Պատմություն

Հայ ազգային պարի սկզբնավորման պատմությունը

Դեռևս ամենապարզունակ հավատալիքների առաջացման պահից պարը օրգանապես միահյուսվել է տվյալ միջավայրի ծեսերին: Հնուց Ժողովուրդների կյանքում պարին մեծ դեր էր հատկացվում: Ինչքան շատ էր զարգանում մոգությունն ու հմայությունները, ավելի ուշ նաև կրոնը այնքան բարդանում էին տարբեր նախնի-տոտեմների, ոգիների, աստվածությունների պաշտամունքին վերաբերվող պարային գործողություններով ծեսերը, ստանալով ավելի ու ավելի բարդ արտահայտչական տեքստ – ձևավորում, ավելի բարդ թատերականացում:
Մոգական ծեսերում իր արտահայտությունն է գտել նախնադարյան մարդու` բնությունը «վերափոխելու», երազանքը:

Շատ թատերականացված պարային ներկայացումներ փոխանցում էին իր համայնքի, իր ցեղի կամ ժողովրդի «պատմությունը», էպոսներ և առասպելներ տարբեր նախնի-տոտեմների, հերոսների, ոգիների, կուռքերի կյանքի մասին, նրանց կերպարանքի և արարքների արտացոլմամբ: Նրանք սովորաբար խաղարկվում էին ընծայական ծեսերի ժամանակ, երիտասարդությանը իր ցեղի «պատմությունը» ուսուցման համար:

Պարային թատերականացված ներկայացումները` նաև բնության պտղաբերության, բուսական և կենդանական աշխարհի աճի, աշխատանքում, որսի ժամանակ, պատերազմում, ձկնորսությունում, հաջողության կոչող մոգական ակտեր էին:

Պարային թատերականացված ներկայացումների շարժումներով նմանակում էին ներկայացվող իրական և ֆանտաստիկ կերպարների շարժումներին և համայնքի անդամների գործունեության այն ոլորտի շարժումներին, որպիսիի վրա անհրաժեշտ էր «ներգործել – կոչել հաջողությունը», օրինակ աշխատանքային, որսորդական, ձկնորսական, ռազմական, մրցողական և այլ շարժումներին:

Այլ շարժումների – դրական մոգության ակտերի մի ամբողջ շարքով «ապահովում» էին սեփական առողջությունը, հաջողությունը, թշնամու հանդեպ հաղթանակը և այլն:

Աշխատանքային գործիքների, սպասքի, ամենօրյա և տոնական հագուստի, կացարանի կահավորանքի, զենքի և այլնի զարգացմանը զուգահեռ զարգանում էին նաև գործողությունների բովանդակության հետ կապված սրբազան գործողությունների պիտույքները, նրանց ռեկվիզիտների առարկաները, գործող անձանց հանդերձանքը, , նրանց գլխարկները, դիմակները, կոշիկները, երաժշտական գործիքները, սիմվոլիկ զարդանախշերն ու նկարները:

Ժողովրդական պարային թատերականացված ներկայացումներում, կախված նրանց նշանակությունից և բովանդակությունից, մասնակցում էին միայն աղջիկները (կամ կանայք, կամ համատեղ), միայն տղամարդիկ (միայն ազապները, կամ միայն ամուսնացածները, կամ համատեղ), միայն երեխաները(մեկ կամ երկու սեռերի), ինչպես նաև համայնքի ամբողջ բնակչությունը համատեղ:

Համայնքի յուրաքանչյուր չափահաս անդամ(ինչպես և երեխա, և դեռահաս) իրենց տոհմավագների հսկողության տակ մասնակցում էր իրենց մոգական և պաշտամունքային նշանակությամբ իր սեռին և հասակին համապատասխան գործողություններին:

Երբ պաշտամունքի կատարումը կենտրոնացավ արհեստագետ (պռոֆեսիոնալ) պատարագիչների ձեռքում, թատերականացված պարային գործողությունների որոշ ձևեր սկսեցին կատարել միայն յուրաքանչյուր աստվածության պաշտամունքի սպասավորները, և նրան հաղորդակից աղջիկներն ու տղաները:

Շատ հին ժամանակներից է ընթանում նաև աշխարհիկ պարերի, մրցությունների և խաղերի զարգացումը:Պարերը, երգեցողությունը, երաժշտական գործիքների վրա նվագակցումը, ակրոբատիկան, մրցությունները և խաղերը սկսեցին ավելի հաճախ ծառայել ոչ միայն պաշտամունքային գործողությունների, մոգության և կրոնի նպատակներին, այլ նաև աշխարհիկ արվեստի նպատակներին:

Հայ ժողովրդի հնագույն պարերի մեզ հասած ժառանգությունը հաստատում է ծիսական պարերում տեղային առանձնահատկությունները և նրանց պահպանումը հայերի կողմից: Հեթանոսական ժամանակաշրջանի մասին եզրակացությունները թելադրվում են ինքնաբերաբար հին գրողների մատնանշումներով ըստ Հնագույն Հայաստանում հեթանոսական տաճարների բաշխվածության տարբեր վայրերում` տարբեր աստվածությունների պաշտամունքով:

Միաժամանակ իր սովորությունների և մշակույթի ժառանգության – էպոսի, առասպելների, պարերի, ինչպես նաև տոնակատարությունների և պաշտամունքների պահպանման ձգտումը վկայում են, որ հայկական աստվածությունների կերպարների, անունների և պաշտամունքների, օտարերկրյա աստվածությունների կերպարների, անունների և պաշտամունքների հետ խաչասերման ընթացքում պետք է հաղթեին համահայկական և տեղային սովորույթները և տեղային աստվածության գործունեության բնորոշիչ առանձնահատկությունները, նրա պաշտամունքը և նրան նվիրված պարային ներկայացումներ:

Իր նախնիներից ժառանգած շարժումային պարային արմատական ֆոնդի հիման վրա հայ ժողովուրդը ստեղծեց իր հիմնական պարային համաժողովրդական շարժումային ֆոնդը, նրա հետագա լրացումներով և զարգացումներով, ինչպես նաև հնացած և այլևս չոգտագործվող շարժումների պարբերական վերացումով:

Դեռևս 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդի տարեկան մեծ տոներից շատերի հետ էր կապված բազում ավանդական հին ծիսական պարերի և թատերականացված ներկայացումների կատարումը: Չնայած հաճախ որոշ նախկին ծիսական պարեր կատարվում էին սովորույթի ուժով, քանզի նրանց անցյալ մոգական նշանակությունները սկսել էր ժողովրդի կողմից մոռացության մատնվել:

Շատ աշխարհիկ պարեր սկսեցին առանձնանալ հետզհետե մոռացվող ծիսական գործողություններից: Իսկ աշխարհիկ պարերի որոշ տեսակներ ստացան խնջույքային բովանդակություն:

Հայկական պարերի կատարման տեղը և ժամանակը

Հայկական պարերը կատարվում էին բաց երկնքի տակ և ծածկված շինություններում:

Բաց երկնքի տակ կատարվում էին համաժողովրդական տարեկան կրոնական տոների ժամանակ. Տրնդեզ, Համբարձում, Վարդավառ, Բարեկենդան և այլն: Հայկական պարերը բաց երկնքի տակ էին կատարվում նաև ուխտավայրերում:

Հարսանեկան ծիսակատարության ժամանակ պսակադրության համար դեպի եկեղեցի գնալու ամբողջ ճանապարհին, պսակադրության ժամանակ և փեսայի տան ճանապարհին մասնակիցների պարերը նախկինում չար ոգու խարդավանքից և չար աչքից պաշտպանելու խնդիրն էին կրում:

Բաց հրապարակում էր կատարվում նաև հուղարկավորության պարային երթը և թաղման պարերը:

Հայերը պարերը կատարում էին նաև ծածկված շինություններում:

Հեթանոսական ժամանակ Հին Հայաստանի տաճարներում կատարվում էին ծիսական Տաճարային պարեր-Պարք Մեհենականք:

Փակ շինություններում բնակչությունը ավելի շատ պարում էր ձմեռը:
Տարվա տաք եղանակին դա տեղի էր ունենում այն ժամանակ, երբ պարերով ծեսերը պետք է կատարվեին կացարաններում:

Յուրաքանչյուր գյուղում և քաղաքում գոյություն ուներ հրապարակ կամ պարապ տեղ, որտեղ տարբեր տոնակատարությունների ժամանակ կազմակերպվում էին հասարակական պարեր և խաղեր:

Հնում պարերի, թատերականացված գործողությունների, խաղերի և մրցույթների մի ամբողջ շարք կանոնակարգված էր, ըստ կատարման ժամանակի: 20-րդ դարի սկզբին արդեն ծիսական մի շարք պարեր սկսեցին կատարվել իրենց ծեսերից դուրս, ցանկացած ժամանակ, ցանկացած տեղում:

Պարերի կատարման հերթականությունը նույնպես խիստ կանոնակարգված էր:

Հայկական պարերի մասնակիցների քանակը, սեռը և տարիքը

Ըստ մասնակիցների քանակի հայկական պարերը բաժանվում են կոլլեկտիվ, խմբային, զույգային և մենպարերի:

Կոլլեկտիվ պարերում կարող էին մասնակցել միանգամից անսահմանափակ քանակով պարողներ: Խմբային պարերում, որոնք հիմնականում ավելի կատարողական բարդություններ էին կրում, հնարավոր չէր մարդկանց մեծ քանակով պարել և պարում էին 10,15,20 հոգով:

Կախված կոլլեկտիվ պարի նշանակությունից և բովանդակությունից, այն կարող էին կատարել առանձին կամ համատեղ ամուսնացած տղամարդիկ, կանայք, պատանիները, օրիորդները,տղաները, աղջիկները:
Հին հայկական կոլլեկտիվ պարերը այս կամ այն սեռի և տարիքի անձերի մասնակցությամբ բաժանվում են կանանց և տղամարդկանց պարերի, պատանիների և օրիորդների պարերի, աղջիկների և տղաների-մանկական պարերի:

Մեզ հասած հայկական կոլլեկտիվ պարերի ահռելի քանակի համեմատ խմբական պարերի, զուգապարերի և մենապարերի քանակը այնքան էլ մեծ չէ, սակայն մեզ են հասել այս պարատեսակների որոշ անգին գոհարներ:

Հայկական պարերի տարատեսակները

Հայկական պարի հիմքը զիստային (զսպանակավոր) շարժումներն են: Սակայն նույնիսկ դրանում խիստ տարբերություն կա թե մեկ պարային քայլի ընթացքում քանի զսպանակ է արվում, ըստ որում այդ զսպանակներն էլ կարելի է անել խորը կամ շատ մեղմ:

Հայկական պարերը կարելի է բաժանել ըստ մի քանի բաղկացուցիչների: Նախ և առաջ իր կատարման բնույթով պարերը կարելի է բաժանել 3 մեծ խմբերի. 1.` պարերգեր, որոնք զուգորդվում են երգերով, 2. որոնք ազգային երաժշտական գործիքներով են նվագակցվում և 3. նախորդ երկուսի համադրումով:

Կարելի է տարանջատել նաև շարժումների ձևերով.
1.Կենցաղային, 2. Աշխատանքային, 3. Արտահայտչական, 4. Նմանակող, 5. Նկարագրող, 6. Սիմվոլիկ, 7.Պայմանական:

Կոլլեկտիվ և Խմբակային պարերը տարբերվում են իրարից նաև ձեռքերը բռնելու ձևերով.
1.Ճկույտներով, 2. Ափերով, 3. Խաչված ափերով, 4. ՈՒսերով, 5. Գոտկատեղից

Իսկ ամենակարևոր տարանջատումը պարերի բովանդակությունն է, որոնց մեծ մասը հնում ունեցել է բանավոր տեքստային զուգադրում և իրենց բովանդակությամբ բաժանվել է հետևյալ խմբերի.
1. Առասպելական
2. Էպիկական
3. Լիրիկական
4. Պաշտամունքային
5. Ճանապարհի
6. Լարախաղացների
7. Ծիսական
8. Աշխարհիկ
9. Աշխատանքային
10. Ռազմական
11. Որսորդական
12. Մանկական և այլն:

Պարերի մասին խոսելուց չի կարելի չնշել նաև հայկական տարազների առանձնահատկությունների մասին, որոնք ոչ միայն իրարից շատ տարբեր են, այլև բնորոշում են այն տարածաշրջանը, գավառը, նահանգը որը ներկայացվում է:

Պարերը տարբերվում են նաև իր տարածքային պատկանելությամբ, քանի որ բնակլիմայական պայմանները իրենց անջնջելի հետքն են թողել պարերի վրա:

Հայկական պարարվեստը ունի պահպանված այնպիսի նմուշներ, որոնք արժանիորեն կարող են համալրել համաշխարհային պարային գանձարանը, եթե իհարկե նորից հայտնվի ուշադրության կենտրոնում:

Գագիկ Գինոսյան
«Կարին» համույթի գեղարվեստական ղեկավար