Գագիկ Գինոսյան. «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի հաղթանակը հայ պարի հաղթանակն էր

2011 թվականի ապրիլին Իսպանիայում տեղի ունեցած ժողովրդական պարերի համաշխարհային մրցույթ-փառատոնում «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթը «Պար» անվանակարգում արժանացել է առաջին մրցանակի, իսկ «Երաժշտություն» անվանակարգում` 3-րդ մրցանակի:

Մրցույթի կանոնների համաձայն, «Կարինը» ներկայացրել է 8 րոպեանոց պար, որի մեջ ներկայացված են եղել հայկական պարերից ու ծեսերից հատվածներ: «Մրցույթին ներկայացվել էր հայկական պարերի ծաղկաքաղ, որի մեջ գլխավոր տեղում «Յարխուշտա» պարն էր: Այսինքն` այդ պարի մեջ և’ Վասպուրական, և’ Շատախ, և’ Կարին, և’ Սասուն կար: Մենք այդ 8 րոպեի մեջ ընդգրկել էինք ամբողջ հայկական լեռնաշխարհը, կարծում եմ` դա հայկական պարի հաղթանակն էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը և հավելեց, որ հայկական պարն արժանացել է մրցույթի ժյուրիի և կազմակոմիտեի անդամների հիացմունքին:

«Մենք բավականին աժիոտաժ առաջացրեցինք, և բոլորի համար անակնկալ էր հայկական պարը: Բոլորը զարմացած էին, և թերևս ճիշտ կլիներ, որ վաղուց հայկական պարը նման համաշխարհային մրցույթներում ներկայացված լիներ, քանի որ աշխարհին առաջին հերթին պետք է ներկայանալ հենց ազգային մշակույթով»,- ընդգծեց Գ.Գինոսյանը:

Ըստ նրա, արդեն 25 տարի է, ինչ Իսպանիայում տեղի է ունենում այդ մրցույթ-փառատոնը, սակայն Հայաստանը մասնակցում էր առաջին անգամ: Մրցույթին մասնակցել են Իսպանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խորեն Տերտերյանի նախաձեռնությամբ, այնուհետև երկար բանակցություններից հետո մրցույթի կազմկոմիտեի նախագահի կողմից ՀՀ մշակույթի նախարարությունը «Կարին» խմբի անունով մասնակցության հրավեր է ստացել:
Գ.Գինոսյանի խոսքերով, մշակույթի նախարարությունը միայն կեցության ծախսերն է հոգացել, իսկ ճանապարհածախսը` «Կարինի» ընկերները: Ըստ նրա, իրենք դիմել են տարբեր ատյանների, գործարարների, սակայն որևէ աջակցություն չեն ստացել: «Ցավալի է, որ մեր երկրում ինչ տեսակի համերգ ասես կազմակերպվում է բարձր հովանու ներքո, բայց ազգային մշակույթը «խորթ բարեկամի կարգավիճակում է»,- նշեց Գ.Գինոսյանը:

Աղբյուր` Panorama.am
http://panorama.am/am/society/2011/05/10/karin/