«Խոշ բիլազիգը» Կարնո պարանմուշներից է՝ «Ապարանջանի պարի» տարբերակներից մեկը: Այն կարելի է համարել աշխատանքային հազվագյուտ պարանմուշ ոչ միայն հայ պարարվեստում։ Պարն ընդգծում է հայ ժողովրդի քաղաքակրթության բարձր աստիճանը:

«Խոշ բիլազիգը» առանձնահատուկ է աշխատանքի ընթացքն ու արարողությունները նկարագրող պարաքայլերով, որոնք, ասես, վերարտադրում են ապարանջանի հյուսքը, գործող հելունի շարժումները: Ոտքերը հերթականությամբ կատարում են հելունի աշխատանք հիշեցնող պտուտաձև շարժումներ:

Այս պարը հայտնի է նաև տարբեր անուններով` «Հոս Բիլիզիգ», «Ոսկե ապարանջան», «Գոշ բիլեզիգ»: Պարն ունի բավականին նման տարբերակներ, սակայն նրանցից յուրաքանչյուրը դիտվում էր որպես առանձին պար: «Խոշ բիլազիգը» համեմատաբար թեթև, բայց միաժամանակ վեհանձն պար է:

Աչքի է ընկնում ուսերի պահած դիրքով, որը հայկական պարերին բնորոշ ինչ-որ յուրահատկություն ունի: Ռիթմն արագ է, ինչը խորհրդանշում է պարի մաժորային` դրական բնույթի մասին: Պարը հաճախ պարում են բաց պարաշրջանով: Տվյալ դեպքում պարագլուխը կանգնում է պարաշրջանի աջ կողմից:

Պարային քայլերն  են․

1. թռիչք դեպի աջ՝ աջ ոտնաթաթի վրա, 2. մարմնի ծանրությունը տեղափոխելով ձախ ոտքի վրա՝ նույն ոտքով թռիչք գրեթե տեղում, 3. երկու ոտնաթաթերի վրա թռիչք դեպի աջ, 4. աջ ոտնաթաթի վրա հետ թռիչք դեպի ձախ, 5. աջ ոտքով թռիչք աջ՝ դեպի նախկին դիրքը, ձախ ոտքը 4-րդ և 5-րդ պարաքայլի ընթացքում, կատարելով հելունին բնորոշ պտտուտաձև շարժում, հարվածում է գետնին՝ աջ ոտքից կես թաթ առաջ, 6. տեղում կրկին թռիչք աջ ոտքի վրա՝ խաղացող ձախ ոտքով հարվածելով աջից կես թաթ առաջ, 7. հետթռիչք դեպի ձախ՝ ձախ ոտքի վրա՝ միաժամանակ աջ ոտքով հարվածելով ձախ ոտքից կես թաթ առաջ, 8. կրկին ձախ ոտքի վրա թռիչք տեղում՝ միաժամանակ խաղացող ոտքը խաղացնելով օդում:
ԽՈՇ ԲԻԼԱԶԻԳ

«Երեք ոտքը» կամ «Իչարաղլին», որը թուրքերեն նշանակում է «երեք ոտք կամ քայլ», Ջավախքում շատ սիրված ու տարածված պարաձև է: Այս ձևին են պատկանում շատ պարեր, որոնցից գրանցվել են «Ջամբար ամի» կամ «Չամբար ամի», «Պուդուդի» և «Երեք ոտք» անունը կրող մի  շարք պարեր:

«Ջամբար ամի» պարանունը տեղացիները բացատրում են հետևյալ կերպ. Ջամբարն անուն է, իսկ «ամի» նշանակում է հորեղբայր: «Ճամբար» նշանակում է գլխի ժապավեն, պարսկերեն՝ շրջան, օղ, նաև՝ մանյակ կամ վարսակալ: «Պուդուդի» նշանակում է պուտեր ունեցող, խատուտիկ: Հավանաբար պարն այդպես անվանել են մանր քայլերի համար:

«Երեք ոտքի» բնորոշ ձևը համարվում է «Ջամբար ամին»: Ջավախքի տարբեր գյուղերում և քաղաքներում պարը պահպանվել է հենց «Երեք ոտք» անունով: «Երեք ոտք» պարաձևում քայլերը հիմնականում շեշտված են, այսինքն՝ քայլում են «ոտ զարկելով»: Զարկերը կարևոր դեր են ունեցել պարի նպատակադրման մեջ: Այդ մասին տեղացիներն ասում են. «ոտը գետնին զարկելը չարքի համար է. կզարկենք որ չարքը փչանա»:

Պարերգի բանավոր տեքստից մնացել են իրար հետ չառնչվող թուրքերեն մի քանի տող: Սովորաբար պարում են զուռնայի նվագակցությամբ, բայց երբեմն օգտվում են պարերգերի տեքստերից: Պարում են խառը: Ձեռքերը բռնում են տարբեր ձևերով, բայց ավելի տարածված է ափ ափի բռնելու ձևը: Արմունկները կիսածալվում են սուր անկյան տակ, դաստակները ուսերի բարձրության են: Տեմպը դանդաղ է, ռիթմը՝ հավասարաչափ: Պարեղանակը 6/8 է: Ամեն քայլ զբաղեցնում է 3/8 տևողություն: Պարի բոլոր հաշիվներին կատարում են մեկ ծունկկոտրուկ:

Պարային քայլերն են․ 1, 2, 3 հաշվին երեք անգամ ձախ թաթը ամբողջ տապանով շեշտված զարկել, 4-ին`  ձախով քայլ դեպի ձախ ու ետ, 5-ին` աջով քայլ միացում, 6-ին` կրկնել չորրորդ քայլը, 7-ին` աջ թաթի մատներով թեթև զարկել ձախի մատների մոտ, 8-ին՝ աջով քայլ միացում:

ԵՐԵՔ ՈՏՔ

«Ֆնջանը» Ջավախքում տարածում գտած Կարնո պարատեսակներից է, «չորս ոտք» պարաձևերից: Կլոր պարերի մեծ մասի համար ասում են, որ երբ ոտքը մեկ անգամ ենք հարվածում, «մի ոտ պար ենք խաղում», երկու անգամ ենք հարվածում՝ «երկու ոտ ենք խաղում», երեքի դեպքում` երեք ոտք, չորսի դեպքում` չորս ոտք:

Երկու ոտք և չորս ոտք պարերը կոչում են նաև ջուխտ (զույգ) ոտք: Այս դեպքում ընդգծվում է քայլերի զույգ լինելու պայմանը` «երկուս գնալ, երկուս դառնալ»: Չորս ոտք պարաձևում «ջուխտ» ասելով ընդգծվում է  նաև զարկերի զույգ լինելը:

Չորս ոտք պարերն ըստ ձևի բաժանվում են երկու խմբի․ ա) չորս ոտք՝ թաթի զույգ զարկերով, բ) չորս ոտք՝ ոտքը խաղացնելով:

Չորս ոտք պարաձևին է պատկանում Ժենյա Խաչատրյանի կողմից գրանցված «Ֆնջան» պարը: «Ֆընջան», «ֆինջան» թուրքերեն նշանակում է փոքր հախճապակյա գավաթ:

Ձեռքերը բռնում են ափ ափի, դաստակները՝ կրծքի բարձրությամբ, արմունկները՝ սուր անկյան տակ դեպի վեր ծալած: Պարի առաջին մասի տեմպը դանդաղ է, երկրորդ մասն ունի թռիչքներ, պարն արագանում է: Ռիթմը հավասարաչափ է: Պարեղանակի հաշիվը խառն է: Ամեն մի քայլ զբաղեցնում է 1/16 տևողություն:

Պարային քայլերն են․ 1, 2 հաշվին` ձախ թաթը խաղացնել աջ թաթի մոտ, 3-ին` ձախ թաթը միացնել աջին՝ ընդունելով ծանրությունը, 4-ին` աջ ոտքը ընդունում է ծանրությունը, 5-ին` ձախը կրկին ընդունում է ծանրությունը, 6-ին` աջ ոտքը խաղացնել ձախ ոտնաթաթի մոտ, 7-ին` աջ ոտքն ընդունում է ծանրությունը, 8-ին` ձախը կրկին ընդունում է ծանրությունը, 9, 10, 11 հաշիվներին երեք անգամ աջ ոտքը հարվածում է կրունկով, ոտքը դեպի աջ ու առաջ պարզած, 12-ին` աջ ոտքով քայլ դեպի աջ, 13-ին` ձախ թաթը միացնել աջին՝ ընդունելով ծանրությունը, 14-ին` աջ ոտքով քայլ դեպի աջ, 15-ին` ձախ թաթը խաղում է օդում, 16-ին` ձախ թաթը ընդունում է ծանրությունը, 17-ին` աջ ոտքն ընդունում է ծանրությունը, 18-ին` աջ ոտքը միացվում է ձախին: Բոլոր շարժումներին կատարվում է մեկ ծունկկոտրուկ:

ՖՆՋԱՆ

«Թամուր» տեսակի պարերը կարելի է ընկալել որպես անվանումներով և բովանդակությամբ ընդհանրություն ունեցող պարերի շարք: Հայաստանում շատ են տարածված «Թամուր», «Թամուր աղա», «Հեյ Թամուր աղա», «Թամրաղի» և նմանատիպ անվանումներով պարերը: Սակայն անհրաժեշտ է նշել, որ ունենալով ընդհանուր ուրվագծեր և ձևեր՝ այդ պարերը, այնուամենայնիվ, իրենց շարժումներով տարբերվում են միմյանցից:

Այս պարերի հիմնական բովանդակությունը հերոսի մահվան ողբն ու սուգն է, որն արտահայտվում է գերեզմանի շուրջ թաղման թափոր ներկայացնող պարով (մինչ նրա մասունքները գերեզման իջեցնելը) և հետո նրա հերոսության գովերգումով: Դժար է ճշտգրիտ պարզել հայ ժողովրդի համար մահվանից հետո սիրելի և արժեքավոր դարձած այն պատմական անձի կերպարը, որի անունով կոչվել են սգո, հիշատակի պարերը: Հավանական է, որ պարերն ավելի հին են տվյալ հերոսի ապրած ժամանակաշրջանից: Հայ ժողովրդի համար շատ սիրելի այդ հերոսի անունն ու կերպարը հետագայում դուրս է մղվել օտարերկրացի Թամուրի անունով:

«Թեմուր», «Թամուր» հին իրանական լեզվում նշանակում է երկաթ: Այս պարը ներկայացնողները չեն կարողացել հաղորդել, թե ով է եղել Թամուրը: Շատախցիները համարում էին, թե նա ոմն Շաքըր աղայի թոռն էր (Շաքըր աղան շուրջ 150-200 տարի առաջ եղել է Շատախի տանուտերը և թերևս հարստահարել նրանց), այսինքն ապրել է ոչ վաղ անցյալում։ Իսկ ոմանք մեկնաբանում էին, որ Թամուրը Թամեռլանն է՝ Լենկ Թեմուրը:

Պարզ է, որ դժվար թե Շաքըր աղայի թոռը կամ Ժանտ Թամեռլանը դառնային հայերի համաժողովրդական սիրո օբեկտ: Անհրաժեշտ փաստերի անբավարարությամբ հանդերձ՝ պարերի զուտ հայեցի ձևերը խոսում են այն մասին, որ այստեղ խոսքը հայ ժողովրդի կողմից սիրված զուտ հայկական հերոսի կամ մի քանի ազգային հերոսների մասին է, որոնք հետագայում անվանափոխվել և մոռացության են մատնվել հետագա ժամանակների շերտավորումներով, մասնավորաբար՝ ոմն Թամուրի կերպարով:

Պարի մեղեդին հանդիսավոր է, էպիկական, այն կանչ է, որն ավետում է նահատակված հերոսի համաժողովրդական ողբը և ասես նկարագրում նրա հուղարկավորությունը:

Պարաշարքում կանգնում են կողք կողքի, ուս ուսի, գծային շարքով, որը կարող է նաև կորանալով աղեղնաձև դառնալ: Ձեռքերը բռնում են ճկույթներով, որոշ տարբերակներում՝ ափերով՝ բարև բռնած: Սկզբում պարողները դեմքով ուղղված են դեպի շրջանի կենտրոն, ձախ ոտքը հարվածում է, իսկ աջ ոտքը, կորագիծ գծելով և հարվածելով, ընդունում է մարմնի ծանրությունը՝ հնարավորություն տալով նույնը կատարել ձախ ոտքին: Այս շարժումը կատարվում է երկու անգամ, որից հետո աջ դարձումով աջ ոտքով գնում են աջ, ապա ուղղվում և ձախ ոտքով կատարում քայլ տեղում: Այս շարժումն էլ կրկնվում է երկու անգամ, որից հետո նորից կատարվում է դարձ դեմքով դեպի շրջանի կենտրոն, և կրկնվում են սկզբնական հարվածներով զուգորդվող շարժումները: Հաջորդ անգամ կրկնվում են կողք գնացող շարժումները, միայն աջի փոխարեն տեղաշարժը դեպի ձախ է: Պարի ինչ-որ հատվածում պարողները կողք գնացող շարժումներով ուղղվում են դեպի կենտրոն և վերջում կքանստում՝ ըստ երևույթին հերոսի մասունքները գերեզման իջեցնելու շարժումները նկարագրելով: Նմանատիպ շարժում պարի ընթացքում կատարվում է հիմնականում մեկ անգամ, ընդ որում, այդ պահին պարը նաև մեկ կարճ դադար է առնում, որից հետո պարողները թիկունքով հետ են գնում՝ վերականգնելով պարի ելման դրությունը:

ԹԱՄՈՒՐ ԱՂԱ

Հայաստանում շատ են հանդիպում «Լորկէ», «Լյուլկէ», «Լորկը» անվանումներով պարերը: Դրանք հիմնականում պատկանում են հայկական կոլեկտիվ պարերի տարատեսակներին:

Գրառված են Թալինի «Լյուլկէ» կամ «Լորկէ» կոչվող, Շատախի «Լորկէ» և Վանա «Լորկը» կոչվող տարբերակները: Գրառվել է նաև Սարիղամիշի «Հոպ, Ջանիման» պարը, որը կառուցվածքով շատ նման է «Լորկէ» տեսակին: Նշված տարբերակները շատ նման են դանդաղ մասերով, բայց արագ հատվածներում տարբերվում են:

«Լյուլկէ» կամ «Լորկէ» Թալինի տարբերակը կատարվում էր հարսանիքներում՝ հարսին հայրական տնից հանելու ժամանակ, և Վարդավառի տոնի ծաղկահավաքի ընթացքում (վերջին դեպքում պարում էին միայն աղջիկները): Այն կատարվում էր ուխտագնացությունների ժամանակ: «Լորկէն» պատկանում է հին հայկական ծիսական պարերին, նաև երգ-պար է, և թեև քրդական տեքստ նույնպես կա, սակայն այն հայկական է:

«Լորկէ» անվանման մեկնությունը կարելի է բացատրել լոր թռչունի անվանումով (փաղաքշական՝ լորիկ): Ենթադրվում է, որ այն լորի պատվին կատարված տոտեմական պարերի վերապրուկ է:

Քրդերեն «լյուլկէ» նշանակում է գիշատիչ թռչուն, իսկ «լորկէ» թարգմանաբար նշանակում է շորորվի՛ր:

Ոտքերի հարվածները «Լորկէ» պարատեսակներում գրեթե միանման են: Կանգնում են կողք-կողքի, ձեռքերը բռնում ճկույթներով: Տեղում 4 բարձրացող զսպանակներ անելուց հետո թեքվում են աջ և կատարում մեկ ծնկածալ, ապա դեպի ձախ և ծնկածալ: Մեկ թռիչք կատարվում է աջ ոտքի վրա՝ ձախը թողնելով հետևում, ապա նույնը կատարվում է ձախ ոտքով:  Ապա կատարվում է քայլ աջ ոտքով դեպի աջ, ձախն անցնում է աջ ոտքի հետևից, կրկնում աջ ոտքի քայլը և ապա ձախը միանում աջ ոտքին: Արագ մասը կատարվում է նույն կերպ, բայց թռիչքներով, իսկ աջ ու ձախ դարձումները վերածվում են հարվածների: Աջ և ձախ ոտքերով առաջ ու ետ կատարվող թռիչքների փոխարեն նույնպես կատարվում են հարվածներ, սկզբից աջ ոտքով, ապա՝ ձախ, և թռիչքներով անցում է կատարվում:

ԼՈՐԿԷ