«Մենք քանդում ենք այն, ինչ ձեռք ենք բերել մեծ դժվարությամբ»

Այսօր «Ազդակ» ակումբում Մայիսյան հաղթանակների նշանակությունը թեմայով ասուլիսի ժամանակ «Կարին»երգի, պարի ազգային համույթի գեղարվեստական ղեկավար, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը նշեց. «Այս տոնն առանց մակդիրների կկոչեմ անկախության տոն: Անկախությունը բացարձակ արժեք է, սակայն ինքնանպատակ չէ, այն ազգի բնականոն զարգացումը ապահովելու համար է»:

Ըստ բանախոսի՝ անպարտելի բանակ պետք է ունենալ, այլ ոչ թե լավագույն. «Խոսում ենք բարոյական հաղթանակների մասին, մոռանալով բարոյական պարտությունները, անհրաժեշտ է դասեր քաղել և սխալների վրա փոխվել»:

Ազատամարտիկը առանձնացրեց մտավորականության արտագաղթի փաստը, նա համարեց դա սարսափելի փաստ. «Մենք պետք է համաքայլ քայլենք, աշխատենք տեղեկանալ և տեղեկացնել, որ պատրաստ լինենք ցանկացած մարտի»:

Հատուկ նշանակության խմբի հիմնադիր, հրամանտար Վովա Վարդանովը տոնը կարևորելով նշեց. «Երբ պատրաստ չենք անկախության՝ այն չի լինում, իսկ երբ պատրաստ ենք՝ այն մեզ հետ է: Հսկայական Հայաստանից մեզ մնաց միայն Հյուսիս-արևելյան մասը, քանի որ մենք ընդամենը պատրաստ չէինք»:

Հրամանատարի կարծիքով, աշխարհին ճանաչելի ենք դարձել սովետական ժամանակներից. «Մեր մշակույթը սովետական հասարակարգից է եղել, այսօր մենք քանդում ենք այն, ինչ այդ ժամանակ ձեռք ենք բերել մեծ դժվարությամբ: Հետևաբար մեր հարևանները ատամ են սրում մեր հողի վրա, նրանք ուզում են Հայաստանը տեսնել առանց Հայաստանի»::

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
http://www.aravot.am/2012/05/28/298273/