Շուշիի տոնին կներկայացվի «Արցախյան հարսանիքը»

Մայիսի 8-ին Շուշիում ներկայացվելու է «Արցախի հարսանիք» բեմադրությունը, որը նվիրված է Շուշիի ազատագրման 20-ամյակին: Պարերի բեմադրիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն այսօր «Հենարան» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ Շուշիի ազատագրման գործողությունը կոչվում էր «Հարսանիք լեռներում» ու նա էլ փորձել է զուգահեռներ անցկացնել այդ երկուսի միջեւ. «Մտահղացումը պատկանում է Արցախի մշակույթի նախարարությանը: Սցենարը գրել է Ալեքսանդր Մանասյանը, իսկ հիմնական բեմադրական արարողությունը կանի «Մենք ենք, մեր սարերը» պարային խումբը: Ներկայացումը կտեւի մեկուկես ժամ: Ամսի 8-ին բեմադրությունը կներկայացվի Շուշիում, հաջորդ օրը նոր՝ Ստեփանակերտում»:

«Արցախի հարսանիքը» բաղկացած կլինի երեք փուլից՝ Արցախի խորհրդանիշի՝ տատիկ-պապիկի ներկայացումից, աղջկան եկեղեցի տանելու արարողության նկարագրումից եւ աղջկան տղայի տուն տանելու մասի ներկայացումից:

Պարոն Գինոսյանի խոսքով, փորձել են պահպանել ամեն մանրուք, ինչը բնորոշ է արցախյան հարսանիքին: Նա նաեւ նշեց, որ արցախյան կոլորիտի մասին պետք է շատ խոսվի ու դա պետք է ծանոթացվի նաեւ աշխարհին. «Արցախի մշակույթի նախարարի հետ եմ զրուցել ու ցանկություն հայտնել, որ «Արցախի հարսանիքը» ցուցադրվի նաեւ այլ երկրներում»:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ
http://www.aravot.am/2012/04/30/295977/