Վահրամ Արիստակեսյան

Վահրամ Արիստակեսյան Ավագի (ծն․ 4(16).4.1899, էրզրում – 18.07.1978, Երևան) հայ սովետական պարուսույց-բալետմայստեր, բժիշկ։ ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1958)։

1920-1922 թթ որպես հայկական ժողովրդական պարերի պարուսույց աշխատել է հայազգի պրոֆեսոր Վ․ Ատարյանի պարի դպրոցում (Թիֆլիս), միաժամանակ ավարտել Վրաստանի Լուսժողկոմատին կից պարի դասատուների հատուկ դպրոցը (ղեկավար՝ իտալացի բալետմայստեր Ա․ Ֆ․ Ինոչենցի)։

1922-ին կազմակերպել է Վրաստանի Լուսժողկոմատին կից պարարվեստի ստուդիան, եղել է վարիչ և դասատու, նաև Վրաստանի պետօպերայի բալետի արտիստ։

1924-ին հիմնադրել է Հայաստանի Լուսժողկոմատին կից պարարվեստի ստուդիան (այժմ՝ Երևանի պարարվեստի ուսումնարան), որը ղեկավարել է մինչև 1932-ը։

Նույն ստուդիայում 1925-ին կազմակերպվել է հայկական ազգագրական պարերի անսամբլը, որ նրա ղեկավարությամբ և մասնակցությամբ (որպես հայկական և կովկասյան պարերի լավագույն մենակատար) առաջին մրցանակներ է շահել Համամիութենական սպարտակիադայում (1928, Մոսկվա) և Անդրկովկասի առաջին օլիմպիադայում (1934, Թբիլիսի)։

Պարարվեստի ստուդիայի սովորողների ուժերով 1926-ին բեմադրել է Դելիբի «Կոպելիա»-ն (բալետային առաջին բեմադրությունը Հայաստանում)։

1932 – 1938-ին եղել է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բալետմայստերը, Սպենդիարյանի «Ալմաստ» (1933), Տիգրանյանի «Անուշ» (1935) օպերաների պարերի բեմադրողը։

1957-ին Թալինի շրջանի Աշնակ գյուղում Արիստակեսյանը ստեղծել է ազգագրական պարերի ինքնագործ խումբ, որն արժանացել է Համաշխարհային վեցերորդ փառատանի (1957, Մոսկվա) դափնեկրի կոչման։ Հայաստանի ժողովրդական պարերի անսամբլների համար Արիստակեսյանը վերամշակել և բեմադրել է բազմաթիվ ազգային պարեր։ Վահրան Արիստակեսյանը մահացել է 1978 թ. Երևանում: