Սրբուհի Լիսիցյան

Լամպի լուսավորության ներքո կինը խոնարհել է լուսապսակ գլուխը ձեռագրի վրա: Նա իր կյանքի մեծ մասն անց է կացրել գրքերով լցված այդ սենյակում և անբաժան է եղել իր առջև դրված հին ձեռագրից, որի տարիքն արդեն հնարավոր չէ որոշել: Նրա տարիքում հարկավոր է խնայել ուժերը, չվատնել ժամանակը և, հստակորեն գիտակցելով սկսած գործի կարևորությունը, ավարտին հասցնել կյանքի գլխավոր նպատակը: Ութսուն տարեկան՝ ահա կնոջ տարիքը: Պատմական գիտությունների դոկտոր, գիտությունների վաստակավոր գործիչ Սրբուհի Լիսիցյանի կյանքի գլխավոր նպատակ էր լիարժեքորեն ուսումնասիրել «հին հայկական պարերն ու թատերական ներկայացումները»:

Պատահական չէ, որ նրան կոչում են «հայկական պարի Կոմիտաս»: Ինչպես Կոմիտասն է մոռացությունից փրկել և հարազատ ժողովրդին նվիրել իր երգարվեստի գոհարները, այնպես էլ Սրբուհի Լիսիցյանը, կապելով իր կյանքը պարարվեստին, կարողացավ ուսումնասիրել և իր կողմից ստեղծված գրառման համակարգի միջոցով գրառել դեռ վաղ անցյալում գոյություն ունեցող հայկական պարանմուշները:

Լիսիցյանը, լինելով բալետմեյստեր, դրամատիկ դերասանուհի, պատմաբան և ազգագրագետ՝ կարողացավ ըստ արժանվույն գնահատել հայկական պարային և թատրական բանահյուսության գեղարվեստական արժեքը: Հավաքելով և ուսումնասիրելով այն՝ Լիսիցյանը բաց արեց հայ ժողովրդի հոգևոր կյանքի մի փակ շերտ, անդրադարձավ հայկական պարի ծագման բնույթին, ցույց տվեց պարի փիլիսոփայական էությունը և թե որքան խորն են ձգվում դրա արմատները: Սակայն գիտնականին դեռ սպասում էին զարմանալի բացահայտումներ:

Օրինակ, հստակորեն պարզ դարձավ մի օրինաչափություն: Ուրախ և զվարթ պարերն շարժվում են դեպի աջ, իսկ վիշտ արտահայտող պարերը, որոնք սովորաբար ուղեկցվում էին մահվան որևէ արարողակարգով, շարժվում են դեպի ձախ: Այս ամենը հիշեցնում էր խաչքարերի, հին հակական տաճարների երկաթակուռ դռների վրա փորագրված զարդանախշեր: Պարի և ճարտարապետության միջև այս կապը, որը պատահական չէ և ծնվել է հազարամյակներ առաջ, երկար ժամանակ մնաց չբացահայտված մինչև որ Սրբուհի Լիսիցյանը, ուսումնասիրելով այլ ժողովուրդների պարեր, դեմ առավ մի հետաքրքրական փաստի: Հնում հնդիկները պարահրապարակներում պատկերել են զարդանախշեր և այնուհետև ճշգրտորեն կրկնօրինակել դրանք պարի մեջ: Հավանաբար այդպես են արել նաև հայերը: Հին ժողովուրդները հավատացել են, որ ժանյակի նմանվող արտասովոր զարդանախշն ունեցել է մոգական հատկություններ. այն կարծես որսում էր չար ոգիներին և գցում դրանց ծուղակը: Այսպիսով, պարի միջոցով մարդիկ պաշտպանվում էին տարբեր փորձանքներից: Նրանք զարդարում էին նաև տարբեր շինությունների դռները, պաշտպանում իրենց տներն ու սրբավայրերը չար ուժերից:

Գրառելով ոչ միայն պարի շարժումները, այլև մեղեդին և երգի բառերը, որոնցով հաճախ ուղեկցվում էր պարը՝ Սրբուհի Լիսիցյանը միաժամանակ նկարում էր տարազներ և բոլոր այն պարագաները, որոնք անհրաժեշտ էին տվյալ պարը կատարելու համար: Այսպիսի բազմակողմանի նյութը հնարավորություն է տալիս վերականգնելու ազգային պարն իր վաղնջական տեսքով:

Պետք է խոստովանել, որ ոչ մի ազգ չունի պարային բանահյուսության վերաբերյալ նման հանրագիտարանային աշխատություն: Սա գիտնականի կողմից կատարված իրական ստեղծագործական սխրագործություն է, գիտնականի, ով իր ողջ կյանքն ու եռանդը նվիրաբերեց արվեստին և թատրոնին:

Սրբուհի Լիսիցյանը պրոպագանդում էր պլաստիկ պարը: 20-ական թվականների սկզբերին նա իր հարազատ քաղաքում՝ Թիֆլիսում ստեղծեց պարային թատրոն, որը հաջողությամբ ելույթներ ունեցավ Մոսկվայում և արտերկրում: Մեկ անգամ չէ, որ Լիսիցյանն իր սաների օգնությամբ Երևանում (Լիսիցյանի ջանքերով այստեղ հիմնվել էր բալետի դպրոց) կազմակերպել է ներկայացումներ, որոնք խոր տպավորություն են գործել հանդիսատեսի վրա: Երկար տարիներ որպես բալետմեյստեր աշխատած տարիներին Սրբուհի Լիսիցյանին հանգիստ չէին թողնում տարբեր հանրապետություններում, հատկապես Կովկասում և Միջին Ասիայում բալետի զարգացման ուղու մասին մտքերը: Հնարավո՞ր է արդյոք արևելյան պարը վերարտադրել դասական բալետի լեզվով: Իսկ դարերի խորքից մեզ հասած ազգային պարի պլաստիկա՞ն: Սրբուհի Լիսիցյանն այս հրատապ հարցին նվիրել է մի մեծ աշխատություն, որը դեռ պահպանվում է ձեռագիր տարբերակով: Ազագյին բալետը պետք է լինի ազգային ոչ միայն երաժշտությամբ, այլև պլաստիկայով՝ սա է գրքի հիմնական բովանդակությունը:

Ժամանակին Սրբուհի Լիսիցյանը մշակեց մարզման մի ամբողջական համակարգ և կիրառեց այն Երևանի բալետի դպրոցում: Անդյունքը եղավ զարմանալի: Արևելյան մարզման դպրոցն անցած սաները բավական հեշտությամբ յուրացրեցին դասական բալետը:

Ժամանակակից բալետի խնդիրներ ու պարարվեստի ժառանգության վերաբերյալ բազմահատոր ուսումնասիրություն՝ թվում է, թե սրանք երկու տարբեր հարցեր են, սակայն, ըստ էության, միևնույն հարցի երկու տարբեր կողմերը: Ապագայում, գուցե և մոտ ապագայում հայկական բալետը դեռ կվերադառնա Սրբուհի Լիսիցյանի գաղափարներին և, քաջ գիտակցելով նրա կողմից ժողովրդին հետ վերադարձված ազգային հարստությունը, կգնահատի նրա աշխատանքն ու վաստակը:

Իննա Դավթյան