Մեր բանակն ու զինվորը փայլուն վիճակում են – 06․04․2016

Առաջին արցախյան ազատամարտի ժամանակ լինելով հակատանկային զենքերի մասնագետ, պահեստազորի կապիտան, «Կարին» ավանդական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն առաջիկա օրերին պատրաստվում է մեկնել Արցախ եւ պատրաստ է թե պարերով խանդավառել, թե գաղափարապես, թե որպես հակատանկային զենքի մասնագետ՝ օգտակար լինել մեր բանակին, իսկ ավելի հստակ՝ դիրքերում կերեւա, թե ինչով օգտակար կլինեն։ Գինոսյանի հետ պատրաստվում են Արցախ մեկնել նաեւ մեծ թվով զինակից ընկերներ, պարի խմբի տղաներ, որոնք, ըստ նրա, կուղեւորվեն Արցախ՝ թշնամու պոչերը մաքրելու։

Թե որքանով է լուրջ ստեղծված իրավիճակը եւ սա նշանակո՞ւմ է արդյոք, որ երկարատեւ պատերազմի նոր փուլ ենք մտնում, ապա, ըստ Գինոսյանի, դժվար է կանխատեսում անելը, բայց զարգացող իրադարձությունները գնալով մեծացող ամպլիտուդա ունեն։ Փաստ է, որ 1-2 օրում այն չի ավարտվելու. «Հետագայում էլ եթե ընդհատվի, պետք է հասկանալ, որ հաջորդ անգամ ավելի ահագնացող է լինելու, եւ ամեն ինչ պետք է անել, որ կանխենք հաջորդ միջադեպը, որովհետեւ գնալով այդ մեծությունն ավելին է դառնում։ Կարծում եմ՝ ոչ մերոնք են պատրաստ ընդհատելու այս գործողությունները, ոչ էլ նրանք, որովհետեւ եթե այս վիճակում նրանք դադարեցնեն, խայտառակ վիճակում դուրս կգան, որովհետեւ իրենց պլանները հերթական անգամ տապալվեցին, իսկ մերոնց համար էլ որոշ խնդիրներ կա լուծելու, եւ դեռ այսօր, վաղը չի դադարեցվելու։ Դրա համար, կարծում եմ, մոտակա օրերին այս ամեն ինչը չի ավարտվի, հետո կյանքը ցույց կտա, կախված է նաեւ գերտերությունների պահվածքից, որն այսօր ավելի քան զզվելի է ու զարհուրելի, հատկապես մեր ռազմական զինակիցների առումով։ Պիտի հասկանանք, եթե գերտերությունների կողմից որեւէ կամք չդրսեւորվեց այդ ամեն ինչը կանխելու, այս ամենը երկարելու է, եւ, ինչպես ասում էր Նապոլեոնը, պատերազմն սկսում են, երբ ուզում են, ավարտում են, երբ կարողանում են։ Այնպես որ, պատերազմի ավարտի մասին խոսելը հիմա մի քիչ դժվար է»։
Այն, որ Ադրբեջանը զինված է ժամանակակից ռազմամթերքով, որոնք մեծ հաշվով խոցվում են հայկական զինուժի կողմից, դեռ չի նշանակում, որ հայկական կողմն ունի հավասարազոր եւ մրցունակ զինտեխնիկա։ «Սպառազինության մեջ հավասարության նշան դնել չի կարելի, ուղղակի մեր զինվորներն ավելի պատրաստված են, հմուտ, վարպետացած եւ ավելի մեծ հայրենիքի զգացողություն ունեն, իսկ նրանց մոտ այդ խնդիրը շատ բաց է, այսինքն՝ այս տարբերակում մենք այլ խնդիր ունենք՝ մենք վատ զենքով ավելի դիպուկ ենք կրակում, իրենք իրենց գերժամանակակից զենքերն ուղղակի կիրառել չեն կարողանում»։

Գագիկ Գինոսյանը ցանկանում է կոչ անել Սփյուռքի բոլոր հայերին, քանի որ կարծում է, որ եկել է Սասունցի Դավիթ էշելոնի ստեղծման ժամանակը։ «Համաշխարհային պատերազմի ժամանակ Սփյուռքը գումար հավաքեց եւ մի ամբողջ տանկային էշելոն նվիրեց Խորհրդային Միությանը, որպեսզի պատերազմը հաղթեն։ Այսօր, կարծում եմ, Սփյուռքը պետք է հավաքվի եւ նոր տեխնոլոգիաների, գիտական զարգացումերի, նոր սպառազինության տեսանկյունից մեզ թիկունք դառնա, որպեսզի մենք կարողանանք այս պատերազմը շարունակել եւ հաղթող դուրս գալ, որովհետեւ նրանց թուրքերն են օգնում, ռուսները՝ զենքով, իսկ մենք մնում է ապավինենք սեփական բազկին, հանճարին, համախմբմանն ու կազմակերպվածությանը եւ ամեն ինչ Հայաստանում տեղափոխել ռազմական ռելսերի վրա, սկսած տնտեսությունից մինչեւ մշակույթ, ինչպես ռուսներն ասում են՝ «все для фронта, все для победы»։ Այդ հոգեվիճակով էլ պետք է ապրել»։ Ըստ Գինոսյանի, եթե սպառազինության առումով թերացել ենք, փառք Աստծո, ոգեղենության եւ խանդավառության խնդիր չունենք ու առավել քան պատրաստակամ ենք հանուն մեր հայրենիքի։

Աղբիւր` http://hraparak.am/?p=107482&l=am/