Հեռուստատեսություն շատ ունենք, հատկապես՝ ավելորդ. Գագիկ Գինոսյան

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը բարձրաձայնում է՝ Հայաստանում բացակայում է մշակութային քաղաքականությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա թվարկեց պատճառները՝ hեռուստատեսությունների վատ աշխատանք, ազգային մշակույթի բացարձակ անտեսում, ֆինանսական լուրջ խնդիրներ, նույն ֆինանսների սխալ ուղղորդում՝« չմշակույթի մեջ ներդրումներ» և այլն:

«Ժամանակին Նժդեհն ասել է, մամուլ շատ ունենք, հատկապես՝ ավելորդ, նույնը հեռուստատեսությունն է այսօր. հեռուստատեսություն շատ ունենք, հատկապես՝ ավելորդ»,-ասաց նա:

Գագիկ Գինոսյանի պնդմամբ, սրա համար հիմնական պատասխանատուն պետական համապատասխան մարմիններն են, ովքեր կառավարական համերգներում ներառում են ցածրորակ մշակույթ: «Եթե ազգային բանակի օրը հնչում է «Պստիկ պապան գնաց բանակ, իր հետ տարավ մի սուր դանակ, դա երգի հետ կապ չունի, գրել եմ, որ բռնի…» երգը և պաշտոնյան ծափահարում է, փոխարենը պատժի համերգի կազմակերպիչներին, ի՞նչ կարելի է սրան ավելացնել»,- նշում է նա և պահանջում, որ նման ցածրորակ երաժշտությունը բացառվի և հովանավորվի բացառապես բարձրաճաշակ մշակույթը:

Ըստ նրա, մշակույթը պրոպագանդելու համար անհրաժեշտ են պետական ներդրումներ, իսկ հեռուստատեսության համար պարտադիր չափորոշիչներ պետք է մշակվեն, որտեղ նաև ընդգրկվեն, որ այսինչ ժամին մշակույթի այսքան չափաբաժին պետք է ցուցադրել, այսինչ ժամին այս լինի և այլն:

ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը համաձայն էր, որ ֆինանսականը հենց այն խնդիրն է, որ չեն կարող տեսնել, թե ինչ լավ արտիստներ կան, որոնք չեն կարող իրենց շնորհքը ցույց տալ, սակայն դեմ էր շրջանակների մեջ դնելուն:

Նա զարմանում է, թե ինչպես էր հնարավոր Խորհրդային միության օրոք, երբ ամեն ինչ արվում էր, որպեսզի ազգային մշակույթը ինտեգրվի, այդ պայմաններում շատ ավելի հնարավորություն կար պահպանելու և շատ ավելի պահպանում էին հայ երգն ու մշակույթը, մինչդեռ այսօր այս ազատության մեջ ոչ միայն չի ներակայացվում, այլ կորչում է մեր մշակութային գիծը: «Սովետական տարիների կարոտախտ չի, ուղղակի զարմանք, թե ինչպես էր այդ երկաթի վարագույրի տակ այդ ամենը պահպանում: Այսօր վաճառվողը թուրքական հայախոս երգերն են»,-ասաց նա և նշեց, որ ազգային մշակույթը քարկոծելը կամ կեղծ համարելը քաղքենիություն է:

Շուշան Պետրոսյանը փորձում է հիշել, թե ազգապահպան քանի հաղորդում կա Հանրային հեռուստաընկերությունում և հիշում միայն երկուսը՝ «Հայ Ասպետ» և «Երգ երգոց»: Ըստ նրա, մրցունակ դարձնելու համար պետք է ազգային մշակութային նախագծերը մատուցել համապատասխան ձևավորմամբ և ոչ թե «հին դեկորներով և Տրոցկու շրջանի միկրոֆոններով»:

ԱԺ պատգամավորը հավատացնում է, թե այն պատճառաբանությունը, թե հանդիսատեսը դա է լսում, սխալ է. «խաբում են, այդպես բան չկա»: «Ռաբիսը վատ երաժշտություն չի, նա դուքան է: Ես նրանց հետ խնդիր չունեմ, ուղղակի իրենք իրենց տեղը չգիտեն»,- ասաց նա և դրա պրոպագանդման մեջ մեղավոր համարելով նաև լրագրողներին, ովքեր օրինակ՝ կարծիք են հարցնում ինչ-որ Թաթուլից, որի ազգանունն այդպես է նրա միտքը չեկավ: «Դուք եք մեղավոր, Թաթուլն ով է, որ նրան հարց եք տալիս, նա իրա մուղամներն անում է, դրա համար վճարվում է»,-ասաց նա:

Գագիկ Գինոսյանը այլ կարծիքի է: Նա ռաբիս երաժշտությունը համարում է մոլախոտ և երկրորդ նախագահի այն տեսակետի հետ, թե դաշտն ազատ է թողնված, և որը պետք է, կզարգանա, համամիտ չէ. «Ազատ դաշտում աճում է միայն մոլախոտ, որը պետք է քաղհանել: Ինձ համար ռաբիսը մոլախոտ է»:
Ասուլիսին ներկա էր նաև «Հայֆոն» շարժման ակտիվիստ Նունե Հայրապետյանը, ով նշեց, որ շարժումը ստեղծվել է հայ երիտասարդների կողմից՝ պահպանելու ազգային մշակույթը, մասնավորապես երաժշտությունն ու պարարվեստը: Ըստ նրա, շարժումը գործում է արդեն մեկ տարի և բավական լուրջ ձեռքբերումների է հասել:

Սկզբնաղբյուր։ http://www.tert.am/am/news/2012/07/07/ginosyan-gagik/