«Հայու տեսակ» հաղորդաշար․ ինչպես Վալերիան դարձավ հայ. վերադարձող հայի տեսակը – 14․01․2016


_ Բարև ձեզ, սիրելի ռադիոլսողներ և ռադիոդիտողներ: Եթերում «Հայու տեսակ» հաղորդաշարն է: Իմ հաղորդաշարի և «Լրատվական ռադիոյի» կողմից շնորհավորում եմ բոլորի Ամանորը: Շնորհավորում եմ հայ ժողովրդին նոր տարվա, նոր սպասելիքների, նոր ձեռքբերումների համար և վստահ եմ, որ այս տարին շատ հարցերում պետք է շրջադարձային լինի՝ իհարկե, ոչ միայն սպասելիքներով, այլև կատարված առաքելություններով: Վստահ եմ, որ այս տարին տարբերվելու է մյուս տարիներից, որովհետև մենք, կարծես թե, նախադրյալները ստեղծել ենք և ձեռնարկել ենք նախապատրաստական բոլոր միջոցները, որպեսզի այս տարին լինի նոր տեսակի, նոր հայու վերածնունդը: Եթե միացնենք իրար Գարեգին Նժդեհի և մերօրյա հերոս Մովսես Գորգիսյանի մտքերը, կեցցե այն հայը, որ վաղն է գալու: Եվ վստահ եմ, որ այս տարին լինելու է իրական հայու տեսակի, ազնվական հայի, այն հայի, որը գալու է իր երկրին, իր ճակատագրին տեր կանգնելու, կամք ունենալու՝ իր ճակատագիրն ինքը որոշելու, և այն եռաստիճան անցումը, զարգացումը, որ պետք է լինի նախ և առաջ ինքնաճանաչ, ապա դառնա ինքնահարգ, և, միանշանակ, ինքնահարգ հայը չի կարող չդառնալ ինքնիշխան: Այս հայի համար պիտի որ ամբողջ տարին ծառայի այդ նպատակին: Եվ դա սկսվում է այսօրվանից՝ ամեն օր, ամեն առավոտ, ամեն զարթնելուց, և մենք պետք է ամեն օր զարթնելուց հասկանանք, որ մենք պարտավոր ենք լինել այն զինվորի կողքին, որը խրամատում է, ով պահպանում է մեր հայրենիքն ու մեր խաղաղությունը, ով ամեն օր կերտում է ոչ թե ընդամենը խաղաղություն, այլ պատվով վաստակված խաղաղություն, հաղթանակով կերտված խաղաղություն: Եվ ամեն օր հայը հաղթում է սահմանին՝ թույլ չտալով որևէ կերպ ոտնձգություններ կատարել իր հանդեպ: Եվ մենք ոչ միայն հոգեբանորեն, ոչ միայն մեր հոգևոր սատարումով, այլև մեր գաղափարական և, ինչո՞ւ ոչ, նաև մշակութային, գիտական և այլ տեսանկյուններից պետք է լինենք մեր զինվորի կողքին, պետք է լինենք ավելի քան հայ և վստահ լինենք, որ սահմանին կանգնած հայ մարդը, հայ զինվորը վստահ է, որ ինքը պաշտպանում է ոչ թե հոգևոր անապատ, այլ իր ոգեղեն հայրենիքը: Շնորհավոր Նոր տարի, իմ սիրելի հայ ժողովուրդ, իմ սիրելի հայ զինվոր, հայ գիտնական, հայ երիտասարդ, հայ մտավորական, և ինչո՞ւ ոչ, նաև հայ իշխանավոր. միգուցե, այս տարի վերջապես հայ լինենք:

Այսօր «Լրատվական ռադիոյի» եթերում կրկին պատիվ ունեմ հյուրընկալելու ինձ համար արդեն հարազատ դարձած, իմ լավ բարեկամ Վալերիա Կասպարովային, ով, ի ուրախություն մեզ, Ամանորը դիմավորեց մեզ հետ, եկավ Հայաստան, վերադարձավ կրկին իր արմատներին: Եվ հիշեցնեմ, որ մենք 1 տարի առաջ նույնպես եթերում հյուրընկալել ենք Վալերիային՝ մի մարդ, որն ինձ համար դարձավ խորհրդանիշը «դարձ արմատիս» գաղափարախոսության, այսինքն՝ վերադարձ արմատներին, մի մարդ, որը իր գենետիկ արյան խառնուրդով կիսով չափ է հայ, բայց վստահ եմ, որ մեր մեջ եղած շատ-շատ մաքուր, զտարյուն հայերից ավելի ոգեղեն, ավելի նվիրյալ, ավելի գաղափարական և ավելի մշակութային հայի է վերածվել:
Ողջույն, Վալերիա:
_ Բարև Ձեզ:
_ Ես հիշում եմ, որ նախորդ տարվա մեր հանդիպումը շատ փոքր չափով էր հայերեն և մեծ մասամբ՝ ռուսերեն, որովհետև դու նոր էիր սկսել ուսումնասիրել հայոց լեզուն՝ քո մայրենի լեզուն: Եվ հիմա հուսով եմ, որ մենք այլևս ոչ մի ռուսերեն բառ չենք օգտագործի, և եթե բացառություններ կլինեն, ապա դա կսրբագրենք, և վստահ եմ, որ հաջորդ Ամանորին մենք կխոսենք մաքուր, գրական, ոսկեղենիկ մաշտոցյան հայերենով: Ինչպե՞ս ես:
_ Շատ լավ եմ, շնորհակալ եմ: Այո, նախորդ տարի ես մի քիչ վատ էի խոսում հայերեն, հիմա էլ եմ վատ խոսում, բայց երբ ես այստեղ եմ, խոսքս մի քիչ բացվում է, և հիմա մի քանի խոսք կարող եմ ասել, կարող եմ մտքերս բացատրել. դա ավելի լավ է: Ես շատ ուրախ եմ, որ իմ կարողանում եմ հիմա իմ մայրենի լեզվով ազատ խոսել, ոչ շատ ազատ, բայց կարողանում եմ:
_ Տարեմուտին դու անակնկալ կերպով եկար Հայաստան, և ինձ հաճախ հուզում են քո խոսքերը, որ դու ոչ թե ասում ես, որ պիտի գաս Հայաստան ապրելու, այլ ասում ես՝ պիտի վերադառնամ: Ծնված լինելով Հայաստանում, երբևէ մի ամիս անգամ ապրած չլինելով Հայաստանում, դու ասում ես՝ վերադառնամ իմ հայրենիք ապրելու: Ես կուզեի՝ քո ողջույնի խոսքը հղեիր հայ ժողովրդին՝ գալիք ամբողջ տարվա համար: Դա կարող է տարբեր գեղարվեստական ձևեր ունենալ՝ երգի տեսքով, ասմունքի տեսքով. ինչպես կուզեք՝ ողջունեք և Ձեր մաղթանքները հղեք մեր ժողովրդին:
_ Ես ուղղակի ուզում եմ ասել, որ նորից եմ կարդացել (չեմ հիշում՝ որտեղ), որ հայրենիքը ոչ թե այն տեղն է, թե որտեղ ես ծնվել, այլ այն տեղն է, որտեղից դու չես ուզում փախչել: Եվ երբ ես ամենաառաջին անգամ եկել եմ Հայաստան, երբ 12 տարեկան էի, ես գիտեի, որ ես կիսով չափ հայ եմ, բայց դա ինձ համար ոչ մի նշանակություն չուներ: Բայց հետո, երբ արդեն 18 տարեկան հասակում եկա, իմ մեջ ինչ-որ բան փոխվել էր, ես Հայաստանին ուրիշ աչքերով էի նայում: Ես միշտ շատ շփոթված էի, որովհետև երբ ես հայտնվում էի ինչ-որ հայկական միջավայրում, ես զգում էի, որ ես ռուս եմ, երբ ես հայտնվում էի ռուսների միջավայրում, ես զգում էի, որ հայ եմ. շփոթված էի: Եվ երբ ես եկել եմ այստեղ, այդ միտքն է այցելել ինձ, որ ես, այնուամենայնիվ, հայ եմ: Եվ այն պահից ի վեր, երբ ես դա հասկացա, իմ կյանքը դարձել է ավելի ուրախ, ավելի երջանիկ, ավելի վստահ, որովհետև շատ դժվար է ապրել, երբ դու չգիտես, թե ով ես: Եվ, անկեղծ ասած, ոչ միայն Հայաստանի տեսակն ինձ այդքան ոգեշնչեց, ես ավելի շատ ոգեշնչվեցի, ինչպես նախորդ անգամ պատմել եմ, երբ ես առաջին անգամ տեսա մեր հայկական ազգագրական պարերը՝ Ձեր խմբի պարերը, և ես արտասվել եմ հրապարակի վրա՝ ուրախության արցունքներով, որովհետև ես հասկացա՝ ինչ գանձ ունի մեր ազգը:
_ Մեր հոգևոր գանձարանը հառնեց քո առջև, և ասեմ, որ դա ուղիղ 2 տարի առաջ էր՝ 2014թ. հունվարի 6-ին, Հրապարակում՝ տոնածառի մոտ կատարվող տոնական միջոցառումը՝ նվիրված Սուրբ ծննդյան տոներին: Եվ մենք առաջին անգամ այնտեղ հանդիպեցինք:
_ Այո, ճիշտ է: Եվ այդ պահից ի վեր ես այլևս նույն մարդը չեմ, իմ կյանքում ամեն ինչ փոխվեց, և ես շատ շնորհակալ եմ դրա համար:
_ Դու չես փոշմանել, որ ինչ-որ բան փոխվել է քո կյանքում: Քո կյանքը նաև ինձ համար ակնհայտ շրջադարձ է ապրել, և դու փոխել ես քո մտածելակերպը, քո կենսակերպը, դու ուրիշ կերպ ես մտածում: Ես եկա Պետերբուրգ և տեսա, որ անգամ քո ընկերուհիները, որոնք բացարձակ ոչ մի հայկական բան չունեն և ռուսներ են, քեզ արդեն բարևում են հայերեն, գուցե նաև հայերեն են խոսում:
_ Այո, ճիշտ է:
_ Միգուցե, քո՞ ընկերուհիներն են փոշմանել, որ կորցրել են քեզ՝ որպես ռուս, կամ միգուցե, դո՞ւ ես ափսոսում, որ քո կյանքում այդ շրջադարձը կատարվել է. ի՞նչ է կատարվում քեզ հետ:
_ Հիմա ես մեծ քայլերով գնում եմ առաջ: Ցանկացած բան անելիս՝ տարբերություն չկա՝ պարում եմ ժամանակից պարեր, թե հայկական ազգագրական, թե մեկ այլ բան եմ անում, ես մեծ քայլերով գնում եմ առաջ: Եվ ես կարծում եմ, որ իմ ներքին փոփոխությամբ կապված եմ, որովհետև ես ավելի վստահ եմ՝ ինչ եմ անում, ինչի համար եմ անում: Եվ հիմա ես գիտեմ, որ երբ ինչ-որ քայլ եմ անում, ամեն ինչ ծառայեցնում եմ իմ՝ վերադառնալու նպատակին, ես հաստատ գիտեմ, եթե նույնիսկ Հայաստանը կապ չունի իմ աշխատանքի կամ առօրյայի հետ, ես գիտեմ, որ դա է ուղիղ ճանապարհը իմ վերադարձի համար:
_ Ես վստահ եմ, որ իմ խոսքերն ամպագորգոռ չեն հնչի: Իհարկե, մշակութային և ստեղծագործական առումով բոլորս էլ շատ անելիքներ ունենք: Քո երիտասարդ տարիքում դեռ շատ բացահայտումներ պետք է անես՝ ազգային մշակույթը, ազգային ինքնությունը բացահայտելու, գիտակցելու այդ ճանապարհին: Բայց պետք է ասեմ, որ մեր ազգը, մեր մշակույթը նաև քեզ նմանների կարիքն ունի՝ մարդկանց, ովքեր կարող են ինքնամոռաց նվիրվել: Մի քիչ պատկերավոր ասեմ՝ գիշերվա ժամը 3:30, 4:00, լուսադեմին, ստիպել ինչ-որ մեկին, որ նա իրեն տառ սովորեցնի, որովհետև ժամանակը քիչ է, փորձել եղած ժամանակը լավագույնս օգտագործել, մեկ պար, մեկ պարաքայլ ավել իմանալ. ինձ համար շատ կարևոր ցուցանիշ է: Կարող էի ասել, որ հոգնած եմ, քնել եմ ուզում, բայց դրա իրավունքը չունեմ, քանի դեռ մարդու մեջ այդ կրակը կա, և մարդը ուզում է անպայման նոր մշակութային շերտի տիրապետել, նոր եզր բացահայտել իր համար: Եվ պիտի ասեմ, որ մեզ համար փորձառությունը մեծ է քո շնորհիվ, որովհետև հայ ժողովուրդը, ցավոք սրտի, մեծամասամբ սփյուռք է. եթե մենք հաշվենք, որ գրեթե 10 մլն. հայ կա աշխարհի երեսին (գոնե այն հայերը, ովքեր գիտակցում են, որ հայ են, որովհետև տարբեր հաշվարկներով ներկայիս Թուրքիայի տարածքում 2-4 մլն. ծպտյալ հայեր կան, որոնք շատ դեպքերում չեն էլ գիտակցում, որ հայ են), դրանցից 7 միլիոնից ավելին ապրում են, ցավոք սրտի, սփյուռքում՝ ՀՀ-ից դուրս: Անգամ Արցախը ներառյալ, մենք այսօր պետք է ընդունենք այն ճշմարտությունը, որ մենք այսօր չունենք 3 մլն. հայ, որոնք մշտապես Հայաստանում են ապրում: Ձեր փորձառությունը շատ կարևոր է, որպեսզի հասկանանք՝ ինչպես դարձի բերել: Վերադարձի ճամփան, միգուցե, մշակութային պետք է լինի, այսինքն՝ մարդը, որը մշակութապես կգիտակցի իր հայ լինելը, մշակութապես կվերապրի երջանկությունը, ինչպես դու ասացիր, հայ լինելու, հայ մշակութային, հոգևոր գանձը բացահայտելու համար: Ինձ համար շատ կարևոր է, որ դու սկսել ես նաև հայերեն երգել, ոչ միայն «հայերեն» պարել, և ես կուզենայի նաև զգալ ոչ միայն քո ձայնային որակը, ոչ միայն քո բառերի, հնչյունների մաքրությունը՝ հայերենի առումով, այլև քո հոգևոր ապրումները: Եվ պետք է ասեմ, որ շատ կուզենայի, պիտի Ձեզ խնդրեմ, որ ոչ միայն ես, այլև մեր ռադիոլսողները և ռադիոդիտողները նույնպես մասնակից լինեին այն հոգևոր ապրումներին, որոնք տեղի են ունենում քո ներաշխարհում, և դու, թեկուզ ոչ ճշգրիտ հայերենով, ոչ ճշգրիտ ելևէջներով, բայց հոգեպես ավելի քան հայացած փորձում ես ձուլվել այն մշակույթին, այն հոգևոր աշխարհին, որ կոչվում է հայ աշխարհ:
_ Մինչև սկսելը ուզում եմ ասել, որ մի անգամ ես եկել եմ այստեղ և հանդիպել եմ ինչ-որ մարդու և ասել, որ ուզում եմ երգել հայկական երգեր: Ասում է՝ դե մի հատ ցույց տուր: Ցույց տվեցի, ասում է՝ ոչ, ճիշտ չես երգում, օպերայի նման ես երգում, ես փոխում եմ ձայնս, ասում է՝ չէ, հարցնում եմ՝ ինչո՞ւ, ասում է՝ որովհետև դու հիմա ավելի շատ էստրադայի նման ես երգում, հարցնում եմ՝ իսկ ինչպե՞ս պետք է երգեմ: Եվ հետո ես ինձ համար մի պատկեր հորինեցի, որ օրինակ՝ մեր հոգին այստեղ է՝ կրծքի մեջ, և երբ դու երգում ես, քո հոգին միանգամից դուրս է գալիս, դու ցուցադրում ես քո հոգին, երբ երգում ես: Այդ պատճառով հիմա ես մեծ հաճույքով Ձեզ և մեր ռադիոլսողների համար կերգեմ: Ես նոր եմ լսել Կոմիտասի «Ծիրանի ծառ» երգը:
_ Ամենահրաշալի և ամենահանճարեղ երգերից մեկը: Իրականում կարծում եմ, որ քո չվերադառնալը Հայաստան արդեն իսկ հանցագործություն է մեր մշակույթի նկատմամբ, որովհետև ոչ միայն քո երգն էր կոմիտասյան, այլև ապրումները և ձայնի որակը: Այն մաքրությունը և դողքը, որ կա քո ձայնի մեջ, ակամայից հիշեցնում են Կոմիտասի ձայնը: Եվ պիտի ասեմ, որ, միգուցե, դու նաև, դեռ չվերադարձած, շատ հայերի դարձի բերես: Ես կուզենայի, որ քո տեսակը շարունակի գիտակցել իր՝ հայկական առանցք ունենալու փաստը. մեր հոգին ունի առանցք, ինչի շուրջ հավաքվում է ամեն ինչ: Եվ եթե մենք գիտակցում ենք արմատների և ցողունի, այդ առանցքի կարևորությունը և հասկանում ենք, որ բոլոր այդ սաղարթներն ամրացված են այդ ցողունի վրա, ապա պիտի գիտակցենք, որ ինչ էլ որ անենք տարբեր ճյուղերով, ծառայում է մեկ համընդհանուր գաղափարի՝ դա լինի ժամանակակից պար, ազգագրական պար, երգ, ինչո՞ւ ոչ, նաև էստրադա. Արտեմ Այվազյան ունեինք, որը կարելի է ասել, որ հայկական ջազի հիմքը դնողներից մեկն էր, բայց որևէ մեկը չէր կարող ասել, որ այդ ջազը հայերեն չէ: Մենք կարող ենք բազմաթիվ տարբեր մոտեցումներ ցույց տալ, ասել, որ հայկականությունը շարունակվում էր, այսինքն՝ հիմքը հենց ազգայինն էր՝ հայկական մշակույթը, հայկական հզոր հոգևոր հարստությունը, գանձը և դրա շուրջ ձևավորվողը նոր ինչ-որ ջազային մեկնություն էր ստանում և ոչ թե հակառակը, ինչպես հաճախ մենք տեսնում ենք մեր մշակութային ձևակերպումներում՝ արտաքինից արհեստականորեն փակցված ազգային 1-2 նշան, և դա ազգային անվանել: Վստահ եմ, որ եթե մեր իրականությունը լինի այնպիսին, որ եթե յուրաքանչյուր ստեղծագործության (ջազ, ռոք, ժամանակակից պար, թեկուզ բալետ՝ դասական պարարվեստ) հիմքում առանցքայինը լինի ազգայինը, ապա մենք կունենանք ինքնատիպ մի նոր երևույթ, որն աշխարհին ներկայանալի կլինի, իսկ մենք փորձում ենք աշխարհինը կապկելով ներկայանալ նրանց և նրանց արածի վատ տարատեսակով մենք նրանց համար ընկալելի չենք լինում:
Ես կուզեի նաև Ձեր տեսակետն իմանալ. Դուք երգում եք, Դուք պարի մասնագետ եք և սկսել եք արդեն երգել: Եվ Կոմիտասի այն պնդումը, որ հիմնականում հայկական պարերն ուղեկցվել են նույն պարողների երգեցողությամբ, Ձեզ մոտ նման զգացողություն առաջացե՞լ է, որ պարերը շատ ներդաշնակ են հայկական երգերի հետ, թե՞, այնուամենայնիվ, դրանք առանձին երևույթներ են և պետք է առանձին կաղապարներում տեսնել: Կներեք, որ այդպես եմ ասում, չնայած, որ Դուք վաղուց արդեն դրսից չեք նայում հայոց մշակույթին, այլ ներսում եք ապրում, այնուամենայնիվ, դեռևս 1-2 տարի առաջ Ձեր հայացքը դեպի հայ մշակույթ դրսից էր: Հիմա արդեն, երբ Դուք ներսում եք, և շատ ժամանակ չի անցել դրսից և ներսից հայացքների միջև, ինչպիսի՞ն է Ձեր տեսլականը, ինչպե՞ս եք Դուք տեսնում՝ դա ընդհանո՞ւր մի բան է, թե՞ երգն ու պարը պետք է առանձին լինեն:
_ Ճիշտն ասած, իմ կարծիքով՝ կան մի քանի երգեր, հատկապես՝ Կոմիտասի ստեղծագործություններում, որն այնքան հզոր երաժշտություն է, որ դու ուղղակի ուզում ես նստել և լսել, ուզում ես խորտակվել երաժշտության մեջ: Եվ մի քանի նման երգեր կան: Ես չեմ կարող ասել, որ երաժշտությունն ու պարը պիտի առանձին լինեն իրարից: Օրինակ՝ երբ ես ինչ-որ մի նոր, ժամանակակից պար եմ փորձում, սկզբից ես երաժշտությունն եմ գտնում, շատ եմ լսում այդ երաժշտությունը, հասկանում եմ՝ ինչ եմ զգում, ինչ եմ ուզում պատմեմ, ինչ եմ ուզում ասեմ բեմից, եթե ունեմ որևէ բան ասելու: Եվ այդ ժամանակ երաժշտությունն ինձ համար ամենակարևորն է: Բայց երբեմն պատահում է այդպես, որ ես չեմ ուզում նույնիսկ շարժվել, այլ ուղղակի ուզում եմ վայելել երաժշտությունը:
_ Իհարկե, կան նմուշներ, պարեր, որոնց ընթացքում ոչ մի դեպքում չես ուզում բերանդ բացել և երգել, այլ ուզում ես հոգով և մարմնով ամբողջովին ներդաշնակվել երաժշտության և ռիթմի հետ: Եվ կան, իհարկե, երգեր, որտեղ դու ուզում ես ուղղակի վայելել, տիեզերական ինչ-որ զգացողություններ են առաջանում, բայց դրանք եզակի նմուշներ են և պարարվեստում, և երգարվեստում: Հայկական մշակույթի գերակշիռ մասը երկուսի զուգադրումն է՝ պարի և երգի ներդաշնակ զուգադրումը, երբ որ հայ մարդը իր պարին իր երգեցողությամբ էր նվագակցում: Իհարկե, մենք ունենք նաև երգեր, որոնք ռիթմիկ շատ հստակ պատկերներ ունեն, և դրա տակ պարելը շատ ավելի դյուրին և զգացողության առումով ավելի լիարժեք է, երբ դու ինքդ երգում ես՝ այդ պարի և շարժման վերապրումը՝ և՛ երգային, և՛ ելևէջային, և՛ բառերի, որովհետև մենք նաև էպիկական երգեցողությամբ բառեր ենք ունեցել, այսինքն՝ մենք պատմել ենք ինչ-որ հերոսի մահվան տեսարան, և դրան համապատասխան պարաքայլ ենք արել: Եվ այդ դեպքում հանդիսատեսի և կատարողի համար վերապրումը լիարժեք է լինում: Այս տեսանկյունից ինձ հետաքրքիր է Ձեր կարծիքը. առավել ներդաշնակ է, երբ և՛ լսողական, և՛ տեսողական, և՛ շարժողական ամբողջ մեկ համակարգ է դառնում, դառնում է կատարելապես ներդաշնակված:
_ Հայ ազգագրական մի քանի պար սովորել եմ:
_ Ես կասեի՝ արդեն մի քանի տասնյակ:
_ Դա կարևոր չէ: Ուզում եմ ասել, որ երբ դու պարում ես, շարժվում ես… Մենք 5 զգայարան ունենք, այնպես չէ՞՝ տեսողական, լսողական, շոշափելիքի, հոտառական և համի: Ես միշտ իմ աշակերտներին ասում եմ, որ մենք ուղղակի չենք պարում, և միշտ մի մեջբերում եմ անում Ձեզանից. «Մենք ուղղակի պար չենք սովորեցնում՝ մենք հայ մարդուն վերադարձնում ենք հայ լինելու հպարտությունը»: Եվ դա հիմա իմ կարգախոսն է: Եվ երբ ես իմ աշակերտների հետ եմ աշխատում, ասում եմ՝ պատկերացրեք՝ մենք հիմա Արարատի փեշերին ենք, հետո ասում եմ՝ դուք նոր եք դուրս եկել ձեր տնից, դուք հենց նոր եք հայկական ինչ-որ բան կերել, ուրեմն զգում եք հայկական համը: Ես չեմ կարող դա բացատրել, չգիտեմ՝ Դուք հասկանում եք արդյոք, թե ես ինչ եմ ուզում ասել՝ սովորական բան էր, բայց հայկական էր դա:
_ Ես շատ լավ հասկանում եմ. բոլորի զգացողությունն այլ է:
_ Այո: Եվ երբ արդեն մենք միասին ենք պարում, սկսում է գործել մեր շոշափելիքի զգայարանը, երբ երաժշտություն ենք երգում և երգում ենք՝ լսողականը: Եվ երբ տեսնում ենք, թե որտեղ ենք, ում հետ ենք պարում: Եվ միայն պարի մեջ բոլոր զգայարաններն աշխատում են, և այդ ժամանակ իմ կարծիքով պարը բացվում է: Ես շատ եմ սիրում այնպես աշխատել, որ մարդիկ չգան ուղղակի պար սովորելու. նրանք պիտի հասկանան և ամենակարևորը՝ վերապրեն դա, որովեհետև առանց հոգու պար չկա: Կարող ես անել՝ ինչ ուզում ես, պարել՝ ինչ ուզում ես, ոտքդ շատ վերև բարձրացնել, բայց եթե հոգի չկա, պար չկա, հանդիսատեսը ոչինչ չի զգա, և ոչ միայն հանդիսատեսը, այլև մենք, երբ պարում ենք:
_ Հենց հոգին է, որ տարբերում է պարը ռիթմիկ մարմնամարզությունից:
_ Այո: Ճիշտ է:
_ Եթե չկա հոգի, դա վերածվում է գուցե շատ ավելի գեղեցիկ, բայց ռիթմիկ մարմնամարզության, գուցե շատ ավելի կատարյալ, քան քո պարն էր, բայց հենց դրան ներդաշնակվում է հոգին, թեկուզ ֆիզիկական ավելի տկար շարժումներով, բայց դա ներդաշնակ կերպով վերածվում է մշակույթի, ոչ թե մարմնամարզության:
_ Այո, շատ ճիշտ է: Ես ուղղակի նոր եմ հիշում՝ դուք խոսում էիք սփյուռքի մասին, և այնպես ստացվեց, որ ես այս տարի այցելել եմ ռուսական մի քանի քաղաք՝ Սամարա, Իվանովա և Կալուգա: Եվ եթե հիշում եք, Սամարա գնալիս ես զանգել եմ Ձեզ, որպեսզի հարցնեմ՝ կարելի՞ է գնալ այնտեղ և սովորեցնել հայկական ազգագրական պարեր: Ես այնտեղ գնացել եմ ժամանակակից պարերի գործերով, բայց ընդհանրապես, երբ ես ինչ-որ տեղ եմ գնում, իմ ամենաառաջին գործն է՝ գտնել հայկական համայնք, հայկական պարի խումբ և խոսել նրանց հետ: Եվ ես նկատել եմ մի բան, ինչը շատ կարևոր է ինձ համար՝ ես ես միշտ մտածել եմ, թե ինչ օգուտ կտա ինձ հայերեն սովորելը, պարում եմ, դա կարելի է, և այլն: Բայց հետո, երբ ես առաջին անգամ գնացի Սամարա, ես հասկացա՝ որն է իմ առաքելությունը. այնտեղ տարբեր տարիքի երեխաներ կային, մեծահասակներն էլ էին այնտեղ: Եվ ես մտնում եմ դասասենյակ և սկսում եմ հայերեն խոսել: Ինձ այնպես զարմացած են նայում՝ այս ո՞վ է, ի՞նչ է անում, հայերե՞ն է խոսում, հա՞յ է ընդհանրապես: Եվ ես սկսում եմ պատմել մեր պարերի մասին՝ ոչ թե շարժումները, այլ թե ինչի համար եմ ես այնտեղ գնացել: Ես կյանքում երբեք նման բան չէի տեսել՝ երեխաներն այնքան լուռ էին, բացարձակապես ոչ մի խոսք չեն ասել, բաց աչքերով ինձ են լսել, բայց դրսում իրենց ծնողների հետ շատ բարձր խոսում էին: Դա ամենաառաջին անգամն էր իմ կյանքում, երբ երեխաները դուրս են գնացել և խնդրել իրենց ծնողներին լռել, որպեսզի իրենք լսեն: Ես զարմացած կանգնած էի, իսկ նրանք լուսանկարչական ապարատներով, հեռախոսներով, ձայնագրիչներով և նոթատետրերում արձանագրում էին իմ ասածները: Ես այնքան զարմացած էի, որ չէի հասկանում՝ ինչու: Ինձ համար շատ թանկ է, երբ ես տեսնում եմ այդ փոփոխությունը նրա աչքերի մեջ:
_ Միգուցե փոփոխությունը պիտի սկսի լինել: Հենց այնպես, երբ դու կանգնեցիր նրա դիմաց, այդ փոփոխությունը չէր կարող լինել. ինչի՞ց է դա:
_ Ասում եմ, որ սկսվում է՝ կրակ եմ տեսնում. մտել են, պարում են ոչ թե հետաքրքրության համար, և ես տեսնում եմ, որ ուզում են, ասում են՝ էլի պատմեք մեզ, էլի պատմեք: Եվ հետո ես հասկացա, որ իմ ամենակարևոր ձեռքբերումն է, որ ես կարող եմ ցույց տալ, ես կարող եմ ապացուցել, որ ամեն ինչ հնարավոր է՝ կարևորը ցանկությունն է: Օրինակ՝ ես մինչև 18 տարեկան ապրել եմ առանց իմ մայրենի լեզվի, առանց իմանալու՝ ես ով եմ: 18 տարեկանում ամեն ինչ փոխվել է, և ես եմ փոխվել: Ինձ հետ մի քանի բան պատահեց, որոնց մասին ես արդեն պատմեցի, թե ում օգնությամբ այդ ամենը եղավ, բայց հետո ես կարող էի ուղղակի հիանալ հայրենիքով, բայց ոչ, դա բավական չէ, պետք է առաջ գնալ և ամեն ինչ անել, որպեսզի քո հայրենիքը երջանիկ ապրի: Եվ ես հասկացա, որ օրինակ՝ երբ դու ասում ես մի ծխի, բայց ծխում ես, նույն բանն է, որ դու պետք է սիրես քո մայրենի լեզուն, իմանաս, և այլն, բայց օրինակ՝ ես չգիտեմ: Բայց երբ որ դու ցույց ես տալիս, որ տենց է պետք, և ես ոչ թե ընդամենը ձեզ պատմում եմ, որ այդպես է պետք, այլև ես այդպես եմ արել և ես գիտեմ, որ այդպես ճիշտ է, որ Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:
_ Ինքնաճանաչումն ու ինքնակատարելագործումը չեն կարող սահման ունենալ, այնպես որ ինքնաճանաչումը վստահ եմ՝ շատ երկար և բարդ ճանապարհ է, և ինչքան հեշտ են սկզբնական քայլերն ու ձեռքբերումները, այնքան ավելի դժվար է հետագայում, որովհետև երբ որ արդեն բավաանին ինքնաճանաչ ես դառնում, ևս մի փոքր ավելի ինքնաճանաչ լինելը շատ ավելի դժվարանում է, բայց հավատացնում եմ՝ նույնիսկ փոքր ձեռքբերումն ավելի բարձր աստիճանի վրա շատ ավելի կարևոր և շատ ավելի լուրջ փոփոխություն է յուրաքանչյուրիս կյանքում: Ես պիտի ասեմ, որ շատերն են փորձել և դու ինքդ էլ ճանաչում ես, որ սփյուռքում, այդ թվում՝ Ռուսաստանի հայկական համայնքներում բավականին մեծ թվով պարուսույցներ կան, որոնք ուղղակի պարաքայլ են սովորեցնում, շարժում են սովորեցնում. թեկուզ ճիշտ շարժում, բայց, այնուամենայնիվ, գոնե ինձ համար դա դեռ մշակույթ չէ: Եվ հասկանում ես, որ բոլորին այդպես ակնապիշ և այդպես վառվռուն ու կրակոտ աչքերով չեն լսում: Եվ այս առիթով պիտի հիշեմ Նժդեհի բառերը. «Երբ խոսքդ սրբազնորեն բարձր ու վեհ առարկաների մասին է, խոսքիդ վրա և՛ սրտիդ, և՛ մտքիդ արյան հետքերը պետք է լինեն»: Այսինքն՝ դա պետք է այնքան խորքից գա, որ քո սրտի և մտքի արյունը բերի իր հետ այդ խոսքը, որպեսզի կարողանա փոխանցել լսողին: Եվ միայն դրանով կարելի է պայմանավորել, թե ինչու քո խոսքը կարող էր լսվել, իսկ ուրիշին ուղղակի ասվել՝ դե լավ, թող շուտ խոսքն ավարտի, շարժումները ցույց տա՝ մենք այդ պարը սովորենք: Իրականում ճիշտ պարի հիմքում նաև հոգևոր արժեքն է, հոգևոր աշխարհն է: Եվ եթե դու բառերով չես կարողանում հասցնել այդ ներաշխարհը, ինչ որ իրեն պետք է, նա շատ դժվար կկարողանա դա վերարտադրել որպես պար և որպես մշակույթ, այլ դա իրականում նորից կմնա շարժման մակարդակի վրա և ոչ թե կդառնա մշակույթ:
_ Ես նոր եմ հիշել. անցյալ ամառ ես եկել էի այստեղ՝ սփյուռքահայերի համար ամառային ինչ-որ դպրոց, և այնտեղ մի մարդ կար, որին մենք ճանաչում ենք, բայց անունը չեմ ասի, որը եկել էր մեզ մոտ դասախոսության և ասաց, որ մեր ազգագրական պարերը շատ լավն են, բայց մենք պետք է առաջ գնանք, մենք պետք է դեկորացիա անենք, կոստյում հագնենք, և այլն, և այլն, մի խոսքով՝ պետք է խորեոգրաֆիկ ինչ-որ բան անել: Ես այդ ժամանակ մի քիչ փոքր էի և հայերեն չէի խոսում՝ երկու տարի առաջ, բայց ես շատ զզվել եմ նրա խոսքերից: Ես էլ ժամանակակից պարուհի եմ, շատ բաներ փոխվում են, և ես էլ առաջ եմ գնում, բայց ինչո՞ւ եմ ես սիրում ազգագրական պարերը. որովհետև հոգի կա. ես նորից եմ ասում՝ առանց հոգի պար չկա: Եվ ես սկսեցի նրա հետ կռվել. մի փոքր աղջիկ նստած բարկանում է, թարգմանչուհին թարգմանում է իմ ասածը, նա նույնիսկ ինձ նորմալ չի էլ նայում, հետո ասում է՝ դե լավ, ես հեսա ցույց կտամ՝ ես ինչ պրոֆեսիոնալ եմ. ոտքի է կանգնում, բոլորին կանչում է իր մոտ և ասում՝ ես ձեզ հիմա 5 պար կսովորեցնեմ: Եվ այդպես արագ-արագ 5 պար սովորեցնում է, իսկ հետո՞: Այդ ժամանակ նա ուղղակի ևս մեկ անգամ ապացուցեց, որ ճիշտ մոտեցում չի ցուցաբերում. ոչ թե շարժումներն են կարևոր: Եթե 5 րոպեում 5 պար ես սովորեցնում, այսինքն՝ 1 րոպեում 1 պար, իսկ հետո՞. ես հոգով ավելի հարո՞ւստ կլինեմ, երբ Դուք մեզ սովորեցնեք այդ 5 պարերը 5 րոպեում. ոչ: Ես սովորել եմ «Գյովնդ», «Վերվերի» պարերը, արդեն 3 տարի է, ինչ սովորում եմ և ես չեմ կարող ասել, որ ես գիտեմ այդ պարը՝ ոչ թե որովհետև շատ տարատեսակներ կան, այլ երբ մենք ամեն անգամ հանդիպում ենք, Դուք միշտ ինչ-որ դաս եք տալիս և սկսում եք «Գյովնդ»-ից ու «Վերվերի»-ից: Ես արդեն ամեն բառ հիշում եմ, ուղեղումս է, բայց ամեն անգամ, ամեն օր ինչ-որ ինձ համար մի նոր բան է բացվում: 3 տարի սովորում եմ «Գյովնդ», «Վերվերի» և չեմ կարող ասել, որ սովորել եմ:
_ Եթե այդ մարդը շարունակի նույն ձևով պարեր սովորեցնել, ապա ինձ կամ որևէ ցանկացած երեխայի չի կարող ապացուցել, որ ես պետք է գնամ պարեր սովորելու և ոչ թե աերոբիկայի, այսինքն՝ եթե պիտի ընդամենը շարժումներ սովորեմ, ես կգնամ աերոբիկայի տեղը և գուցե ավելի բարեկազմ մարմին ձեռք բերեմ, ավելի լուրջ խորհուրդներ կտան՝ ինչպես սլացիկ լինել, և այլն: Մի խոսքով՝ մոռանանք նրանց: Ցավոք սրտի, մեր ժամանակը մոտենում է ավարտին, բայց կուզենայի, որ կրկին քո հիասքանչ ձայնով ավարտեինք մեր հաղորդումը՝ մաղթելով մեր ժողովրդին բարի տարի՝ մշակութային ձեռքբերումների և իրականում ինքնաճանաչ լինելու տարի լինի, որովհետև ինքնաճանաչ մարդը չի կարող հանգիստ ապրել, ինքը պիտի վերածվի ինքնահարգ տեսակի, որովհետև իրականում հայ մարդը, որ իրեն լիարժեք ճանաչում է, չի կարող ինքնահարգ չլինել, և ինքնահարգ մարդը չի կարող ինքնիշխան չլինել: Եվ դրա համար կուզենայի, որ քո ինքնաճանաչությունը լինի նաև վարակիչ՝ թե ինչպես դարձար ինքնաճանաչ, քո հոգուց բխող երգը, որը պարուրված է նաև ամբողջովին կոմիտասյան հոգով և հայոց հոգեբանությամբ, և քո՝ հայ աշխարհից հեռու դեգերող հոգին վերջապես ստացել է այն ճիշտ պատվաստը, որն իրեն վերադարձրել է «ի շրջանս յուր»:
_ Ես ևս մի քանի խոսք եմ ուզում ասել՝ Գարեգին Նժդեհի մեջբերումներից. և քանի որ ես ռուսերեն եմ կարդացել, նորմալ չեմ կարող ասել: Այնտեղ գրված էր, որ դու պետք է ապրես քո հայրենիքի համար, և ոչ թե ուղղակի բոլորին կպատմես, որ դու հայ ես և հպարտ ես դրա համար, որովհետև պետք է հասկանաս՝ ինչու, պետք է…
_ Դու ռուսերեն ասա, ես կթարգմանեմ:
_ Ոչ, ուզում եմ հայերեն ասել: … Պետք է քո հայրենիքի համար ապրես, և դու քո ամբողջ կյանքը կարող ես մեծ գործեր անել քո հայրենիքի համար: Եվ այն ժամանակ, երբ դու գիտես, թե ինչ ես անում, ամեն ինչ հանուն հայրենիքի ես անում, քո ազգի համար ես անում: Եվ հայրենիքը ոչ թե քառակուսի կիլոմետրեր է, այլ հայրենիքն է: Եվ երևի թե քո այդ գործը քո մահանալուց 1 տարի հետո, 10 տարի հետո, 100 տարի հետո ինչ-որ փոքր ծիլ կտա, և այդ դեպքում արդեն կարող ես ասել, որ դու ապրել ես հայրենիքի համար և իզուր չես ապրել, որովհետև եթե նույնիսկ 1000 տարի հետո ձեր գործը մի փոքր ծիլ տա, ուրեմն լավ եք ապրել, ուրեմն հայ եք ապրել:
_ Շնորհակալություն:
_ Ձեզ էլ շնորհակալություն:
_ Եվ Ձեր երգը…
_ Ի՞նչ երգ. ես արդեն երգել եմ:
_ Ինձ թվում է՝ մեր ռադիոլսողն ու ռադիոդիտողը սիրեց Ձեր ձայնը:
_ Իսկ ի՞նչ երգեմ: Չգիտեմ:
_ Ինչ որ Ձեր սրտից է բխում:
_ Ճիշտն ասած՝ ես մեծացել եմ՝ Կոմիտասի երգերը լսելով, իմ ամենասիրած երգը «Կռունկն» է: Ճիշտն ասած՝ չեմ ուզում այդքան տխուր վերջացնել:
_ «Կռունկը» տխուր չէ, այն կարոտի երգ է, տարագիր հայի երգն է, որը մենք երբեմն երգում ենք ցեղասպանվածի հոգեբանությամբ, բայց երգենք ուղղակի որպես կարոտի երգ, տվյալ դեպքում այդպես ճիշտ կլինի, որովհետև դու կարոտում ես հայրենիքին, և թող կռունկը լինի այն նշանաբանը, որը բոլոր հայերին կվերադարձնի Հայաստան:
_ Այո: Բայց ես այդ երգի մասին իմացա՝ համացանցում մի հոլովակ գտնելով, որտեղ լացում էր մի տատիկ, և ես նրա ոչ մի խոսքը չէի հասկանում, որովհետև հայերեն չէի խոսում, և նա ցույց է տալիս մի քանի բարձրահարկ շենք և ասում, որ այնտեղ ընդհանրապես մարդ չկա, բոլորը գնացել են: Եվ այդ հոլովակում ժամանակ ես լսել եմ այդ երգը՝ «Կռունկ»: Չեք պատկերացնում՝ ես ինչպես եմ լացել այդ անարդարությունից: Եվ այդ ժամանակ ես որոշեցի, որ այդ երգն իմ կարգախոսն է:
_ Դու կլինես առաջին վերադարձողը այդ բարձրահարկեր, որ կռունկը լինի ոչ թե տարագիր հայի, այլ վերադարձող հայի խորհրդանիշը: Ռադիոդիտողներին և ռադիոլսողներին հիշեցնեմ, որ իմ հյուրը Սանկտ-Պետերբուրգի հայ մշակույթի ներկայացուցիչներից մեկը՝ Վալերա Գասպարովան էր:
Եվ ուզում եմ հավատալ, ինչ-որ տեղ նաև ներքին վստահություն կա, որ հայրենադարձության առաջին երամներից մեկի առաջին կռունկը կլինես դու, ով ոչ միայն ինքը կվերադառնա Հայաստան, այլև իր հետևից կբերի մի ամբողջ երամ, որոնք կվերադառնան և, ի վերջո, վերջ կդնեն արտագաղթին և սկիզբ կդնեն հայրենադարձությանը: Շնորհակալություն, որ հյուրընկալեցիք մեզ, մաղթում եմ Ձեզ մեծ ստեղծագործական ձեռքբերումներ, և որ այս տարին լինի ավելի ինքնաճանաչման և նոր ոգեղեն վերազարթոնքի տարի, ինչպես նաև ինքնակատարելագործման, ավելի հաճախ հայրենիքում լինելու, ինչը ի վերջո կհանգեցնի հայրենիքից երբևէ չբացակայելու գաղափարին: Վստահ եմ, որ այս տարվա նշանաբանը 3 բառով կարելի է խորհրդանշորեն ասել. հայ մարդու համար այս տարին պետք է լինի ոգու, գաղափարի և ինքնության համկցում, համազորակցում, համաներդաշնակում: Մաղթում եմ Ձեզ ազգային ոգի, ազգային գաղափար, և ազգային ինքնության կատարյալ տիրապետում, և բոլորիս մաղթում եմ հզոր տարի, որը վերջապես հայ երկիրը կդարձնի ինքնիշխան:
Շնորհակալություն, հարգելի ռադիոլսողներ և ռադիոդիտողներ: «Լրատվական ռադիոյի» եթերում կրկին «Հայու տեսակ» հաղորդաշարն էր, մեր հյուրն էր Վալերիա Կասպարովան՝ Պետերբուրգի հայ համայնքից: Բոլորին մաղթում ենք բարի տարի, և թող այն իրոք հայի տարի լինի՝ այն տարին, որը հայ մարդուն կվերադարձնի իր ազնվական տեսակը, իր ինքնաճանաչ, ինքնահարգ և ինքնիշխան տեսակը: Մնացեք բարյավ, բարին ընդ ձեզ:

Աղբյուր՝ http://lratvakan.am/?p=52180&l=am%2Finchpes+valerian+dardzav+hay+veradardzox+hayi+tesaky+