագացող տեմպ:

ՍՐԱԲԱՐ

Հայկական Համշեն գավառի մի խումբ բնակիչներ դեռևս VIII դարում հաստատվել են Սև ծովի հարավարևելյան ափին: XIX դարի 60-ական և 90-ական թթ. սկսած տեղի են ունեցել զանգվածային տեղաշարժեր, որոնց հետևանքով համշենցիների մի մեծ հատված հիմնավորապես հաստատվել է Սև ծովի աբխազական և ռուսական ափերին: Ներկայումս համշենահայությունը բաժանված է երկու մեծ խմբի` թե՛ դավանանքի, թե՛ բնակության վայրի առումով․ ա) Թուրքիայի պոնտական ափին բնակվող իսլամացած համշենահայեր, բ) Սև ծովի աբխազական և ռուսական ափին բնակվող քրիստոնյա համշենահայեր:

Այսօր էլ այս երկու խմբերը կապված են միմյանց հետ, խոսում են նույն բարբառով, ապրում են իրենց պապերից ժառանգություն ստացած սովորույթներով ու հավատալիքներով` պահպանելով իրենց անուններն ու ապրած վայրերի տեղանունները: Համշենցիները հայտնի են իրենց հարուստ բանահյուսությամբ` հեքիաթներով, ասացվածքներով, կատակներով, հանելուկներով, երգ ու պարով, սակայն շատ քիչ են նրանց ազգագրությանն ու հոգևոր մշակույթին նվիրված ուսումնասիրությունները: Համշենահայերի պարային ու թատերական մշակույթը կենցաղավարել է մինչև XX դարի 90-ական թթ.: Այժմ դժվար է ասել, թե ինչ չափով է շարունակվում և ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել: Քրիստոնյա համշենահայերի մշակույթի և հատկապես պարարվեստի բանահավաքչությամբ զբաղվել են հայտնի ազգագրագետ, պարագետներ Սրբուհի Լիսիցյանն ու Ժենյա Խաչատրյանը:

«Պար» բառը համշենահայերի բարբառում գործածվում է «բար» արտասանությամբ: Համշենցիները պարել են Նոր Տարուն, Սուրբ Ծննդին, Ջրօրհնեքին, Բարեկենդանին, Զատկին, Մեռելոցին, որը ոչ թե ողբի, այլ նախնիների հիշատակության տոնն էր, ուխտի գնալիս ու մատաղ անելիս: Ամենից շատ պարել են Բարեկենդանի օրերին: «Բարգենդօնքին» հարսանյաց օրեր են եղել: Հարսանիքներին, Բարեկենդանի նշված օրերին, Զատկին հիմնականում կատարվել են տղամարդկանց պարեր: Բոլոր տղամարդկանց անվանել են «գդռիճ»: Իսկ մյուս տոներին պարել են խառը կազմով (թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք): Բարեկենդանին և հարսանիքներին միայն «կլոր բար» են պարել:

Գրանցված պարերը կարելի է դասակարգել միայն ըստ կատարողների սեռի ու տարիքի՝ տղամարդկանց կամ «գդռիջների գլօր բարեր», կանանց պարեր, խառն կազմով պարեր:

Գոյություն են ունեցել պարերի կատարման հերթականություն, տեղի ու ժամանակի հետ կապված պարտադիր օրենքներ: Այդ օրենքները հնագույն անցյալում ձևավորված հատկանիշներ են, որոնք վկայում են պարերի ծիսական էությունը սրբությամբ պահպանելու մասին: Հավատալիքների համաձայն` սրբազան պարերի մեջ անգամ որևէ կատարողական երանգ փոխելը կամ խախտելը (հատկապես ռիթմի մեջ) կարող էր կործանարար լինել ծեսի մասնակիցների համար: Այս հավատալիքի շնորհիվ է, որ մինչև այսօր պահպանվել ու մեզ են հասել ծիսական մի շարք պարեր:

Համշենահայերը պարել են դհոլ-զուռնայի նվագակցությամբ, գործածել են մեծ բուրան, միջին և փոքր զուռնա: Դհոլը զարկել են գետնին դրած: Երաժշտական մյուս գործիքներից գործածել են քեմոնա (քեամանի), պարկապզուկ, փող, հովվական սրինգ՝ կավալ: Որոշ պարեր կատարել են նաև երգեցողության ուղեկցությամբ:

«Թռթռուգ», «թիթրեմե» նշանակում է դող, ցնցում, սարսուռ, սարսափ: Այն «գդրիճների»` կտրիճների պար է: Ոտքերի շարժումներն ունեն հարձակողական և պաշտպանողական ռազմական պարի տարրեր։ Պարողները միաժամանակ ամբողջ մարմնով, թևերով, ուսերով երերում, թրթռում են: Նկարագրողներից ոմանք  ձեռքերի շարժումները` թրթռոցները մեկնաբանում են որպես թռչունների թևերի թափահարումներ, ինչի մասին էլ մեզ հուշում է հենց պարի անվանումը:

ԹՌԹՌՈՒԳ
12345