Գագիկ Գինոսյան. «Այն, ինչը ժառանգել ենք մեր պապերից, պարտավոր ենք փոխանցել սերունդներին»

Հաճախ է խոսվում այն մասին, որ ազգային երգն ու պարը վտանգի տակ են գտնվում: Այսօր քիչ են այնպիսի խմբերը, որոնք ձեռնամուխ են ազգային մշակույթի պահպանմանը: Դրանց մեջ կարելի է առանձնացնել «Կարին» ավանդական երգ ու պարի համույթին, որն Իսպանիայում ապրիլի 26-30-ը կայացած աշխարհի ժողովուրդների ազգային պարային փառատոնում հաղթող է ճանաչվել: Խմբի գործունեության եւ ոլորտում առկա խնդիրների մասին«Արմենպրես»-ը զրուցեց խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ:

-Պարո’ն Գինոսյան, ինչպե՞ս սկսվեց Ձեր ուղին դեպի հայ ազգային պարարվեստ:

-Սերը դեպի պարարվեստն իմ մեջ նստած է եղել գենետիկորեն: Պապս, որին չեմ տեսել, շատերի հավաստմամբ` շատ լավ պարող է եղել, եւ իրենից պահպանված հինգ նկարներից երեքում նա պարում է: Մանկուց պարի նկատմամբ սերը շատ մեծ է եղել, բայց ամաչկոտության պատճառով փոքր տարիքում չեմ պարել: Պատահաբար հայտնվեցի Հայրիկ Մուրադյանի «Վան» ազգագրական պարի խմբում, եւ նրա բարյացակամությունն ու անհատակ սերը դեպի մատաղ սերունդը, երիտասարդությունը եւ դեպի հայ մշակույթն ուղղակի հրաշք գործեցին: Հետագայում ես գրեցի «Բեմ» վերնագրով մի ստեղծագործություն, որի առաջին նախադասությունն է. «Օրհնյալ լինի նա, ով առաջնորդեց ինձ դեպի բեմ»: Տարօրինակ էր, բայց պարել շատ արագ սովորեցի, եւ մի քանի ամսում այնպես էի պարում, ինչպես այլ մարդիկ` մի քանի տարում:

-Իսկ ինչպե՞ս որոշեցիք նաեւ ազգային պարերի ուսումնասիրմամբ զբաղվել:

– Ես ցանկացա գտնել այն պարը, որը պարել է պապս: Ընկերներիցս մեկն ինձ ասաց, որ ՀՀ ԳԱԱ Ազգագրության եւ հնագիտության ինստիտուտում կա մի մասնագետ, որը գրառել է այդ պարը: Երկրորդ ծանոթությունը, որն իմ կյանքում բեկումնային եղավ, Ժենյա Խաչատրյանի հետ էր: Այդ ծանոթության շնորհիվ ես սովորական պարողից դարձա բանահավաքչությամբ զբաղվող եւ պարեր ուսումնասիրող մարդ: Սկսեցի գրառել եւ վերականգնել հայկական մոռացվող պարերը: Նախ գրառեցի Կարնո պարերը, իսկ հետագայում աշխարհագրությունն ընդլայնվեց: Հիմա փորձում ենք Հայաստանի տարբեր տարածաշրջաններից գրառել պահպանված պարային վերջին նմուշները:

-Արդեն երկար ժամանակ է` Դուք զբաղվում եք նաեւ մանկավարժությամբ: Ինչպե՞ս սկսվեց Ձերկյանքում այս շրջանը:

-«Վան»-ից հետո մոտ հինգ-վեց տարի ես պարեցի Հայրիկ Մուրադյանի դստեր` Մարո Մուրադյանի «Ակունք» ազգագրական համույթում, իսկ հետո դուրս եկա համույթից եւ չէի պարում: Այդ ժամանակ իմ պարը պատահականորեն տեսել էր հայտնի պարագետ, պարեղանակների հեղինակ Ծովակ Համբարձումյանը, եւ նա համառորեն սկսեց ինձ համոզել, որ ես պետք է առանձին պարի խումբ ստեղծեմ եւ զբաղվեմ մանկավարժությամբ ու պարերի վերականգնմամբ: Այդպես ստեղծվեց իմ մանկապատանեկան պարի խումբը, որը Ծովակ Համբարձումյանի մահից հետո կոչվում էր «Ծովակ»: Երկու-երեք ամիս անց խումբը բեմ բարձրացավ, եւ բոլորը պնդում էին, որ այդ նոր խմբի պարերի մեջ առնվազն երեք տարվա վարպետություն են տեսնում: Խմբի սաների մեծ մասն այժմ պարում են «Կարին» համույթում, իսկ ես ժամանակի առումով չկարողացա հետամուտ լինել այդ գործին: Վստահությունը, որ կարող եմ իմ իմացածը փոխանցել մատաղ սերնդին, եւ ոչ միայն պարեր վերականգնել, այլեւ մանկավարժությամբ զբաղվել, ինձ օգնեց, եւ ես կարողացա մեծահասկաների խումբ ստեղծել: Չկարողացա հետամուտ լինել «Ծովակ»-ին, սակայն «Կարին» ազգագրական երգ ու պարի համույթը շատ մեծ առաքելություն ստանձնեց: Խումբը ստեղծվեց այն սկզբունքով, որ մենք իրավունք չունենք մեզ հետ մեռցնելու այն, ինչին մենք չենք կյանք տվել, եւ այն, ինչը մեր պապերից փոխանցվել է մեզ, պարտավոր ենք ժառանգաբար փոխանցել նոր սերունդներին: Հետագայում դա վերածվեց կենսակերպի ու առաքելության:

– Այս տարի լրանում է «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի ստեղծման տասը տարին,ո՞րն է այդ ժամանակահատվածի գլխավոր ձեռքբերումը:

-Այս տասը տարիների ընթացքում «Կարին»-ը գրառել, բեմ է բարձրացրել եւ հանրության դատին ներկայացրել մոտ հիսուն պար: Մեր պարացանկում կան պարեր, որոնք որոշ մարդկանց ծանոթ են, սակայն լայն հասարակությանը երբեք ներկայացված չեն եղել: Պարում ենք նաեւ մոտ 15-20 պար, որոնք ոչ մի տեղ ներկայացված չեն եղել, եւ գրառումներով ու նմուշներով վերականգնված պարեր են:

-Ազգային երգն ու պարն այսօր լայն հասարակության շրջանակներում տարածում չեն գտել.դժվա՞ր չէ այդ պայմաններում աշխատելը:

-Դժվարություններն իսկապես շատ են: Այսօր քիչ է հնչում Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Մակար Եկմալյանի ստեղծագործությունները, Մաշտոցի եւ Նարեկացու տաղերը: Սակայն ինչպես Գ. Նժդեհն է ասել. «Լավ է Դիոգենեսի նման բավարարվել տակառով, քան Արիստիպոսի նման հացկատակ անել թագավորների սեղաններին»: Հաճախ է հնչում այն կարծիքը, որ մշակութային դաշտն ազատ է թողնվել, որպեսզի ում կարիքը կա, նա էլ զարգանա, սակայն բոլորս էլ գիտենք, որ բարձիթողի դաշտում մոլախոտ էլ Է բուսնում: Մենք հիմա փորձում ենք ժայռի գլխին հացահատիկ աճեցնել:

-Ինչի՞ համար խորհուրդ կտայիք հայ պատանուն պարել մեր ազգային պարերը եւ ճանաչելազգային երգն ու պարը:

-Սեփական տեսակը չճանաչող եւ սեփական տեսակին չհարազատացած մարդուն շատ հեշտ է շեղել. ցանկացած քամի կարող է տապալել այն ծառը, որը խորն արմատներ չունի: Թերարժեք, կեղծ, կիսահայ մշակույթ սերմանելով` կարող է աղճատվել մեր տեսակը, կարող է թուլացվել ինքնապաշտպանական բնազդը: Մինդեռ իր տեսակը հասկացող, իր առաքինություններն ու ընդունակություններն արժեւորող եւ իր թերացումների վրա աշխատող մարդը չի կարող թույլ լինել:

Հարցազրույցը` Արուսիկ Զախարյանի