Գործունեություն

«Կարին»-ի համերգացանկի գերակշռող մասը կազմում են խմբի բանահավաքչական աշխատանքների շնորհիվ ոչնչացումից փրկված, վերականգնված և հայ ավանդական ոճին հարազատ բեմադրված երգերն ու պարերը, որոնք հիմնականում երբևէ ներկայացված չեն եղել որևէ այլ խմբի համերգացանկում: Խումբը իր ստեղծագործական աշխատանքի հետ զուգահեռ շարունակում է բանահավաքչական գործունեությունը՝ ընդգրկելով ողջ հայկական լեռնաշխարհը, Արցախից մինչև Արաբկիր, Տիգրանակերտ և Համշենից մինչև Տարոն:

«ՄԵՐ ՊԱՐԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ»

«Կարին» ավանդական երգի-պարի խումբն իրականացնում է «Մեր պարերը և մենք» ծրագիր-միջոցառումը։ Ծրագրի գաղափարը ծագել էր «Մեր քաղաքը մեր տունն է» սոցիալական հիմնադրամի մի խումբ երիտասարդների մոտ, ովքեր լրջորեն մտահոգված էին հայ մարդու՝ իր ազգային մշակույթը չճանաչելու, մասնավորապես` բուն հայկական պարերը չիմանալու, հայկական տոնախմբությունների ժամանակ ոչ հայեցի պարելու, այլազգի երիտասարդների մոտ սեփական մշակույթը ներկայացնելու կարողությունը չունենալու խնդիրներով։ «Կարին» ավանդական երգի-պարի խումբն այն եզակի ազգագրական համույթներից էր, որն ի զորու էր ստանձնել նման համարձակ ծրագրի իրականացումը՝ հային վերադարձնելու իր նախնիների ավանդած հայկական պարարվեստի մոռացված եզակի նմուշները։

Մի շարք համագործակիցների՝ Նարեկացի արվեստի միության, այնուհետև Գաֆէսճեան արվեստի կենտրոնի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի աջակցությամբ և գաղափարի նվիրյալների ջանքերով, սկսած 2005թ․ դեկտեմբերից, իրականացվում են «Մեր պարերը և մենք» խորագիրը կրող միջոցառումները։ Դրանց ընթացքում հարյուրավոր հայեր արդեն սովորել են իրենց ազգային հնամենի պարերը և պարում են տոնախմբությունների, հարսանիքների և այլ միջոցառումների ժամանակ, իսկ օտարները հնարավորություն են ստաաչելու հային՝ որպես բարձրարժեք մշակույթ ունեցող հինավուրց ազգի։

Այսօր «Մեր պարերը և մենք» ծրագիր-միջոցառումը սպասված և սիրված է շատերի, հատկապես՝ երիտասարդների կողմից։ Այն միայն բաց դաս չէ, որի ժամանակ մասնակիցները հնարավորություն են ստանում սովորել պարաքայլերը, պարել ավանդական պարերն ու հասկանալ այդ պարերի բովանդակությունը, այլև ամենամսյա յուրօրինակ շարժում է՝ երկրի, ազգի, մշակույթի, ազգային գաղափարախոսությունների պահպանմանն ու սեփական արժեքների նկատմամբ հարգանքի ու պատասխանատվության ձևավորմանն ուղղված հեռահար նպատակների իրականացման ճանապարհին։ Շնորհիվ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի, և հատկապես գեղարվեստական ղեկավար Գ․ Գինոսյանի՝ ամեն ամիս իրագործվում են «Մեր պարերը և մենք» ծրագրի երկու կարևոր նպատակները՝ «Մեր պարեր»-ի ներկայացումը, լուսաբանումն ու ուսուցանումը և «Մենք»-ի՝ որպես «մեր պարերի» կրողների ու փոխանցողների ձևավորումը։

«Պարենք Հայերեն» երիտասարդական նախաձեռնություն

«Պարենք Հայերեն» երիտասարդական նախաձեռնությունը ձևավորվել է 2011թ.-ի հունիսին «Կարին» ավանդական երգի-պարի համույթի սիրողական խմբակների սաների նախաձեռնությամբ՝ բացառապես կամավորական հիմունքներով: Նախաձեռնության նպատակն է նպաստել հայկական ավանդական պարերի տարածմանը, քանզի համոզված ենք, որ մշակույթի պահպանման ամենալավ միջոցը ժողովրդին այդ մշակույթի կրողը դարձնելն է: Ընդօրինակելով «Մեր պարերը և մենք» միջոցառումների ձևաչափը, նախաձեռնությունը ողջ ամառ Երևանում և շրջաններում՝ ներառյալ Արցախը, կազմակերպում և անց է կացնում ավանդական պարի բաց դասընթաց-միջոցառումներ, իսկ ցուրտ եղանակներին այցելում է դպրոցներ, մանկատներ և այլ ուսումնական հաստատություններ:

Մինչ օրս «Պարենք Հայերեն» նախաձեռնությունը համագործակցելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարության հետ Հ.Ա.Թ.-ում կազմակերպել և անցկացրել է տասից ավելի միջոցառումներ: Այցելել է նաև Հանքավանի «Արագած» ճամբար և ճամբարի անապահով ընտանիքներին՝ մոտ 300 երեխաների հետ նույնպես պարել է հայերեն: Տարբեր նախաձեռնությունների և մեր ընկերների աջակցությամբ միջոցառումներ է կազմակերպել նաև Էջմիածնի Արաքս գյուղում, Նոյեմբերյանի Կողբ գյուղի գեղարվեստի դպրոցում, Արցախի Քարվաճառում և Բրաջուր գյուղում, Նոր Հաճընում, Եղվարդում, Գորիսում և այլուր:

Պարենք Հայերենըե բոլորիս ձեռքբերումն է: Եվ այն գոյություն է ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ հայկական հողի որևէ անկյունում հայերեն պարելը խնդիր կլինի: Եվ թող որ մոտ ապագայում գա այն օրը, երբ բոլոր հայերը կիմանան հայերեն պարել ու դասընթաց-միջոցառումների փոխարեն ուղղակի կհավաքվենք պարելու, պարատոներ կազմակերպելու։

«Ծովակ» ավանդական երգի-պարի մանկապատանեկան խումբ

«ԿԱՐԻՆ» ավանդական մշակութային միության «ԾՈՎԱԿ» ավանդական երգի-պարի մանկապատանեկան խումբը հիմնադրվել է 2001 թվ.-ին Երևանի Ավետիք Իսահակյանի անվ. Կենտրոնական գրադարանում, որը իրականում հանդիսացել է «ԿԱՐԻՆ» ավանդական երգի-պարի խմբի նախասկիզբը, և հետագայում ՀՀ ԿԳՆ մշակույթի կենտրոնում՝ «ԿԱՐԻՆ» ավանդական երգի-պարի խմբի հիմնադրումից քիչ անց, տեղափոխվել է վերոնշյալ մշակույթի կենտրոն:

Խումբը կրում է հայտնի երաժշտագետ, կոմպոզիտոր, մշակույթի ականավոր գործիչ Ծովակ Համբարձումյանի անունը, ում հորդորներով և աջակցությամբ էլ ստեղծվել է խումբը:

«ԾՈՎԱԿ»-ն իր կենսագրության ընթացքում ունեցել է բազում ելույթներ, մասնակցել հանրապետական փառատոնների, և կրթել տասնյակ պատանիների, ու պռոպագանդել մեր ավանդական մշակույթը: «ԾՈՎԱԿ»-ի առաջին սերնդի ներկայացուցիչները վաղուց համալրել են «ԿԱՐԻՆ»-ի հիմնական կազմը, լավագույնս ներկայացնելով և շարունակելով պրոպագանդել մեր ավանդական մշակույթը, մասնավորապես մեր երգն ու պարը: Այսօրվա «ԾՈՎԱԿ»-ի մասնակիցները խմբի երրորդ սերնդի ներկայացուցիչներն են:

«ԾՈՎԱԿ»-ը կրկին վերակազմավորվեց 2012-ի սեպտեմբերի սկզբին ՀՀ ԿԳՆ մշակույթի կենտրոնում:

«ԿԱՐԻՆ» ավանդական մշակութային միույթան «ԾՈՎԱԿ» ավանդական երգի-պարի մանկապատանեկան խումբը գործում է ՀՀ ԿԳՆ մշակույթի կենտրոնում: Կենտորնի տնօրենն է Անդրանիկ Հովհաննիսյանը, գեղարվեստական ղեկավարը՝ Սամվել Բալոյան:

Խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավարն է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը, խմբավարն է Տաթևիկ Շախկուլյանը, պարուսույցներն են Հարություն Բաղդասարյանն ու Անի Գինոսյանը:

«Դարույնք»

Ազգային ինքնության ճանաչման ու պահպանման նպատակով “Քյավառ” հեռուստաընկերությունը նախագծեց ոչ նյութական մշակութային արժեքների վերականգնման ու տարածման մի ծրագիր: Դա էր թելադրում ազգային դիմագծի վերականգնման անհրաժեշտութունը: Եթե յուրաքանչյուր հայ վերագտնի իր հզոր արմատներն ու իր երեխաներին էլ դաստիարակի այդ ոգով, մենք ավելի ուժեղ եւ ներդաշնակ կապրենք: Մենք որոշել ենք գնալ այդ քայլին:

Ոչ նյութական մշակութային արժեքների կրողների թիվն ավելացնելու նպատակով էլ հենց կազմակերպեցինք հայ ազգային պարի ուսուցում:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

Բացառապես ուսուցողական այս նախագծում ընդգրկվել են 7-ից բարձր տարիքի տղաներն ու աղջիկները, ովքեր ցանկանում են հաղորդակից դառնալ ազգային անաղարտ պարին: Այսօր նրանց թիվը հասնում է 50-ի, սակայն մենք վստահ ենք, որ գնալով այն կկրկնապատկվի, քանի որ շատերի մեջ դեռ խոսում է մեր նախնիների կանչը: Նրանց օրեցօր միանում են շատ պատանիներ եւ երիտասարդներ: Մենք միասին ենք պահպանելու մեզ բաժին հասած մշակութային ժառանգությունը:

Ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու եւ ակնկալվող արդյունքներին հասնելու համար մենք դիմեցինք ավանդական երգ ու պարի «Կարին» խմբի գեղարվեստակն ղեկավար Գագիկ Գինոսյանին: Նրա հետ քննարկվեցին գաղափարն իրականացնելու շատ հարցեր: Ազգային պարի գիտակը դրանք կյանքի կոչելու պատրաստակամություն հայտնեց: Համագործակցությունը կայացած է եւ Կարինը մեր թիմակիցն է:

Կարին համույթից է նախագծի պարուսույցը: Հովհան Դաշտոյանը շաբաթական երկու օր` շաբաթ եւ կիրակի, Գավառ է գալիս եւ իր փորձն ու գիտելիքներն է փոխանցում այս նախագծում ընդգրկված մասնակիցներին: Այժմ խմբին իր փորձն ու հմտություններն է փոխանցում նաեւ Կորյուն Դավթյանը:

Ուսուցանվում են Վանի, Շատախի, Ալաշկերտի, Կարինի, Սասունի եւ շատ այլ շրջանների ռազմապարեր, աշխատանքային, ծիսական-պաշտամունքային պարեր:

Մասնակիցները ծանոթանում են նաեւ աստիճանաբար մարող կամ արդեն մոռացության մատնված մշակութային արժեքներին, հոգևոր մշակույթին, հայոց պատմությանը, ազգային ավանդույթներին` ծեսեր, սովորույթներ, երգ, էպոս, հեքիաթներ, ստանալու են ռազմահայրենասիրական դաստիարակություն:

Մի խոսքով, հավատարիմ մնալով մեր նկարագրին ու հոգեբանությանը` իրականացնելու ենք մեր նախնիների երազանքը` կերտելով իրական ազգային դիմագիծը:

Խմբում ընդգրկված երիտասարդների եւ պատանիների նախնիները սերում են Հին Բայազետից: Խումբը 2012 թ. կոչվեց «Դարույնք» ի պատիվ Բագրատունյաց նախարարների ոստան «Դարույնք» բերդ- ամրոցի:

Խումբը նպատակ ունի վերականգնել Նոր Բայազետի պարանմուշները, երգերը, ազգային ծեսերն ու ավանդույթները:

Խմբի նախաձեռնությամբ նշվում են ազգային տոները, հայ առաքելական եկեղեցու տաղավար տոները, կազմակերպվել են ծառատունկ, բաց դասերի շարք Գավառում եւ նրա հարակից համայանքներում, ռազմահայրենասիրական թեմաներով քննարկումներ եւ այլն: Յուրաքանչյուր ամսվա վերջին օրը խումբը մասնակցում է Երևանում կազմակերպված ազգային պարերի բաց դասերին:

Խումբը ունի Նոր Բայազետին բնորոշ սիմվելոներով կարծավ ազգային տարազ: Այն նախագծվել եւ կարվել է Հայ ասպետ կրթադաստիարակչական հիմնադրամի արտադրամասի վարպետների կողմից:

Յուրաքանչյուր շաբաթ նաեւ պատրաստվում եւ «Գեղամա» մարզային հեռուստաընկերությամբ եթեր է հեռարձակվում «Ազգային դիմագիծ» հաղորդաշարը, որի շրջանակներում ներկայացվում է խմբի առօրյան, հեռուստադիտողների համար կազմակերպվում է պարի ուսուցում, խոսվում է ուսուցանվող պարի մասին, ներկայացվում է ծագման պատմությունը եւ այլն: Միաժամանակ ցուցադրվում են պարի շարժումները, իսկ վերջում խմբի սաները ներկայացնում են պարն ամբողջությամբ:

Խումբը 2012 –ին Գավառում հանդես է եկել առաջին համերգային` «Իմ հին ու նոր Բայազետ» ծրագրով: